Ըստ Ադիբեկյանի՝ աշակերտի կոշիկն արժե 4000 դրամ

Ըստ Ադիբեկյանի՝ աշակերտի կոշիկն արժե 4000 դրամ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է սեպտեմբերի 1-ին մեկ երեխային անհրաժեշտ նվազագույն զամբյուղը, ինչը դեռ մամլո ասուլիսի մեկնարկից առաջ անհամաձայնության ալիք է բարձրացրել դպրոցահասակ երեխաներ ունեցող լրագրողների շրջանում։ Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ իր ղեկավարած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի խումբը օգոստոսի 29-ին այցելել է Մալաթիայի, «Ֆիրդուսի» տոնավաճառներ եւ այլ վաճառքի կետեր, պարզելով դպրոցահասակ երեխաներին անհրաժեշտ իրերի նվազագույն գները։



Ըստ Ահարոն Ադիբեկյանի, դպրոցականի համար կոշիկ հնարավոր է գնել 4000 դրամով։Վերնաշապիկ, ըստ նրա, կարելի է գնել 3000, պայուսակ՝ 4000, գրենական պիտույքներ՝ 3000 դրամով։ Այլ ծախսերը «Սոցիոմետրի» խումբը գնահատել է 3000 դրամ։ Այսպիսով, ըստ Ահարոն Ադիբեկյանի, 17 000 դրամը բավական է երեխային սեպտեմբերի 1-ին նոր հագուստով եւ իրերով դպրոց ճանապարհելու համար։



Սակայն առաջին դասարանցուն պետք է գրասեղան, որի գինը 25 000 դրամ է։ Բացի այդ, երբեմն առաջին դասարանցու ծնողը ստիպված է լինում գնել բջջային հեռախոս, որի նվազագույն գինը 13 000 դրամ է։ Այս դեպքում նվազագույնը 55 000 դրամ է պահանջվում առաջին դասարանցուն դպրոց ճանապարհելու համար։



Սոցիոլոգը նշել է, որ այդպիսով, մեկ երեխային դպրոց ուղարկելու համար պահանջվում է ընտանեկան բյուջեի կեսը։ Նրա խոսքերով, նախորդ տարվա համեմատ նկատվում է գնային մի փոքր նվազում։