Դու պրոֆեսիոնալ չես, իսկ դու դեմագոգ ես

Դու պրոֆեսիոնալ չես, իսկ դու դեմագոգ ես
Սա արդեն երկրորդ դեպքն է, ինչ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունները թուրութվանքով են ընդունվում: Նախորդ անգամ հրապարակային բանավեճ ծավալվեց Արդարադատության խորհրդի հետ, իսկ այս անգամ՝ կրթության եւ գիտության նախարարության: Երեկ առավոտյան ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, որում ԿԳՆ-ն մեղադրվում էր  մարդու իրավունքների խախտման մեջ:



«Կրթության եւ գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ»,-ասվում էր հայտարարության մեջ:



Ինչպես ԱԽ-ի դեպքում, այս անգամ էլ չուշացավ Արմեն Աշոտյանի նյարդային պատասխանը, ընդ որում՝ բավական կոշտ որակումներով: ԿԳՆ հաղորդագրության մեջ ՄԻՊ հայտարարությունում տեղ գտած փաստերը որակվել են որպես «իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ եւ ոչ պրոֆեսիոնալ»:



«Որպես ՀՀ քաղաքացիներ, անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության եւ պակաս արհեստավարժության կապակցությամբ: Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը եւ զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք, պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից: Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի եւ մակարդակի բարձրացնելու հարցում»,- ասվում է ԿԳՆ հայտարարության մեջ:



Ինչպես եւ սպասվում էր, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «տակ չմնաց»: «Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տարածած հաղորդագրությանը եւ ելնելով հասուն հանրային բանավեճի շահերից՝ հնարավորինս կանտեսենք այդ հաղորդագրության մեջ նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիան ու խորհրդային որոշ առաջնորդներին բնորոշ դատարկ որակումները: Միեւնույն ժամանակ փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով:



Մարդու իրավունքի խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու եւ սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսեւորելու փոխարեն, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով եւ խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ինչպես արդեն իսկ վնասել է այդ ինստիտուտին դիմած քաղաքացու իրավունքի իրացմանը: ...Սեփական սխալները պետք է կարողանալ ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում, այլեւ հրապարակայնորեն»,- Աշոտյանին կոչ է արել օմբուդսմենը:



Իհարկե, Աշոտյանը չէր լռելու ու թեեւ նախարարի պաշտոնում բավական քաղաքակրթվել է, սակայն ժամանակին նրա ցինիկ պատասխանները բոլորն են հիշում: Եվ նա արձագանքել. «Անհանգստությամբ ծանոթացանք  ՀՀ ՄԻՊ գրասենյակի երկրորդ հայտարարությանը եւ դարձյալ ցավով արձանագրեցինք, որ արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել: ...ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը զերծ կմնա նաեւ ՄԻՊ ինստիտուտը վարկաբեկելու որեւէ դրսեւորումից, որովհետեւ այն իր կայացման ու զարգացման համար աջակցության եւ փայփայման կարիք ունի»:



Գրված է երկրորդ հաղորդագրության մեջ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չեն իր հայտարարությունները միանշանակ ընդունվում: «Այն, որ մեր հայտարարությունները միանշանակ չեն ընդունվում, վկայում է այն մասին, որ մենք սկսել ենք ավելի արդյունավետ աշխատել: Խնդիրներ կան, եւ մենք բարձրաձայնում ենք այդ խնդիրների մասին՝ դրանով իսկ խաթարելով որոշ մարդկանց հանգիստը»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրեասյանը եւ, անդրադառնալով այս բանավեճին, ասաց.



«Այստեղ, բացի ընդհանուր դեմագոգիկ հայտարարություններից, չբերվեց որեւէ կոնկրետ հիմնավորում, փաստարկ, որը կվկայեր իրավախախտում չլինելու մասին: Իրավախախտումն ակնհայտ եղել է, եւ անլուրջ հայտարարություններ անելու փոխարեն, կարծում եմ, ժամանակն է մտածել համակարգում թերությունները շտկելու եւ խախտումները բացառելու մասին: Որեւէ մարմնի, առավել եւս պետական կառույցի վայել չէ այդ դեմագոգիան, եւ ես հուսով եմ, որ այս ամենը շատ արագ կդադարի»:



Ապա ավելացրեց. «Որեւէ մարմին, որը կշարունակի որեւէ կերպ աղավաղել ճշմարտությունը եւ խոչընդոտել մարդու իրավունքների պաշտպանությանը մեր երկրում, կստանա համարժեք պատասխան»:



ՀԳ - Ի դեպ, լավ կլիներ, որ օմբուդսմենն այս խիզախությամբ անդրադառնար մեր երկրի մյուս ոլորտներին: Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ կրթությունն ամենաթույլ օղակն է, միայն սրան է ուժը պատում: