Ցանկացած հնարավոր միջոց ձեռնարկելու են

Ցանկացած հնարավոր միջոց ձեռնարկելու են
Առնվազն ցինիզմ է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ձերբակալության, կալանավորման, նրանց հանդեպ մեղադրանքներ ներկայացնելու փաստացի իրավախախտ լինելու իրողությունը հերքող կամ կասկածի տակ դնելու միտում ունեցող ցանկացած քայլ:



Ակտիվիստներն արդեն տարիներ շարունակ իրենց հստակ կողմնորոշմամբ և կոռեկտ պետություն կառուցելու, կերտելու տրամաբանությամբ, իրենց համոզմունքներին նվիրված, հասուն և գիտակից մարդուն բնորոշ քայլերով ապացուցել են, որ իրենք ունեն հստակ նպատակ՝ պայքարել հայ իրականության մեջ կոռուպտ և օրինախախտ կարգավիճակ ապահովողների՝ «նեանդրթալյան» բարքերով «ձկան գլխի» դեմ:



Երիտասարդներն ակնհայտ դրսևորել են բոլոր այս տարիների ընթացքում իրենց տրամաբանական դիրքորոշումը՝ համոզմունքը, որ կա ելք՝ վեջապես ազատ, անկախ և ժողովրդավար հանրապետություն, ժամանակակից և խելամիտ հասարակություն կերտելու համար: Եթե ոմանց կարծիքով 20 տարի է հարկավոր ժողովրդավարության հաստատման համար, ապա Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն իրենց համոզմունքների պայքարի ոգով բազմիցս ցույց են տվել, որ դրան կարելի անհամեմատ կարճ ճանապարհով հասնել:



Հասկանալի է, որ դա ձեռնտու չէ ներկա վարչախմբին, քանզի նրանք տարիներ շարունակ արել են ուղիղ հակառակը՝ ամեն ինչ՝ զերծ մնալու ժողովրդավարությունից և կոռուպտ գաղափարախոսության ապահովվման միջոցով իրենց համար «բուն» դնելու, թալանի կայուն լծակներ ստեղծելու համար:



Կոչ եմ անում բոլորին միանալ ժողովրդավարության հաստատման համար մղվող անարատ պայքարին, փոխարենը՝ իրար տակ փորել՝ հանուն աթոռի և սեփական շահերի:



Իսկ մինչ երիտասարդ ակտիվիստներին քարկոծելը և նրանց քաղբանտարկյալ լինելու (հանձինս՝ Տիգրան Առաքելյանի, ով մինչ այժմ կալանավորված է՝ իր քաղաքական համոզմունքների ֆոնի առկայության ներքո) կարգավիճակը կասկածի տակ դնելը, կառաջարկեմ մարդկանց՝ առնվազն փորձել հասկանալ, որ հենց ձերբակալության պահին արդեն ոստիկանությունը չարաշահել է իր «պաշտոնը» և առանց օրինական հիմքերի, քաշքշելով, ծեծերի և հայհոյանքների ներքո (ինչի համար երբեք չեն կարող օրինական հիմքեր լինել), «խցկել» երիտասարդներին ոստիկանական մեքենաները: Արդեն իսկ այդ պահից սկսած՝ ակտիվիստները քաղբանտարկյալներ են:



Մենք շարունակում ենք ձեռնարկել ցանկացած հնարավոր միջոց, մասնավորապես՝ ստորագրահավաքները, որոնք դեռ շարունակվելու են, սատարելու երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներին և նրանց համոզմունքները, զերծ պահելու Հայաստանի Հանրապետությունը քաղբանտարկյալներից և կրկին ազատության մեջ տեսնելու ընդդիմադիր երիտասարդ քաղաքական ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:



Եվրոպաբնակ երիտասարդ քաղաքական ակտիվիստներ