Կասես` էս մարդը Վանգա՞ն ա, ո՞վ ա

Կասես` էս մարդը Վանգա՞ն ա, ո՞վ ա
ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախման հակասական պատճառներ հրապարակվեցին: ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե իշխանությունը մտադիր չէ կատարել նախորդ հանդիպման ժամանակ տված իր խոստումը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին: Չուշացավ նաեւ իշխանության պատվիրակության պատասխան հայտարարությունը. ՀԱԿ պատճառաբանությունն «ակնհայտ սուտ» որակեցին:



Հատկանշական է, որ ՀԱԿ-ից արդեն մի քանի օր է՝ այս մեղադրանքին արձագանք չկա: Գուցե Տիգրան Առաքելյանն ուղղակի պատրվա՞կ է եղել, երկխոսության գործընթացն առկախելու համար լուրջ պատճառնե՞ր կային: Զրուցեցինք ՀԱԿ բանակցող պատվիրակ Ֆելիքս Խաչատրյանի հետ:



- Զուրաբյանի նախորդ հանդիպման հայտարարությունը, որ ասաց՝ ես համոզված եմ, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի, հիմնված էր այդ խոսակցության վրա: Բայց մեր իշխանավորների բնավորությունը դուք գիտեք եւ բնությունը դուք գիտեք. եւ կերպը: Սիրում են խոսել երկուսով, երեքով, հետո հրաժարվել իրենց խոսակցությունից:



- Այսինքն պնդո՞ւմ եք, որ հավաստիացումներ եղել էին Տիգրանի մասով, եւ արդյո՞ք հենց դա է երկխոսությունն առկախելու պատճառը:



- Իմ ասածն էլ էդ ա, ես իրանց հավաստիացումներին չեմ եղել, բայց ես համոզված եմ, որ սա իրենց բնավորությունն է. ասում են, հետո նորից հրաժարվում:



- Բայց Դուք ներկա եք եղել, չէ՞, բոլոր հանդիպումներին, եւ հետո՝ ինչո՞ւ չեք պատասխանում իշխանական պատվիրակության հայտարարությանը, իրավացի՞ էին, որ դուք ստում եք:



- Ես չգիտեմ… էդ հարցով մենակ կարաս Լեւոն Զուրաբյանին դիմես, որովհետեւ Լեւոն Զուրաբյանն ա արել էդ հայտարարությունը: ...Բայց հանդիպումներ են եղել, խոսակցություններ են գնացել, իրանք որ ասում են՝ սուտ են ասել, այ իրանք են սուտ ասում: Էդ խոսակցությունները գնացել են մի ֆորմատով, էդ ֆորմատ վարողն էլ կասի ոնց են սուտ ասում:



- Այդուամենայնիվ, ո՞րն էր երկխոսությունն առկախելու իրական պատճառը, արդյո՞ք միայն Տիգրանի կալանքի հարցը: Չէ՞ որ իշխանության պատվիրակները միջադեպից հետո կայացած հանդիպումներին հայտարարում էին, որ այդ հարցն իրենց իրավասությունների մեջ չի մտնում:



- Դա իշխանության ընդհանուր քաղաքականության մեջ է տեղավորվում, եթե «Հարսնաքարում» երկու հոգու հրազենային վնասվածք են տալիս, ու մարդն էլ գալիս-ներկայանում ա ու զենքն էլ բերում ա, իրան չեն ձերբակալում, ի՞նչն է խանգարում... ես չեմ ասում՝ Տիգրանը հնարավոր է ինչ-որ բաներ արած լինի... փոխեն Տիգրանի խափանման միջոցը, ի՞նչ մի ծանր բան ենք մենք խնդրում, որ դարձավ համաշխարհային բան:



- Լավ, հիմա ի՞նչ է ՀԱԿ-ը պատրաստվում անել, եւ ընդհանրապես, բանակցությունների վերսկսումը ե՞րբ հնարավոր կլինի:



- Իշխանությունից է կախված. երբ ազատեն Տիգրան Առաքելյանին, հաջորդ օրը բանակցությունները... բայց դա կլինի մինչեւ սեպտեմբերի ինը: Այդ օրը հանրահավաք է լինելու, խոսք ենք ասելու, ժողովրդին ենք դիմելու, ահագին երկար խոսակցություններ են գնալու: ...Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ եւ երկխոսել, եւ խոսել, եւ հասարակությանը հանել ոտքի, էհ, գիտես մեր խասյաթը: Մենք արդարամիտ, ըմբոստ ժողովուրդ ենք, չենք  սիրում, որ ասում են, հետո սուտ են խոսում: Պայմանավորվել ենք սեպտեմբերի 9-ին, սեպտեմբերի 9-ին հանրահավաք ունենք. ասեմ ձեզ՝ տեղերը սահմանափակ են, Ձեզ էլ հրավիրատոմս եմ տալիս:



- Պարոն Խաչատրյան, իսկ այս ընթացքում բանակցո՞ւմ եք իշխանության ներկայացուցիչների հետ, ի՞նչ են ասում՝ պատրա՞ստ են երկխոսությունը վերսկսելու:



- Հանձնաժողովների ֆորմատով՝ ոչ, իսկ մնացած ֆորմատներով՝ ես տեղյակ չեմ:



- Այսինքն հնարավոր է, որ գաղտնի բանակցություննե՞ր են ընթանում:



- Հիմա գիտես ինչ, էդ դու ես ասում՝ հնարավոր ա, ես չեմ ասում, ես տեղյակ չեմ:



- Իսկ մոտ 40-օրյա երկխոսությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ տվեց մեր հասարակությանը:



- Տվեց այն, որ լրիվ բացվեց իշխանության դեմքը, որ իրանք ոչ մի բան, բացի իրանց սեփական բարեկեցությունից, ոչ մի այլ բան չեն ուզում: Ասում ա՝ իմ տնից հեռու մնա, իմ պաշտոնից հեռու մնա, իմ ավտոմեքենայից հեռու մնա, մնացածը՝ ինչ ուզում ես, արա: Էս ժողովուրդը մուրացկան կլինի, աղբարկղերում ման կգա, ինչ կանի՝ թող անի, մենակ էս իմ երեք սրբություններին մի կպի. իրանց սրբությունները՝ ուտել-խմել, ավտոներով ման գալ:



- Գիտեիք, որ էս իշխանություններն այդպիսին են, ինչո՞ւ էիք նստում երկխոսելու:



- Այ մարդ, կարծում էինք կհասկանան. ինչ կուտակել՝ կուտակել եք, թողեք էս ժողովուրդն էլ ապրի, էլի, ոստիկանապետը ոնց ա ասում, ասում ա՝ մի կպեք ոստիկաններին, թողեք ապրեն մարդիկ: Մենք իրանց ուզում էինք ապացուցել, որ գնային արտահերթ ընտրությունների, հիմա էլ ուշ չի՝ իրանք կգնան, առանց մեր հետ երկխոսելու էլ կգնան:



- Երկխոսելով չստացվեց...



- Բա ի՞նչ պիտի անեն, կգնան, իրեք հոգի մտածող կա դրանց մեջ:



- Ո՞վքեր են, պատվիրակության անդամների՞ց:



- Չեմ ասի... չէ-հա, ի՞նչ պատվիրակության, իշխանության: Իրանք զգում են երկրի վիճակը՝ արտաքին, ներքին. շատ ծանր ա մեր ներքին վիճակը, ահավոր ծանր, պիտի գնան:



- Հնարավո՞ր է սեպտեմբերի 9-ի հանրահավաքին սկիզբ դնեք Ձեր ասած առճակատմանը եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպեք:



- Հիմա ասեմ հնարավոր ա, դու կասես՝ էս մարդը Վանգա՞ն ա, ով ա, էս ի՞նչ ա: Ամեն ինչ հնարավոր ա, հնարավոր ա, որ իրանք մինչեւ սեպտեմբերի 9-ը խելքի գան, հնարավոր ա, որ ոչ, հնարավոր ա, որ այդ օրվա հայտարարության տպավորությունից հետո խելքի գան: Էլ չեմ ասում միջազգային, գլոբալ... էնքան հարցեր կան, տեսեք ինչ է կատարվում աշխարհում: Ամերիկայում փոթորիկ ա, Լիբիայում չգիտեմ ինչ եղավ: Փոթորիկը խո հենց ընենց չի՞ լինում, դա զգացմունքների արձագանքն ա, տաք ու սառը հոսանքների հանդիպումը: Մեր մոտ ուրիշ փոթորիկ կծնվի: