Forbes-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որը կազմել է Forbes ամսագիրը։ Անցած տարի այս ցուցակը գլխավորել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման։ Մերկելն արդեն ճանաչվել էր աշխարհի ամենաազդեցիկ կին 2006-2009 թվականներին։ Հիմա Գերմանիայի կանցլերը լուրջ դերակատարում ունի համաշխարհային տնտեսության գործում, զբաղվելով եվրոյի գոտու կայունացմամբ։



Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Ամսագիրը գնահատել է նրա գրագետ աշխատանքը Մերձավոր Արեւելքի հեղափոխությունների ժամանակ։ Երրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով պատմության մեջ է մտել որպես խոշոր լատինաամերիկյան պետության առաջին կին նախագահ։



Չորրորդ տեղում PepsiСo-ի նախագահ Ինդրա Նուին է, իսկ հնգյակը եզրափակել է Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը։ Վեցերորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան։ Հաջորդ հորիզոնականում է Հնդկաստանի կառավարող կուսակցության ղեկավար Սոնյա Գանդին, ապա գալիս են Միշել Օբաման, ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը եւ Kraft Foods-ի գործադիր տնօրեն Այրին Ռոզենֆելդը։



Ամենաերիտասարդը ցուցակում Լեդի Գագան է, ով զբաղեցրել է 11-դ տեղը, իսկ ամենատարեցը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը, ում ամսագիրը տվել է 49-րդ հորիզոնականը։