Մարգարը համակարգի հերթական «զոհն» է

Մարգարը համակարգի հերթական «զոհն» է
Վերջին շրջանում ոստիկանության համակարգի  բարձրաստիճան պաշտոնյաներ են պարբերաբար ձերբակալում եւ մեծ աղմուկ բարձրացնում: Նախօրեին էլ ձերբակալեցին Հայաստանի ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին, որին իբր կասկածում են պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար: Սակայն միամիտ են մարդիկ, որոնք կկարծեն, թե սա նշանակում է, որ այս իշխանավորները կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի են դուրս եկել: Տվյալ դեպքում Մարգար Օհանյանն ակնհայտորեն համակարգի հերթական զոհն է:



Ի սկզբանե իշխանության գործելաոճի «փիլիսոփայության» շրջանակներում է դեպքը տեղավորվում, եւ ցանկացած ոլորտում, պետական կառավարման բոլոր համակարգերում էլ նման գործելակերպն է իշխում. երբ ուզում, ումից ուզում են՝ շտապ ազատվում են: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, չէ՞. հայտնի եւ իմաստուն խոսքեր են: Արդյո՞ք ոստիկանությունն իրավական համակարգի ամենակոռումպացված օղակն է: Իհարկե ոչ, շատ ավելի կոռումպացված եւ վարկաբեկված է դատական համակարգը, դատախազությունը՝ առավել եւս, ավելին, ոստիկանությունն ամենաթույլ ու ցավոք սրտի ամենաանտեր օղակն է:



Չե՞ն կարողանում ավելի հզոր ոլորտների կպնել: Իհարկե, սա նախընտրական շոու էլ կարող է դիտվել՝ մաքուր աշխատելու իմիտացիա ստեղծելու պատրվակ, սակայն միամիտ կլինեն մարդիկ, հավատալով, թե իշխանությունները սկսել են չհանդուրժել կեղծիքն ու կոռուպցիան: Իրար պարզապես չհասկանալու էլեմենտների դրսեւորման դեպքեր են: Երբեմն ամենաչնչին դրսեւորումների եւ ամենաանտրամաբանական պատճառներով կարող են այս կամ այն պաշտոնյայի գլխին կուժն ու կուլան ջարդել:



Իհարկե, անհիմն են նաեւ հասարակության շրջանակներում խոսակցությունները, թե «զոհ» են դառնում մարդիկ, որոնք որոշակիորեն դեմ են դուրս գալիս համակարգին: Ու թեեւ վերջին դեպքի վերաբերյալ  մանրամասնություններն ինձ հայտնի չեն, այդուամենայնիվ, անձամբ ճանաչելով Մարգար Օհանյանին, ով իր մարդկային որակներով շատ-շատերից է բարձր, կարող եմ ասել, որ նա  պարզապես դարձավ համակարգի զոհը. ուրիշ տարբերակ հնարավոր էլ չէր:



Սուրեն Աբրահամյան, ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ