Երկխոսությունը պետք է ուղղակի դադարեցնել

Երկխոսությունը պետք է ուղղակի դադարեցնել
Երեկ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում գումարվել է ՀԱԿ շտաբի նիստ, որտեղ քննարկվել են առաջիկա հանրահավաքի կազմակերպչական հարցերն ու ՀԱԿ հետագա մարտավարությունը: Քաղաքական աշնան ու իշխանություն-ՀԱԿ առկախված երկխոսության մասին է մեր զրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: 



- Պարոն Սարգսյան, Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը սպառնաց, որ եթե ՀԱԿ-ը չվերադառնա երկխոսության սեղանի շուրջ, քաղաքական լուսանցքում կհայտնվի: ՀԱԿ-ին չի՞ մտահոգում այդ սպառնալիքը:



- Գալուստ Սահակյանն ինչքան շատ փնովի ՀԱԿ-ին, էդքան ՀԱԿ-ին օգուտ է: Ես շատ ուրախ եմ, որ ինքն էդպես է ասել: ...Ես մտածում եմ՝ ՀԱԿ-ն իրենից կախված ամեն ինչ արեց, որ էս երկրում խնդիրները լուծվեն քաղաքակիրթ ճահապարհով, առանց ընդհարումների: Եվ էդ առումով իմ խիղճն ամբողջությամբ հանգիստ է: Եվ եթե իշխանությունը հետեւություններ չի անում, եթե իշխանությունն ասում է՝ ես ընտրություններում խախտումներ չեմ արել, «Մարտի 1» չի եղել, զոհեր չեն եղել, զինվորականներ չեն մասնակցել, մենք արդար ենք ընտրված, էս դեպքում երկխոսությունն առկախել պետք չէ, ուղղակի դադարեցնել է պետք ու վերջ:



- Ասել է թե Դուք երկխոսության ընդհանրապես դադարեցմա՞ն  կողմնակից եք: 



- Ես ներկա պահին, ինչպես ՀԱԿ-ում, կարծում եմ, որ դեռ ժամանակ կա իշխանություններին, բայց եթե իրենք այս ձեւով են շարունակելու, երկխոսության առկախումը միանշանակ վերածվելու է դադարեցման:



- Այնուամենայնիվ, երկխոսությունն այս ընթացքում որեւէ օգուտ բերե՞ց ընդդիմությանը, երկրին, հասարակությանը:



- Միանշանակ: Մենք մեր խղճի առաջ հանգիստ ենք: Մենք ամեն ինչ արեցինք եւ հասարակությանն ու միջազգային հանրությանն էլ ցույց տվեցինք, որ մենք փորձում ենք եւ մեզնից կախված ամեն ինչ անում ենք՝ անգամ մեր համախոհների որոշակի շրջանակ կորցնելով, որ էս երկրում խնդիրները լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բայց քանի որ իշխանությունները դա չեն ընդունում ու չեն հասկանում, հետագա ցանկացած գործողության պատասխանատուն իրենք են:



- Եթե քաղաքական բանակցություն ու համաձայնություն չլինի, ի՞նչ կարող է սպասվել առաջիկա ընտրությունների անցկացման ժամանակ:



- Մեզ սպասում են արտահերթ ընտրություններ: Հասարակությունն իր համախմբվածությամբ, իր բողոքի ուժով պիտի իշխանություններին պարտադրի, որ իշխանություններն իրենց մոտեցումներում ճիշտ չեն, ու ստիպի իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների: Էնպես, ինչպես լինում է դիկտատուրայով առաջ շարժվող բոլոր երկրներում: Էնպես, ինչպես իշխանություն է փոխվում այն երկրներում, որտեղ դիկտատուրա կա, էնպես էլ Հայաստանում է փոխվելու: Այլ ճանապարհ չկա:



- Ուզում եք ասել՝ մնացել է հեղափոխակա՞ն ճանապարհը:



- Կուզեք դրան հեղափոխական ճանապարհ ասեք, կուզեք դրան իշխանափոխություն ասեք: Բայց փորձը ցույց է տալիս, որ երբ հասարակությունը հավաքվել է, իր հավաքականությունը ցույց է տվել ու խնդիր է դրել իշխանությունների առաջ, էդ ժամանակ է, որ թե միջազգային հանրության, թե հասարակության, թե աշխարհի ճնշմամբ իշխանությունները քայլ են արել: Հետեւաբար առաջիկայում ամենակարեւոր խնդիրը հասարակության լայն զանգվածներ հավաքելն է: Դրանից հետո իշխանությունները կառաջարկեն արտահերթ նախագահական ընտրություններ, կփորձեն երկխոսել՝ դա արդեն իրենց գործն է: Մենք հնարավորություն տվել ենք նրանց առանց ժողովրդի հավաքվելու, առանց ընդհանրությունների գնալ արտահերթ ընտրությունների: Եթե իրենք չեն գնում դրան, ապա հասարակությունն իր հավաքականությամբ պարտադրել է նրանց գնալ արտահերթ ընտրության: Էնպես չստացվի, ինչպես արաբական երկրներում, որ երբ իրենք ուզեն բանակցել, արդեն ուշ լինի:



- Ի՞նչ է սպասվում ՀԱԿ-ի սեպտեմբերի 9-ի հանրահավաքում:



- Սեպտեմբերի 9-ի հանրահավաքը ՀԱԿ եւ իշխանություններ բանակցությունների գործընթացին կանդրադառնա, եղած հնարավորություններին ու ապագայի մարտավարությանը: ՀԱԿ-ը մշակել է ծրագրեր թե բանակցային ճանապարհով  արտահերթ ընտրությունների հասնելու, թե բանակցությունների ձախողման դեպքում արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհը: Ես կարծում եմ, որ այս հանրահավաքում մենք կանդրադառնանք ՀԱԿ-ի առաջիկա գործունեության ձեւերին ու տարբերակներին:



- Կարծում եք ընդդիմությանը կհաջողվի՞ կրկին լայն մասսաներ հավաքել, երբ իշխանության հետ երկխոսության գնալու որոշումը որոշակի նոսրացրեց ընդդիմության շարքերը:



- Գիտեք՝ կան մարդիկ, որոնք որեւէ կերպ չեն ուզում այդ իշխանությունների հետ որեւէ շփում ունենալ: Ես այդ մարդկանց հասկանում եմ: Բայց նաեւ ՀԱԿ-ը ճիշտ վարվեց՝ փորձ անելով խաղաղ ճանապարհով խնդիրներ լուծել: Էն մարդիկ, ովքեր չէին ուզում իշխանությունների հետ բանակցել, իշխանամետ չդարձան, էդ մարդիկ ընդդիմադիր մնացել են եւ ընդդիմության ցանկացած գործողության մասնակցելու են: Ես կասկած չունեմ, որ ՀԱԿ-ը բազմահազարանոց հանրահավաքներ կարող է կազմակերպել: Եթե փորձի մարզերով անցնել ու հանրահավաքի օր նշել, էդ հանրահավաքի մասնակիցների թիվը կանցնի 100 հազարը եւ ավելին, որովհետեւ էս իշխանությունները ոչինչ չեն արել, որ էս ժողովրդի կեցությունը, կյանքը, ապահովությունը բարելավեն:  Ընդհակառակը՝ օր-օրի ավելի վատացրել են, ավելի հուսահատեցրել, օր-օրի կյանքը թանկացրել: Էս առումով ես հակված եմ, որ հանրահավաքի մասնակիցների թիվն ավելանալու է ու ոչ թե պակասելու: