Խորհրդավոր խորհրդակցություն նախագահականում

Խորհրդավոր խորհրդակցություն նախագահականում
Սերժ Սարգսյանը երեկ կրկին խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ, ըստ տարածված հաղորդագրության, քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը: Հետաքրքիրն այն է, որ այս հանդիպմանը, ի տարբերություն նախորդների, սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել, ընդամենը 5 հոգի՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:



Նույնաբնույթ նախորդ հանդիպումն ավելի ընդլայնված կազմով էր: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Սերժ Սարգսյանն ասել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրը ոչ միայն քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, այլ նաեւ այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին պատժելը, որովհետեւ եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թեւածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:



«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան հանցագործությունների բացահայտումն է եւ պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման եւ քննության փուլերին, որ օպերատիվ եւ քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, եւ երկրորդ խնդիրը դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք եւ այլեւս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:



Մի բան է ասելը, մի այլ բան՝ դրանք իրականացնելը: Սերժ Սարգսյանն արդեն որերորդ անգամ է, հավաքում է ոլորտի պատասխանատուներին եւ նույն քարոզը կարդում, հանձնարարականներ տալիս, սակայն վերջիններս հավանաբար առաջնորդվում են «շուտ արեք, ոչխարը սարն անցավ» ժողովրդական ասույթով: Դա գալիս է նրանից, որ այս հավաքները ընդամենը իմիտացիա ստեղծելու նպատակ ունեն: Ասենք, չնայած հստակ հանձնարարականին՝ վերսկսել եւ բացահայտել «մարտի 1»-ի գործը, քննչական խմբի ղեկավարը յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ հայտարարում է, թե «մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ որեւէ նոր բան չկա»: Կամ խոսվում է դատական համակարգի բարելավման մասին, սակայն դատավորները շարունակում են աշխատել վճռաբեկի դատավորների «դաբրոյով»:



Կամ գլխավոր դատախազը խոշոր հանցագործության մասին միայն մամուլից է տեղեկանում եւ միայն մամուլի աղմուկից հետո հրահանգում զբաղվել «Հարսնաքարի» դեպքով: Այսպիսի հազարավոր դեպքեր կան, որոնք վկայում են, որ այդ բոլոր խորհրդակցությունները ձեւական բնույթ են կրում, եւ բացահայտվում են այն հանցագործությունները, որոնք իշխանությունը նպատակահարմար է գտնում բացահայտել եւ պատժել կատարողներին: Երեկ էլ խորհրդակցության վերջում Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը:



Երեկ նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պնդելով, թե ինքն իրավասու չէ, Արմեն Արզումանյանը պետք է թույլտվություն տա: Խորհրդակցության ժամանակ խոսել են նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրանք  ներկայացրել են այն աշխատանքների ընթացքը, որոնք տարվել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ: