Բնապահպանության նախարարությունը չի աշխատում

Բնապահպանության նախարարությունը չի աշխատում
Կապանի 5 բնակիչներ՝ Արթուր Ղազարյանը, Արշավիր Խալափյանը, Տիգրան Գրիգորյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արթուր Թեւանյանը դատի են տվել բնապահպանության նախարարությանը`  դատարանից պահանջելով ստիպել բնապահպանության նախարարությանը վարչական պատասխանատվության ենթարկել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:



Վերջինս կոյուղաջրերը ոչ թե քաղաքից դուրս է հանում, այլ թափում է Ողջի գետը: Ավելին, եթե  «Հայջրմուղկոյուղին», ենթարկվելով վարչական պատասխանատվության, շարունակի աղտոտել գետը, կապանցիները պահանջելու են, որ ընկերությունը ենթարկվի քրեական պատասխանատվության եւ զրկվի կառավարման արտոնագրից:



Արթուր Ղազարյանը «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատուն է: Նշենք, որ այդ կազմակերպությունը նույն հայցով դիմել էր վարչական դատարան, սակայն դատարանը գտել էր, որ կազմակերպությունն իրավունք չունի հանդես գալու բնակիչների անունից:



Ըստ հայցադիմումի, կոյուղաջրերը չեն ենթարկվում  մեխանիկական ու կենսաբանական մաքրման  եւ թափվում են Ողջի գետը: «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը պնդում է, որ կոյուղաջրերը մաքրելու հնարավորություն չունի: Դեռեւս այս տարվա հունվարին բնապահպանության նախարարությունն ընդունել էր, որ «փաստերը որոշ չափով համապատասխանում են իրականությանը:



«Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվում են վերահսկողական աշխատանքներ` Կապանի ջրմուղ-կոյուղու կողմից խախտումները վերացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ»,-ասված էր նախարարության պատասխանի մեջ: «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը Կապանում ասել էր, որ աշխարհում ընդունված ձեւ է կոյուղաջրերը թափել գետը, եւ խոստացել էր ազատ ֆինանսական միջոցների դեպքում նորոգել կոյուղատարը:  Բնակիչները գտնում են, որ գումարներ չունենալը չի փրկում իրավիճակը:



«Գումարներ չունեին` պետությունից չվերցնեին այդ համակարգի կառավարումը: Թողնեին պետությանը` պետությունը կմտածեր դրա մասին: Կառավարումը հանձնել են ֆրանսիական «Սաուր» ընկերությանը, որ ներդրումներ կատարի, իսկ ընկերությունը միայն փող է հավաքում ու ցանցը չի կարգավորում»,-ասում է Ա. Ղազարյանը: Ի դեպ, նշված ՀԿ նախագահն է ջրմուղ-կոյուղու Կապանի տեղամասի նախկին պետ Ռաֆիկ Ասրյանը: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղը եւ ՀԿ-ն միշտ տարաձայնությունների մեջ են: Ձեռնարկությունը մեղադրում է նախկին տնօրենին՝ յուրացումների եւ թալանի մեջ, իսկ Ռ. Ասրյանն էլ, թե՝ թող դիմեն դատարան:



Ի դեպ, ջրմուղը բազմիցս հայտարարել է, որ նախկին տնօրենը չի կատարում պայմանագրային պարտականությունները, այսինքն չի մուծում օգտագործված ջրի դիմաց: «Գուցե պատճառաբանում է, որ կոյուղին չենք հեռացնում: Այդ դեպքում պիտի խցանում լինի նրանց բնակարանում»,- հակադարձում են ջրմուղագործները: