Քաղաքական դեմա՞րշ, թե՞ ոտքերով հարված սեղանի տակից

Քաղաքական դեմա՞րշ, թե՞ ոտքերով հարված սեղանի տակից
«ՀԱԿ-ի եւ մեր աշխատանքային հարաբերություններն ամենեւին այնպիսին չէին, որ պետք է ներկայանար մեկ մարդ, կամ եթե պատվիրակությունը չի գալու, ապա դրա մասին հնարավորություն չունեին մեզ հայտնելու: Սա քաղաքական դեմարշ է: Շատ ցավում եմ այս դեմարշի համար: Կարծում եմ, որ դա էթիկայից դուրս է, մենք մինչեւ հիմա մեզ թույլ չենք տվել այդպես վարվել»,- հայտարարեց ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, երբ երեկ բանակցությունների 7-րդ ռաունդի նախատեսված ժամին կառավարության Ընդունելությունների տուն ժամանեց միայն ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, հայտնելով, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել հանդիպմանը:



Եվ ահա ՀԱԿ համակարգող, կոալիցիայի հետ երկխոսող պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ժամեր անց իր  ասուլիսում հայտնեց չներկայանալու պատճառը՝ գաղտնազերծելով  նաեւ նախորդ հանդիպումների մի շարք մանրամասներ: Եվ այսպես,  Կոնգրեսի եւ կոալիցիայի նախորդ` հինգերորդ ռաունդի ընթացքում եղել է հավաստիացում, որ փոխվելու է Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը:



«Այդ օրը երկխոսության ընթացքում առաջին անգամ որոշվեց, հարգելով իշխանության պատվիրակության խնդրանքը, առայժմ չհրապարակել քննարկման մանրամասները: Պատվիրակությունը նման խնդրանք ներկայացրեց, պատճառաբանելով, որ դա կհեշտացնի խնդրի լուծումը: Քանի որ, հակառակ Կոնգրեսի պատվիրակության սպասումների, խնդիրն այդպես էլ չստացավ լուծում, ժամանակն է հրապարակել, թե ինչ է տեղի ունեցել բանակցությունների վերջին երկու ռաունդներում»,- նշեց Զուրաբյանը, ում խոսքով՝  քննարկման ժամանակ փոխհամաձայնագրի ստորագրում է առաջարկվել իշխանությանը, որ նրանք փոխեն երիտասարդների խափանման միջոցը եւ բաց թողնեն:



Դատավարությունը կորոշի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ: Փոխադարձ երաշխիքների պայմաններում իշխանության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել, բայց խոստացել են խնդիրը լուծել: Այնինչ Տիգրան Առաքելյանը մինչ օրս շարունակում է մնալ բանտում, իսկ իրենք քաղբանտարկյալների առկայության պայմաններում չեն կարող երկխոսությունը շարունակել:



Հայտարարվեց, որ Կոնգրեսի պատվիրակությունն առկախում է մասնակցությունը երկխոսությանը, բայցեւայնպես պատրաստակամություն  հայտնում վերսկսել երկխոսությունը Տիգրան Առաքելյանի ազատ արձակումից անմիջապես հետո: Զուրաբյանը հայտնեց, որ իրենք սպասել են «ընդհուպ այսօր առավոտյան 9:30-10:00-ն» եւ համոզվելով, որ մինչեւ հանդիպումը Տիգրան Առաքելյանն ազատ չի արձակվելու, չեն գնացել հանդիպման: ՀԱԿ համակարգողը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե իր նշած հավաստիացումներն ու երաշխիքները կոնկրետ ում կողմից էին տրված: Իշխանական պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է արդյոք վերոնշյալ  պայմանավորվածությունը, եւ արդյո՞ք տրվել են երաշխիքներ:



«Երդվում եմ բոլոր սրբերով՝ նման բան չի եղել, ո՞նց կարելի է նման հայտարարություն անել: Ծուռը նստենք՝ դուզը խոսենք, ո՞նց կարող էինք մենք ազատ արձակելու հավաստիացում տալ, երբ դա մեր իրավասության խնդիրը չէ»,- նշեց Բոստանջյանը:



Օրվա վերջում էլ իշխանական պատվիրակությունը հայտարարությամբ պատասխանեց Կոնգրեսին, որում ասված էր. «Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ:Մենք` քաղաքական կոալիցիան ներկայացնող աշխատանքային խմբի անդամներս, չենք առաջնորդվի ՀԱԿ որդեգրած գործելաոճով եւ ՀԱԿ պատվիրակությանը չենք վերագրի հորինված պարտավորություններ:



Իսկ ակնհայտ ստին կպատասխանենք՝ ընդամենը մեջբերում անելով օգոստոսի 23-ի հանդիպումից անմիջապես հետո մեր աշխատանքային խմբի ղեկավարի խոսքից: ...Արդյոք աշխատանքային խումբը խոստացե՞լ է, որ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի, պարոն Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ մենք իրավական պրոցեսին ամենեւին չենք ներգրավվում, ընթանում է քաղաքական գործընթաց, մենք ընդամենը դիտարկել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր իրավական համակարգում, եւ վստահություն ենք հայտնել, որ այն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել` բոլորի նկատմամբ ոչ խտրական»:



Կոալիցիոն պատվիրակությունը նաեւ հույս է հայտնել, որ Կոնգրեսը կհրաժարվի «այսպահային գայթակղություններից», եւ հնարավորինս շուտ կշարունակեն «երկրի համար կարեւոր քաղաքական գործընթացը»:



Իսկ Կոնգրեսի հայտարարությունում ութ կետով նշվում է իշխանության անընդունելի վարքագծի մասին: Բացի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցից, իշխանությունը, ըստ Կոնգրեսի, համարժեք չի արձագանքում օգոտոսի 9-ի միջադեպից հետո առաջացած լարվածությունը հաղթահարելու ՀԱԿ կառուցողական ջանքին, փորձում է Առաքելյանի կալանքն օգտագործել որպես պատանդառություն` «երկխոսությունը վերածելով քաղաքական պատանդների առեւտրի եւ ՀԱԿ-ից  քաղաքական զիջումներ կորզելու համար»:



«Դրանով ամրապնդվում է  Տիգրան Առաքելյանի` քաղբանտարկյալ լինելու հանգամանքը, եւ դրա հետեւանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առեւտրի»,- հայտարարեց Զուրաբյանը: Կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությանն ի պատասխան էլ  Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս իշխանությունն իրավունք չունի խոսել էթիկայի մասին, եւ որ իշխանությունն է ցույց տալիս, որ չունի հանդուրժողության պայմաններում քաղաքական գործընթաց վարելու, երկխոսություն իրականացնելու կամք, իսկ Կոնգրեսն այդ ընթացքում եղել է հնարավորինս կառուցողական:



«Օգոստոսի 9-ից հետո, երբ ձերբակալվեցին ընդդիմության երիտասարդ ակտիվիստները, Կոնգրեսն ամբողջ երկու ռաունդ աշխատել է կառուցողական ջանքեր գործադրել երկխոսությունը փրկելու համար, սակայն իշխանությունն անհաղորդ է մնացել դրան»,- նշեց Զուրաբյանը:



Վերջինիս համոզմամբ՝ իշխանությունը, պարզապես «վախենալով Կոնգրեսի աճող հեղինակությունից», սկսել է կրկին դիմել բռնաճնշումների մեթոդներին. «Սա նման է շախմատի, երբ դիմացի մրցակիցը սեղանի տակից ոտքերով հարվածում է: Մենք նման շախմատ խաղացող չենք»: