Թումանյանը ձեռքի թեթեւ շարժումով դարձավ Թումո

Թումանյանը ձեռքի թեթեւ շարժումով դարձավ Թումո
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անվան շուրջ վերջին օրերին «Ֆեյսբուքում» թեժ քննարկումներ են ընթանում, ավելին՝  լրագրող, գրականագետ Գեւորգ Էմին Տերյանը պատրաստվում է դատի տալ կենտրոնին եւ պահանջել անվանափոխություն: Նրա կարծիքով՝ Թումանյանի անունը Թումո դարձնելը եւ որպես կենտրոնի անուն օգտագործելը վիրավորում է նորմալ հայ մարդու ազգային արժանապատվությունը.



«Հաստատ Վրաստանում Ռուսթավելին չեն սարքի Ռուսթո կամ Շեքսպիրին Անգլիայում չեն սարքի Շեկո, դեռ մի հատ էլ կենտրոն բացեն եւ բացահայտ ասեն, որ սա այս մարդու անվան կրճատ ձեւն է: Սա ինձ համար անընդունելի է»:



Ըստ նրա, մեր խոսակցականում շատ թաղամասերի անուններ կան, որոնք չի կարելի մտցնել կիրառության մեջ եւ Թումանյանի անունն էլ չէր կարելի կրճատել. «Սկզբում չէի հավատում, որ դա Թումանյանի անվան կրճատ տարբերակն է, գիտեի, թե ինչ-որ հապավում է»: Բայց կենտրոնից, «Թումո» անվան հետ կապված, նրան այսպիսի բացատրություն են տվել, թե քանի որ ժամանակին երեխաները Թումանյանի անվան այգուն ասել են Թումո, իրենք այդտեղից են վերցրել եւ ոչ թե «Թումանյան» ազգանունն են կրճատել: Այլ կերպ ասած՝ փորձ են արել քաղաքային ֆոլկլորին վերագրել այս ամենը:



Ըստ Գեւորգ Էմին Տերյանի, կա 2 ճանապարհ՝ խնդրագիր ուղարկել այդ մտահղացման հեղինակին, այսինքն սեփականատիրոջը, որպեսզի փոխի անունը, բայց մյուս կողմից էլ, այդ խնդրագիրը նա վիրավորական է համարում, որովհետեւ բավական չէ մարդը սխալ բան է արել, մի հատ էլ պետք է խնդրես, որ նա իր սխալն ուղղի: Ըստ նրա, քաղաքակիրթ ճանապարհը դատարանն է, որ մարդիկ հասկանան, թե ինչ խնդիր է սա:



«Եթե մենք լինեինք ձեւավորված ժողովուրդ, ես մի վայրկյան չէի կասկածի, որ մարդիկ իրենց երեխաներին չէին տանի այդ կենտրոն, որովհետեւ վրացին իր երեխային հենց միայն անվան համար չի տանի «Ռուսթո» կենտրոն, ինչքան էլ որ իրեն այնտեղ լավ բան սովորեցնեն, բայց քանի որ մենք դեռ չձեւավորված ժողովուրդ ենք, մեր արժանապատվությունը, արժեքները դեռ հստակ մակարդակի վրա չեն, ու շատ մարդիկ ընդունելի են համարում, որ Թումանյանին ասենք Թումո, բայց բաներ կան, որ արժանապատվության հարց են, ու չի կարելի մատների արանքով դրանց նայել»:



Ինչպես նշեց Գեւորգը՝ դատական գործընթացը դեռեւս սկսված չէ, այժմ նա փաստաբանների հետ խորհրդակցում է խնդրի իրավական ձեւակերպման շուրջ. «Ճիշտ է, շատ մարդիկ են համակարծիք այս մտքի շուրջ, բայց իմ անունից եմ հանդես գալու, կարծում եմ՝ ունեմ դրա իրավունքը»: Մնում է գտնել համապատասխան հոդվածը: