Մեդվեդեւի առաջարկը միլիարդատերերին

Մեդվեդեւի առաջարկը միլիարդատերերին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարուստ գործարարներին առաջարկել է այցելել դպրոցներ եւ աշակերտներին պատմել, թե ինչպես են նրանք հաջողության հասել: «Դա առնվազն հետաքրքական է»,- ասել է նախագահը: Առաջարկը, սակայն, ոչ բոլոր գործարարներին է ուղղված: Մեդվեդեւը դպրոց է ցանկանում գործուղել այն բիզնեսմեններին, որոնք մեկ միլիարդ դոլարից ավելի գումար ունեն: Իսկ նրանց թիվը Ռուսաստանում, ըստ «Forbes» ամսագրի, հարյուրից ավելի է:



Մեդվեդեւն անգամ առարկայի անվանումն է մտածել` «կյանքի հաջողության պատմություն»: Նախագահը նշել է, որ այն կարող է միայն փողերին չվերաբերել, այլ ընդգրկել կյանքի այլ հաջողություններ: Նշենք, որ Ռուսաստանում գործարարներին ուսումնական ծրագրերում ներգրավելու փորձ արդեն եղել է, սակայն այդ ժամանակ միայն փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն են մասնակցել դասերին:



Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հունվարին նախագահի հետ հանդիպման ժամանակ Հասարակական պալատի անդամ Թինա Կանդելակին առաջարկել էր, որ հաջողակ դեմքերը դասավանդեն դպրոցներում, որպեսզի օրինակ ծառայեն ապագա սերունդներին: Դմիտրի Մեդվեդեւին հայտնի հաղորդավարուհու առաջարկը դուր էր եկել: