Համակարգին պատի՞վ բերեց ՃՈ պետի ձերբակալությունը

Համակարգին պատի՞վ բերեց ՃՈ պետի ձերբակալությունը
Սեպտեմբերմեկյան առավոտը ոչ միայն եռուն էր կրթական հաստատությունների բակերում, այլեւ կառավարության շենքի դիմաց: Այնպիսի տպավորություն էր, թե այստեղ էլ են ամառային արձակուրդից վերադարձել: Թխացած լրագրողներն ու ոստիկանները քանակով գերազանցում էին բողոքի ակցիայի մասնակիցներին: Իսկ երեկ, բացի մշտական բողոքողներից, ակցիա էր անում նաեւ ֆեյսբուքյան «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնությունը: Ինչպես միշտ, կառավարության առջեւ «ամոթ» բացականչություններով ողջունեցին ու հրաժեշտ տվեցին կառավարության նիստից դուրս եկած պաշտոնյաներին:



Սակայն նրանց ամոթանքներին արձագանքեց միայն ոստիկանապետը, որն իրեն ուղղված ամոթանքները լսելով՝ կանգնեց ու «բացատրություն» պահանջեց: Երբ պարզվեց, որ խոսքը խաղաղ պայմաններում զոհված զինվորներին է վերաբերում, հիշեցրեց, որ այդ ոլորտի պատասխանատուն Սեյրան Օհանյանն է, որից հետո հայտնվեց մի քանի տասնյակ լրագրողների ու օպերատորների «տուպիկում»՝ Ճանապարհային ոստիկանության այլեւս նախկին պետ, ձերբակալված Մարգար Օհանյանի թեմայով:



Դեռեւս մեկ շաբաթ առաջ, նախորդ նիստին, ոստիկանապետը լրագրողների հետ խոսում էր ենթակայի պաշտոնանկ լինել-չլինելուց, իսկ երեկ արդեն թեման կալանքի հավանականությունն էր, ինչի շուրջ,  ինչպես պաշտոնանկության վերաբերյալ հարցի դեպքում, չկարողացավ կոնկրետ կանխատեսումներ անել. «Այս պահին չեմ կարող կանխատեսել, Հատուկ քննչական ծառայությունը համապատասխան քննություն է անցկացնում, այսօր-վաղը համապատասխան քննության արդյունքում դատարանը կորոշի՝ կալանք կա՞, թե՞ չէ»: Ինչ վերաբերում է ՃՈ յուղոտ պաշտոնի նոր թեկնածուի ով լինելուն, ասաց, որ բավականին հագեցած ցուցակ ունի. 8-10 թեկնածու կա, որոնց անձնական գործերն է մանրակրկիտ ուսումնասիրում: «Աշխատելու եմ ընտրել մարդ, որը կիրականացնի իր վրա դրված իրական գործառույթները, ուղղակի կզբաղվի Ճանապարհային ոստիկանության որակի բարձրացման գործով»,-ինքնավստահ հայտարարեց Ալիկ Սարգսյանը: Հարցին, թե արդյոք այդքան բենզինի յուրացումը չի՞ նպաստել ճանապարհային ոստիկանների աշխատանքի թերացմանը, արդյոք այդ «պակասի» մասին, մինչ ստուգումները, դժգոհություններ չե՞ն եղել, պատասխանեց՝ հղում անելով ազգային ու մասնագիտական «ոսկրացած մենթալիտետին», թե վատ անուն վաստակելու մտայնությամբ խուսափել են վերեւներին ասել կամ մտածել են, թե նրանք արդեն տեղյակ են: Վերադառնալով ձերբակալված իր հին ընկերոջը, արդարացավ՝ ձեռքի հետ էլ հերքեց իրենց հակասությունների մասին լուրերը.



«Եթե որեւէ մեկին թվում է, որ ես դրանից կարող եմ ինձ ավելի լավ զգալ, ու լավ տրամադրություններ կլինեն՝ ոչ: Բոլորդ գիտեք, որ  Օհանյանի հետ ամենամարդկային, ջերմ ու ընկերական հարաբերություններ են եղել, ցավում եմ, որ էդպիսի բան ստացվեց: Եթե ունեմ տրամադրության անկում, ապա՝ միայն մարդկային»:



Իսկ որպես պետական պաշտոնյայի՝ երբեք տրամադրության անկում չի ունենա: «Կարծում եմ, որ նման բացահայտումը պատիվ է մեր համակարգի համար»,-հպարտացավ նա: Նշենք նաեւ, որ այս աղմկոտ բացահայտումից օրեր անց, երբ դեռ Օհանյանն արձակուրդում էր, կայքերից մեկում սպրդեց տեղեկատվություն, ըստ որի՝ Օհանյանը 1991թվականին մարդ է սպանել:



Մեր հարցին, թե արդյո՞ք սա ոստիկանության կազմակերպած «ուտեչկան» չէր, եւ այդ «մարդասպանության  բացահայտման» ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկել, պատասխանեց. «Ես այդ մասին որեւիցե տեղ հայտարարություն չեմ արել, եւ էդպիսի քրեական գործ ոստիկանությունում էս պահին չկա: Ամեն դեպքում ասել եմ, որ նայեն՝ ելնելով հրապարակումից, հետազոտեն, հասկանան: Շտաբին հանձնարարել եմ, որպեսզի համապատասխան ստուգումներ կատարի, ստուգի»: Ինչպես բոլոր «բացահայտումները», այնպես էլ Մարգար Օհանյանի դեպքը ոստիկանապետը որակում է որպես համակարգի ինքնամաքրման գործընթաց: