Եսիմ ո՞վ ա էդ մարդը

Եսիմ ո՞վ ա էդ մարդը
ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի շրջանից ընտրված Խաչիկ Մանուկյանը՝ բոլորին հայտնի իր «Մաքս կոնցեռն»-ով, ԼՏԹՖ-ով, ձկնաբուծարաններով եւ բազմաթիվ այլ ընկերություններով, նույնպես ընդգրկված է ՀԱԿ-ի հրապարակած 76 «ոչ լեգիտիմ», բիզնեսով զբաղվող պատգամավորների ցանկում: Մանուկյանը, սակայն, բոլորի նման կրկնեց նույն մտքերը՝ «ըտենց բան չկա», իրենք լեգիտիմ են:



- Էդ ՀԱԿ-ի ցուցակները, որ հրապարակել են, համենայնդեպս իմ մասով ընդհանրապես չեն համապատասխանում: Ընդեղ ընենց ֆիրմա են գրել, ընկերություն, որ իմ հետ ընդհանրապես կապ չունի:



- Ո՞րը նկատի ունեք: Գուցե մեկը...



- Ես մի քանի անգամ արդեն հերքել եմ դրա մասին: ...Բացի դրանից, գրելուց առաջ կարող էին պետական համապատասխան մարմիններից հստակեցնել՝ պետռեգիստրն է՝ որն է, այսինքն որտեղ որ գրանցվում են: Այսինքն 16-17 տարի առաջ մի հիմնարկ է բացվում, հիմնարկատերը ես եմ, 17 տարի հետո էլ գրում են, որ ես եմ: Եվ երկրորդ. կարելի է հստակեցնել, ասենք՝ ես բաժնետե՞ր եմ, թե՞ կառավարիչ, բաժնետեր լինելը Սահմանադրությամբ արգելվո՞ւմ է: Թող մի հատ ճշտեն, տենան ով է կառավարում, էլի, ասենք՝ տնօրենը կամ տնօրենի խորհուրդը, որովհետեւ ես ընդամենը փայատեր եմ:



- Եթե միայն փայատեր եք ու չեք զբաղվում կառավարմամբ, ինչո՞ւ եք Ձեր վրա վերցնում կառավարչի կամ տնօրենի պարտականությունները եւ Ձեր ընկերության գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալիս լրագրողներին, ինչպես, օրինակ, վերջին շրջանում ՏՄՊՊՀ-ի կողմից Լուսակերտի թռչնաֆաբրիկային հաճախակի տուգանելու դեպքերում:



- Պարզաբանումներ էի տալիս, որտեւ... Չէ, լրագրողը հարցնում ա, ես էլ պարզաբանումները տալիս եմ, չէի ասում՝ ես եմ կառավարում կամ ես եմ տնօրենը: Պարզաբանումը լինում է զուտ էն դեպքում, երբ ուսումնասիրել եմ արդեն: Հարյուր անգամ ասել եմ արդեն՝ ես հանդես եմ գալիս որպես սեփականատեր, սեփականատիրոջ իրավունքից եմ խոսում ես, էդ օրենքով արգելված չի:



- Պարոն Մանուկյան, դեռ անցած տարվանից լուրեր էին շրջանառվում, որ Դուք «վերեւների» համար անցանկալի մարդ եք դարձել («Լուսակերտին» պարբերաբար խոշոր չափով տուգանելը եւս դրանով էին պայմանավորում) ու մտադիր եք վաճառել Ձեր ձեռնարկությունները եւ բիզնեսը տեղափոխել արտերկիր:



- Ես անհեթեթություններին չեմ պատասխանում: Ֆանտազիա ա: Ասենք՝ ում մտքով ինչ անցնում ա, երազ ա տեսնում ինչ-որ մի բանի կամ ինչ-որ մեկի մասին, սկսում է ինչ-որ բան հնարել կամ ստեղծել: Էդպիսի ոչ մի բան չկա:



- Դուք Ձեր հարցազրույցներում էիք հայտարարում, որ միտում եք տեսնում:



- Էդ հարցով դատարանում գործընթաց է գնում, դատարանն էլ թող որոշի՝ միտումնավո՞ր է, թե՞ չէ կամ ճի՞շտ է, թե՞ սխալ: Ես դատավոր չեմ, էլի: ...Հա, իմ կարծիքով, որոշումը սխալ էր, եւ ես միտում էի տեսնում: Ամեն ինչ արեցին, որպեսզի ցույց տան, որ՝ տեսեք, մենք աշխատում ենք, կարողանում ենք աշխատել:



- Կարծում եք ՏՄՊՊՀ-ն միայնակ կարո՞ղ էր նման որոշում կայացնել եւ այդչափ մեծ գումարով՝ 100 միլիոն դրամով Ձեզ տուգանել:



- Դուք ասում եք՝ «վերեւների» հետ... Եսիմ ո՞վ ա էդ մարդը, որ վերեւից բան ա հրահանգում, ես նման բան չգիտեմ: Ասենք՝ ո՞վ ա տեսել, որ արտադրությունը, որը կազմակերպված ա եւ աշխատում ա, մի հատ հանձնաժողով տարվա մեջ մի քանի անգամ անդրադառնա եւ... Վերջապես արտադրություն ա, էլի, գյուղատնտեսական ապրանք արտադրող հիմնարկին...:



- Խոսակցություններ կային, որ Դուք նաեւ հանքարդյունաբերության բիզնեսով եք ուզում զբաղվել:



- Բոլորն էլ կարող են ակցիաներ ձեռք բերել, դա օրենքով արգելված չէ:



- Արդեն ձե՞ռք եք բերել:



- Բայց Ձեզ ինչի՞ է էդքան հետաքրքրում ես ինչ եմ անում: ...Մտածում եմ ձեռք բերելու մասին:



- Առաջադրվելո՞ւ եք հաջորդ ընտրություններին:



- Էդ մասին մտածելը դեռ շուտ ա: Ունենք կուսակցություն, կուսակցության խորհրդի նիստում կորոշեն՝ նպատակահարմա՞ր կլինի, թե՞ ոչ առաջադրվելը:



- Իսկ Դուք Ձեր ավանդը մե՞ծ եք համարում եւ գտնում եք, որ Ձեզ այս անգամ է ՞լ պետք է տանեն խորհրդարան:



- Անելիք կա, բավականին մեծ աշխատանքներ, որոնք դեռ ավարտված չեն, նկատի ունեմ էն աշխատանքները, որոնցով ես հիմա... Ես Ազգային ժողովում օրենքի նախագիծ եմ ներկայացրել:



- Բայց Դուք օրենսդիր աշխատանքներում այնքան էլ ակտիվ չեք:



- Դուք սխալվում եք: