ՀԱԿ-ը շահեց

ՀԱԿ-ը շահեց
Թերեւս հաստատվում են իմ սկզբնական պնդումները, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսության օրակարգում չկա որեւէ լուծում Հայաստանի առջեւ ծառացած ճգնաժամից դուրս գալու համար: Ցավոք սրտի, կողմերը գործընթացով լուծում են սոսկ քաղաքական դաշտում իրենց դիրքերը պահպանելու խնդիրը: Տակտիկական տեսակետից թե ընդդիմության եւ թե իշխանության համար շահավետ է երկխոսության հետագա ընթացքը:



Ինչեւէ, երկխոսության փաստով իշխանությունը դե ֆակտո օգնեց այս ընդդիմությանը ճանաչել որպես իրական ընդդիմություն, քանի որ վերջին շրջանում ընդդիմադիր դաշտում կար դիրքային պայքար, եւ ըստ էության երկխոսության գործընթացը սկսելով, իշխանությունը ՀԱԿ-ին դարձրեց հիմնական ընդդիմություն: Այսպիսով  իշխանությունը նաեւ ուժեղացրեց ՀԱԿ-ին, իսկ գործընթացից մյուս ուժերը, կարելի է ասել՝ ինչ-որ չափով հարված ստացան: Իշխանության կողմից դա գիտակցված էր, թե ոչ՝ չեմ կարող ասել, մի բան փաստ է՝ իշխանությունն օգնեց ՀԱԿ-ին՝ տալով վերջինիս դիրքային առավելություն:



Չեմ կարծում, թե իշխանությունը հատուկ նման նպատակադրում ուներ, պարզապես աշխատեց հանգամանքը, որ որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանն ուներ արտաքին քաղաքականության մասով պրոբլեմներ, եւ քանի որ իշխանությունն իրավիճակային խնդիրներ է լուծում, հետեւաբար Տեր-Պետրոսյանի հետ արագ պայմանավորվածությունը նախագահին հույսեր է տվել ավելի դրական ֆոն ստեղծելու եւ իր դիրքերն ուժեղացնելու, այդպիսով դրսի խնդիրները լուծելու: Երբ արտաքին ճնշումներն ինչ-որ չափով թուլացան, թուլացավ նաեւ Սերժ Սարգսյանի՝ ՀԱԿ-ի հետ երկխոսելու շահագրգռվածությունը: Բայց քանի որ քայլն արդեն արված էր, ստիպված շարունակում են երկխոսել:



Ինչեւէ, այս պրոցեսում, անկախ բանակցությունների առկախումից, տակտիկապես շահեց ՀԱԿ-ը՝ ստանալով դիվիդենտ, որ ընդդիմադիր դաշտի հիմնական ուժն է, եւ փաստացի ցույց տվեց, որ կարող է ազդեցություն թողնել իշխանության վրա, եթե անգամ  չհասնի արտահերթ ընտրությունների անցկացման:



Իհարկե, ռադիկալ շրջանակները կարող են մեղադրել ռադիկալ քայլերի չգնալու համար, բայց մյուս շրջանակները կարող են ասել, որ ՀԱԿ-ը մտավ բավականին լուրջ գործընթացների մեջ, որտեղ քաղաքական դաշտը փորձում են վերաձեւել եւ ստեղծել երկու բեւեռ: Իսկ ՀԱԿ հայտարարած ջրբաժանի պահը տակտիկայի խնդիր է: Քանի որ մենք մոտենում ենք նախընտրական պայքարի, ապա այս շրջանում նույնիսկ ամենավերջին իշխանական ուժն էլ դառնալու է ընդդիմադիր:



Եվ քանի որ քաղաքական գրեթե բոլոր ուժերն այս ընթացքում ջրբաժան են հայտարարում, հետեւաբար եթե ՀԱԿ-ը նույնիսկ ջրբաժան հայտարարի, ապա մեծ բան չի լինելու:



Երվանդ Բոզոյան, քաղաքագետ