Սերգեյիչի դիմանկարը երկու լուրջ պաշտո՞ն արժե

Սերգեյիչի դիմանկարը երկու լուրջ պաշտո՞ն արժե
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշել է  ազատվել Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանից ու գործի է անցել՝ կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Դե, մեր երկրում հակառակորդին ոչնչացնելու ամենահեշտ ճանապարհը տվյալ կառույցում ստուգումներ անելն է: Հետո դրանց արդյունքները դրվում են Սերժ Սարգսյանի սեղանին, եւ վերջինս զայրանալով, պաշտոնաթողությանը «դաբրո» է տալիս: Դա է պատճառը, որ մոտ մեկ ամիս է, ինչ 6-րդ վարչությունը ստուգումներ է անում ՃՈ համակարգում: Երեկ մենք գրել էինք, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, իսկ ամենաաղմկոտը ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի կողմից բենզինի խոշոր չափի յուրացման բացահայտումն է:



Երեկ պաշտոնապես հաստատվեց մեր տեղեկատվությունը, եւ հայտնի դարձավ, որ Կարախանյանն ազատվել է աշխատանքից եւ գտնվում է ոստիկանության կադրային ռեզերվում: Հատուկ քննչական ծառայությունում նրա դեմ հարուցվելու է քրեական գործ: Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվել Ստեփան Կարախանյանի պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացումների փաստով»:



Խոսքը մոտ 58 մլն դրամ արժողությամբ բենզին յուրացնելու մասին է: Իսկ Կարախանյանը, ըստ լուրերի, Մարգար Օհանյանի մերձավորներից է: Օհանյանը դեռ արձակուրդում է եւ Հայաստանում չէ: Համակարգում խոսում են, որ ինչ-որ պահից Օհանյանի ինքնագործունեությունն ու ազատ պահվածքը սկսել էին դուր չգալ Սերգեյիչին, սակայն վերջին կաթիլը լրացրել է «նկարի պատմությունը»: Ասում են՝ Մարգար Օհանյանի եղբայրը, որը Նոր Նորքի ոստիկանության պետն է, օրերս իր մոտ հյուրընկալելով Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին, Ալիկ Սարգսյանի պորտրետն իր աշխատասենյակի պատից իջեցրել է՝ Նազարյանին հաճոյանալու համար:



Երբ այս պատմությունը հասել է Սարգսյանի ականջին, նա այնքան է բարկացել, որ նույնիսկ կոլեգիայի նիստում ինքնատիրապետումը կորցրել է ու մանրացել՝ նեղսրտելով, թե՝ ով ուզում, իր նկարը պատից հանում է եւ այլն: Նույնիսկ ակնարկել է, որ ինքը գիտի, թե ովքեր են իր դեմ դուրս եկել՝ նկատի ունենալով Մարգար Օհանյանին: Երեկ մենք զանգահարեցինք այս պատմության գլխավոր հերոսին՝ Մուշեղ Օհանյանին, որն ի տարբերություն եղբորը՝ Մարգար Օհանյանի, Հայաստանում էր եւ պատասխանեց մեր հարցերին: «Ազիզ ջան, էդձեւ բաներ մի ասեք, ըտենց բան չկա ու չի եղել: Չեմ կարող ասել, թե ով ա հորինել»,- ասաց Մուշեղ Օհանյանը:



Ապա հիշեց, որ ինքը գործող նախարարի օրոք առաջ է քաշվել ու բաժնի պետի տեղակալից դարձել ոստիկանապետ: «Իհարկե, ես նման բան չէի անի»,- հայտարարեց մեր զրուցակիցը: Մեր դիտարկմանը, թե Նազարյանի հետ ավելի՞ մտերիմ է, քան Սերգեյիչի, ասաց, որ բոլորի հետ աշխատանքային մտերմություն ունի: Իսկ աշխատասենյակում դեռ կախվա՞ծ է Ալիկ Սարգսյանի նկարը, պատասխանեց. «Հա, երբեւիցե ոչ մի բան, որ կախվում ա, չի հանվում»: Ասաց, որ նշված կոլեգիայի նիստին էլ ներկա չի եղել: Իսկ մանրամասներն իրեն չե՞ն հասել: «Հերյուրանքներ ամեն տեղ լինում են, բայց պետք չի, որ այն քննարկման թեմա դարձնել, այն էլ թերթերում»: Զրույցի մնացած մասը ներկայացնում ենք ամբողջությամբ.



- Ձեր եղբոր պաշտոնանկության մասին լուրերին ինչպե՞ս եք վերաբերվում:



- Դրան հումորով եմ վերաբերվում, պաշտոնանկություն եթե կատարվում է, միանգամից հրաման տալիս են, եթե չեն տալիս, ուրեմն պաշտոնանկության հարց չկա: Պաշտոնը տրված ա, մի օր էլ կարող ա ազատեն, եթե ոստիկանապետի  լավ աշխատանքին չարժանանանք:



- Բայց ոստիկանապե՞տն է նման որոշում կայացնում, թե՞ երկրի նախագահը:



- Երկրի նախագահը չի որոշում՝ ով ինչ պաշտոն զբաղեցնի, յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար որոշում է ով ինչ պաշտոն զբաղեցնի՝ ըստ մասնագիտությունների:



- Այսինքն, եղբայրներով շարունակելո՞ւ եք պաշտոնավարել:



- Աշխատելու ենք այնքան, ինչքան ուժ ու եռանդ ունենք՝ մեր պետությանն ու ժողովրդին ծառայելու համար: