Վտանգել է մարդկանց կյանքը

Վտանգել է մարդկանց կյանքը
«Վիքիլիքսի»  հերթական հրապարակումների մասին «Նյու Յորք Թայմսը» հաղորդում է, որ կազմակերպությունը վերջին վեց օրվա ընթացքում հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի  դիվանագիտական 134 հազար հաղորդագրություն: Նրանցից  շատերում նշված են ինֆորմացիայի անգամ այն աղբյուրները, որոնց անունները մակագրված են` խստորեն պահպանել գաղտնի:



Այդ աղբյուրների թվում են լրագրողներ, ակադեմիկոսներ ու հասարակական գործիչներ, որոնք ԱՄՆ-ին տեղեկություն են հաղորդել այն մասին, թե ինչ է կատարվում իրենց բռնատիրական երկրներում: Հրապարակումների հետեւանքով մարդկանց այս խումբը վտանգի մեջ է հայտնվել. ԱՄՆ պաշտոնյաները վախենում են, որ հրապարակումների հետեւանքով նրանք կենթարկվեն զանազան ճնշումների, կարող են կորցնել իրենց աշխատանքն ու անգամ կյանքը:



«Նյու Յորք Թայմսը» նաեւ հաղորդում է, որ վերջին 6 օրվա ընթացքում «Վիքիլիքսի» հրապարակումները թվով 6 անգամ գերազանցում են  բոլոր հրապարակումները, որոնք ընկերությունը հեղինակել է իր գործունեության մեկ տարվա ընթացքում:



Ամերիկյան հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ որոշ գաղտնի հաղորդագրություններ «Վիքիլիքսից» հետո 2010 թվականին ձեռք են բերել նաւե «Նյու Յորք Թայմսն» ու այլ տեղեկատվական ընկերություններ, բայց հրապարակումներն արվել են վերապահումներով` առանց հրապարակելու տեղեկատվության աղբյուրները: Կատարվածի շուրջ աղմուկ են բարձրացրել նաեւ մարդու իրավունքների պաշտպանները. նրանց կարծիքով՝ «Վիքիլիքսի» արածը լուրջ օրինախախտում է:



Աստղիկ Սարգսյան