Զինվորին սպանե՞լ են

Զինվորին սպանե՞լ են
Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացած 18-ամյա Աղասի Աբրահամյանի հարազատները պնդում են, որ տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ ծեծելով սպանել են: Մահացած զինվորի ընտանիքի անդամները նշում են, որ քրեական գործը պետք է հարուցվեր սպանության եւ ոչ թե Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։



Աղասի Աբրահամյանի մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ տղայի մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, ինչից հետեւում է, որ իր որդուն դաժանաբար ծեծել են։ Ընտանիքը ստացել է Աղասիի մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը, որում մահվան պատճառների մեջ նշվում են մի քանիսը` գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, սալջարդ վերքեր` իրանի, գլխի, վերջույթների շրջանում, արյունազեղումներ, քերծվածքներ։



Գայանե Աբրահամյանի խոսքերով, սկզբում իրենց ասել էին, թե իբր տղան թունավորվել է: Հետո հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Իսկ զինվորի հորեղբայրը նշել է, որ սկզբում հայտնել են, թե էպիլեպսիայի պատճառով Աղասին կորցրել է գիտակցությունը եւ վայր է ընկել մահճակալից, ինչի արդյունքում էլ ստացել է լուրջ վնասվածքներ: 18-ամյա Աղասի Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էր եկել բանակ զորակոչվելու համար: Նա մահացել է Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին։ Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, ինչից 1 ժամ հետո նա մահացել էր: Դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան: