Վենդետա դատարանի շենքի առջեւ

Վենդետա դատարանի շենքի առջեւ
Ռուսաստանի Օրեխո-Զուեւա քաղաքի դատարանի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Երբ դատարանը պայմանական ազատ է արձակել դեռահաս տղայի սպանած 29-ամյա Սամվել Ագամեդովին, նրան հենց դատարանի շենքի մոտ գնդակահարել է սպանվածի հայրը: 54-ամյա Վալիդ Ալիեւը կատաղել է, երբ լսել է դատարանի որոշումը` Սամվելին քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակել: Դատարանում սպանվածի ներկայացուցիչը իր անհամաձայնությունն է հայտնել նման որոշման վերաբերյալ, սակայն դատարանը դա հաշվի չի առել, ինչն էլ հանգեցրել է այս պատմության ողբերգական ավարտին:



Վալիդ Ալիեւը Սամվելին սպանել է որսորդական հրացանով` նրա վրա կրակելով 3 անգամ: Գլխուղեղի վնասվածք ստացած Սամվելը տեղում մահացել է, որից հետո Ալիեւը զենքը դրել է գետնին եւ հանձնվել ոստիկանությանը` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ալիեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:



Դատարանը առաջիկայում պետք է որոշում կայացնի Ալիեւին նախնական կալանքի ենթարկելու վերաբերյալ: Իրավապահ մարմինները զգուշությամբ են վերաբերվում այս գործին, քանի որ սպանված Սամվել Ագամեդովի հարազատները խոստացել են, որ նույնպիսի դատավճիռ է սպասվում նաեւ Ալիեւին: