Մեծն Արգամիչն ու նրա բարեգործությունները

Մեծն Արգամիչն ու նրա բարեգործությունները
Երեկ մենք անչափ ուշագրավ գրություն ենք ստացել Ազգային ժողովից, որտեղ ըստ երեւույթին արդեն սկսել են Հովիկ Արգամիչի նախընտրական PR-ը: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, չգիտես ինչու, արձագանքել է «Արտաշատի նեխած լիճը» մեր հրապարակմանը: Մինչ տեքստի վերջին հասնելը մեզ թվում էր, թե արձագանքողն Արտաշատի քաղաքապետարանն է, որին անմիջականորեն վերաբերում էր հրապարակումը: Փաստորեն, ԱԺ մամուլի վարչությունը կես դրույքով նաեւ Արարատ-Արտաշատ տարածքն էլ է «նայում»: Ինչ է ասված այդ պատասխանի մեջ:



Բարոյախրատական մի շարք նկատառումներից հետո, որտեղ խիստ սուբյեկտիվ եւ իրենց չվերաբերող դիտարկումներ են արել, ասել են, որ Արտաշատ քաղաքի լիճը կապ չունի Արտաշատում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու հետ: Բնականաբար՝ իրավական առումով կապ չունի: Իսկ փաստական կապի մասին մենք կարող ենք խոսել՝ միայն հղում անելով արտաշատցիների խոսքերին, որոնք շատ ավելի ճշգրիտ են, քան ԱԺ պաշտոնական խողովակներից ստացվող արարողակարգային հաղորդագրությունները, որոնցից սովետական «Վրեմյայի» շունչն է փչում: Բայց ամենահետաքրքիրն այն ժուռնալիստիկայի-քծնանքի-մեծարման նմուշ տեքստն է, որը տպագրում ենք ստորեւ՝ հուսալով, որ դուք էլ նույնքան բավականություն կստանաք կարդալիս, որքան մենք ստացանք:



«Հովիկ Աբրահամյանի կյանքի ու աշխատանքային կենսագրության զգալի մասը կապված է Արտաշատի հետ, եւ անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ պաշտոններ է զբաղեցրել` քաղխորհրդի գործկոմի նախագահ, քաղաքապետ, մարզպետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի նախագահ, նա երբեք չի կտրվել Արտաշատից, միշտ տեղյակ է նրա խնդիրներին ու ձգտում է աջակցել դրանց լուծմանը, մանավանդ որ նաեւ այդ տարածքի պատգամավոր է:



Այդ շրջանակում եւ ընդհանրապես որպես հայ քրիստոնյայի վերաբերմունքի արտահայտություն պիտի դիտարկել Արտաշատում Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը, որն իրականացվում է Աբրահամյան ընտանիքի ու որոշ բարեգործների միջոցներով եւ ոչ մի կապ չունի ու չի էլ ունեցել «Հրապարակի» հոդվածում նշված միջոցների հետ: ...Ինչ վերաբերում է Արտաշատի լճին, Հովիկ Աբրահամյանի քաղաքապետության տարիներին լիճը միշտ էլ խնամված ու մաքուր է եղել: Եվ եթե տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այն այսօր անմխիթար վիճակում է, կարծում ենք` դա կառուցվող  եկեղեցու կամ նրա շինարարության հովանավորների մեղքը չէ»:



Եվ վերջապես, «ամենաքրիստոնյա ու սուրբ» կառույցից՝ Ազգային ժողովից ստացված խորհուրդը. «Արդարացի կլինի, որ եկեղեցու շինարարության ավարտից հետո «Հրապարակի» հոդվածագիրը եւ նրան տեղեկություններ մատուցած չար լեզուները լինեն նրա առաջին ուխտավորներից եւ ապաշխարեն»:



Մեզ մնում է ընդամենը նշել, որ եթե ուխտից, հավատից ու ապաշխարանքից արդեն Հովիկ Արգամիչն ու իր շրջապատն են խոսում, մենք նախընտրում ենք հավատալ սատանաներին եւ երբեք եկեղեցի չմտնել: Փարիսեցիությունն ու կեղծիքն էլ պետք է սահման ունենան: