Ի՞նչ մեսիջ են «Վիքիլիքսի» բացահայտումները

Ի՞նչ մեսիջ են «Վիքիլիքսի» բացահայտումները
Վիքիլիքսյան, այսպես կոչված՝ բացահայտումներն իմ կողմից կանխորոշվել եւ քաղաքական ախտորոշման են ենթարկվել  մոտ վեց ամիս առաջ: Ասել եմ, որ Հայաստանի վերաբերյալ ինֆորմացիան փոքրից դեպի մեծ սկզբունքով է հրապարակ նետվելու: Եվ դա պայմանավորված է նրանով, որ քաղաքականության երկու տիպ կա՝ գործարքային եւ մաքուր:



Եվ աշխարհը՝ թե արեւմտյան գերտերությունները, թե Ռուսաստանը, ամենուր սփռելով գործարքային քաղաքականության մոդելը, այնուհետեւ սկսել են տեսնել, թե ինչպիսի վատ արդյունքներ ու վատ պտուղներ են տալիս երկակի ստանդարտները: Դա բերում էր նրան, որ գերտերությունները խաղաղության համար վարկավորում էին դիկտատուրաներ, հանցավոր ռեժիմներ եւ ամեն տեղ փորձել են ձեռնասուն բռնապետերի ֆունկցիան իրականացնել:



Այսինքն, ինչպես ասում էր Չերչիլը՝ «Ես գիտեմ, որ նա այլանդակի մեկն է, բայց նա մեր այլանդակն է». այդ «մեր այլանդակի» ֆանտոմն այլեւս քաղաքականությունից դուրս է գալիս: «Վիքիլիքսն» այն աղբյուրն է, որը սպասարկվում է գերտերությունների կողմից՝ թե ֆինանսավորվում, թե ինֆորմացիոն արտահոսք է տրվում, որ պետք է արդեն ինտրիգային, գործարքային քաղաքականությունը գա փոխարինվելու մաքուր քաղաքականությամբ:



Եվ Հայաստանը՝ ուզի թե ոչ, պետք է խաղա մաքուր քաղաքական դաշտում: Իսկ վերջինիս պայմանները կոնկրետ Հայաստանի համար հետեւյալներն են՝ ազգային պահպանման գաղափարը պետք է վերջապես փոխարինվի ազգային պետության գաղափարով, երկրորդ՝ ամբողջ ֆինանսական վարույթները, երկրից ստացվող եւ վատնվող փողի հոսքերը պետք է դառնան թափանցիկ, եւ երրորդ. երկիրը պետք է դառնա քաղաքական միջին նորմաներին համապատասխան:



Եթե այս երեք գործառույթները չպահպանվեն, մենք կունենանք շատ ավելի հզոր «Վիքիլիքս», դա կլինի այն, որի շնորհիվ երկրին ուղղակի չեն տրամադրվի գումարներ, եւ այն կկանգնի տնտեսական անկման եզրին: Որովհետեւ, երբ մեզ վախեցնում են պատերազմներով, զինված բախումներով՝ ոչ մի բան այնքան վտանգավոր չէ, կայացած կամ չկայացած պետության համար, ինչքան ֆինանսական ճգնաժամը:



Իսկ ֆինանսական ճգնաժամն առաջանում է ոչ ինքնաբերաբար: Հայաստանի սպառողական զամբյուղը ներկա դրությամբ այն ֆինանսական ճգնաժամն է, որ մենք ստեղծել ենք մեր ներքին ֆինանսական քաղաքականության հետեւանքով՝ օլիգարխացմամբ եւ մոնոպոլիաներով, իսկ հիմա հնարավոր է, որ դրա հետ մեկտեղ ստեղծվի դրսի գործոնով պայմանավորված ճգնաժամ, որին Հայաստանը հաստատ չի դիմանա:



Անուշ Սեդրակյան, Քաղաքական վերլուծաբան