Ունեցվածքս պատրաստ եմ նվիրել ՀԱԿ-ին

Ունեցվածքս պատրաստ եմ նվիրել ՀԱԿ-ին
ՀԱԿ հրապարակած «ոչ լեգիտիմ» պատգամավորներից երկուսն «Օրինաց երկիր» կուսակցությունից են: Մեր զրույցը ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանի հետ է, որի սեփականությունն են համարում Գյումրու հրուշակեղենի գործարանը, խոսակցություններ կան նաեւ, որ նա Եվրոպայում եւս բիզնես գործունեություն է ծավալում:



- Դա ակնհայտ զրպարտություն է իմ հասցեին: Ի սեր Աստծո, ես կապ չունեմ էդ գործարանի հետ, նման գործարանի հետ ես որեւէ առնչություն չունեմ:



- Էդ դեպքում ինչի՞ են գրել, փորձե՞լ եք ճշտել, հասկանալ, հերքել:



- Ես չգիտեմ, էդ հարցը գրողներին տվեք: Ես պատրաստ եմ, եթե Հայաստանի Հանրապետության ներսում կամ սահմաններից դուրս որեւէ կրպակ ունեմ, որեւէ գործողություն, ամբողջությամբ նվեր տամ ՀԱԿ-ին: Ոչ միայն գործարաններ, այլ որեւէ բիզնես չեմ ունեցել եւ չունեմ էսօր, ինչ պատգամավոր եմ դարձել: Գործարանում ես եղել եմ ընդամենը խորհրդի նախագահ եւ եղել եմ տնօրեն: Այսինքն, սեփականատեր չեմ եղել, ընդամենը ունեցել եմ 2 տոկոս բաժնեմաս, որը հետագայում նվեր եմ տվել գործարանին: Ես 2003-ից, երբ ընտրվել եմ պատգամավոր, որեւէ գործունեությամբ չեմ զբաղվել մինչեւ այս օրը. իմ եկամուտների հայտարարագիրը կա, եւ ես հնարավորություն եմ տալիս, թող այն հրապարակեն: Դա ակնհայտ սուտ է իմ հասցեին՝ ոչ բիզնեսով զբաղվել եմ, ոչ էլ ցանկություն եմ ունեցել զբաղվել:



- Ձեր մյուս կուսակցի՝ Սերյոժա Աբրահամյանի մասով է՞լ է ՀԱԿ-ը զրպարտել:



- Մեր կուսակցությունում որեւէ մեկը, ով պատգամավոր է, որեւէ ուղղակի գործունեությամբ չի զբաղվում: Կարող է սեփականատեր լինեն, ինչ-որ կազմակերպության բաժնետեր լինեն, բայց ուղղակի օրենքով սահմանված կարգով որեւէ գործունեությամբ չեն զբաղվում:



- Դե բնական է՝ բոլորը դա են կրկնում, բայց բիզնեսի կառավարմանը միջամտելն անգամ հակաօրենսդրական գործունեություն է:



- Սահմանադրությամբ տրված է, որ ցանկացած մարդ կարող է սեփականություն ունենալ, բայց այլ բան է, որ մասնակցեն տվյալ կազմակերպության գործունեության ծավալմանը:



- Իսկ մնացած 75 պատգամավորների վերաբերյալ ի՞նչ կասեք, համաձայն չե՞ք, որ եթե ոչ բոլորը, ապա նրանցից շատերը սեփական բիզնեսն ապահովագրելու համար են միայն հայտնվել ԱԺ-ում:



- Ես մի բան ասեմ՝ օրենքով հստակ գրված է, որ պատգամավորն իրավունք չունի, բացի գիտամանկավարժական գործունեությունից, այլ գործունեությամբ զբաղվել:



- Այդ օրենքը մեզ էլ է հայտնի, բայց արդյո՞ք բոլորն են օրենքով գործում եւ ոչ թե իրենց ունեցվածքի պահպանման գործին են լծված:



- Չեմ կարծում, որ դրա համար մտած լինեն: ...Ուղղակի ինձ հիասթափեցրեց էդ ցուցակը, որ իմ պահով մի քանի բիզնեսներ... ակնհայտ սուտ են նշել, էլի, ես չգիտեմ՝ Գերմանիայում ինչ-որ բիզնես ունեմ, եսիմ որտեղ ինչեր են գրել: Ես ասում եմ՝ ակնհայտ զրպարտանք է, ծիծաղելի սուտ, ինձ ամբողջ երկիրն է ճանաչում, ամբողջ Գյումրին: Էդ ցուցակը հրապարակելուց հետո ես լրատվամիջոցներով հայտարարել եմ, որ ակնհայտ սուտ է: Դե թող իրենք ավելացնեն, թե Հովհաննես Մարգարյանն ունի՝ սուտ է ասում, դե թող ավելացնեն մի բան: Եթե իրենք ապացուցեն, որ իրենց ասածը զրպարտանք չէ, ես պատրաստ եմ ցանկացած բան, որ ապացուցեցին, նվեր տամ իրենց: