Տեսնես հիմա՞ թուրքերից ինչ են ուզելու

Տեսնես հիմա՞ թուրքերից ինչ են ուզելու
Թուրքիան կատարեց ԵՄ հերթական քմահաճույքը` կրոնական փոքրամասնություններից նախորդ 75 տարիների ընթացքում բռնագանձված սեփականությունները վերադարձնելու վերաբերյալ: Հույն, հայ եւ հրեա համայնքներից խլած 150 շենքերը վերադարձվելու են տերերին, իսկ վաճառված շենքերի դիմաց դրամական հատուցում է տրվելու: Կրոնական փոքրամասնություններին պատկանած շենքերը եղել են որբանոցներ, հիվանդանոցներ ու հոգեւոր ճեմարաններ, որոնց մեծ մասը, ճիշտ է, բռնագանձման պահին գործելիս չեն եղել:



Ժամանակին խլելու մարտավարությունը պայմանավորված է եղել իսլամի հակամարդկային օրենքներով, որոնք հանգիստ մուտք են գործել թուրքական օրենքի ինստիտուտ ու հաջողությամբ փոխարինել մարդու իրավունքներին 75 տարի շարունակ: Եթե խոսենք Թուրքիայի նոր պատմությունից միայն: Շենքերի մեծ մասն իսլամիստական թուրք իշխանությունները զավթել են այն պատճառաբանությամբ, որ ավելորդ գույք ունենալ կարող են միայն մուսուլմանական միավորումները. սա արտացոլումն է Ղուրանի կտակի, թե իսլամը պետք է իշխի մյուս բոլոր կրոնների վրա:



Թվում է, թե ԵՄ այս կամ այն պահանջները բավարարելիս Թուրքիան քայլառքայլ մոտենում է ԵՄ անդամագրությանը, բայց` միայն առաջին հայացքից: Մի ամերիկացի քաղաքագետ ԵՄ-Թուրքիա անդամակցության վերաբերյալ բանակցությունները նմանեցնում է անճոռնի պարի. սկզբում, գայթակղված Թուրքիայի տնտեսական հզորությամբ, ԵՄ-ն ինքն է առաջարկել անդամագրվել: Թուրքիան, ինչպես ասում են, Եվրոպայի Չինաստանն է. նա ունի հագուստի եւ էլեկտրոնիկայի հզոր արդյունաբերություն եւ մեծ սպառման շուկա է Եվրոպայի համար:



Անդամագրության դեպքում թուրքական արտադրության միլիոնավոր ապրանքատեսակներ կգրավեին եվրոպական շուկան ու կհզորացնեին Եվրոպայի տնտեսությունը, բայց, ինչպես համեմատում է քաղաքագետը, բացի ապրանքից, Եվրոպա կժամանեին նաեւ միլիոնավոր թուրքեր, ինչից էլ սարսափում է առանց այդ էլ դեմոգրաֆիական մեծ խնդրի առջեւ կանգնած Եվրոպան: Հատկապես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում ու Հոլանդիայում հասարակությունը ֆոբիա ունի մուսուլմաններից, եւ երկրների ղեկավարներն ամեն բան անում են Թուրքիան տարածության վրա պահելու նպատակով: Մի հյուրընկալեք Ահմադինեժադին ու այլ բռնապետերի, բարելավեք մարդու իրավունքների ինստիտուտը, հզորացրեք տնտեսությունը, ներողություն խնդրեք հայերի ցեղասպանության համար, հիմա էլ` վերադարձրեք հոգեւորականների գույքը: Թուրքիան իրոք երբեմն անասելի համբերատարություն է ցուցաբերում: Երբ խոսքը հայերի մասին չէ: Իսկ Եվրոպան իրոք թուրքերի կարիքն ունի. նրան պետք է առեւտրային լուրջ գործընկեր, ազդեցություն Միջին Արեւելքում ու տնտեսական խթան. Թուրքիան հենց այդ կախարդական երեքը մեկումն է: Բայց` լուրջ մուսուլմանական թերություններով:



Եվրոպան ու ԱՄՆ-ն հաճախակի Թուրքիայի ականջը շոյում են գովեստի խոսքերով: Կմտաբերեք, անշուշտ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերն այն մասին, որ Թուրքիան կարող է օրինակ դառնալ տարածաշրջանի համար: Կամ` ԵՄ աղերսը Թուրքիային` միջամտելու սիրիական ողբերգությանը: Պահանջներ ու գովեստ, բայց ոչ մի էական տեղաշարժ: Այն դեպքում, երբ բանակցային փուլ հասած երկրներն առայսօր ընդունվել են ԵՄ կամ մերժվել են առավելագույնը երեք տարվա ընթացքում, այնինչ Թուրքիայի համար գլորվում է բանակցային հինգերորդ ամուլ տարին: Գույքն էլ վերադարձրին, մնաց ցեղասպանության ընդունումը: Մարդ ես, բա որ էդ էլ ուզեցի՞ն: Արդյո՞ք Թուրքիան կզոհաբերի ազգային արժանապատվությունը տնտեսական հետագա աճին:



Ի վերջո, եթե Թուրքիան Եվրոպայի համար կենսական անհրաժեշտություն է, ապա Եվրոպան Թուրքիայի համար` միայն լրացուցիչ ճոխություն: Թուրքիան վերջին տասնամյակում ցույց տվեց, որ կարող է ինքնուրույն գոյատեւել: Բացի այդ, թուրքերի համբերությունը սկսում է հատել. թուրք մեկնաբանները դժգոհ են անհարկի ձգձգումներից ու անարդար պահանջներից:



Աստղիկ Սարգսյան