Ահա նրա տղամարդը` Կարեն Արայան

Ահա նրա տղամարդը` Կարեն Արայան
ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ  լուսանկարները տեղադրել համացանցում: 25-ամյա երիտասարդը՝ Կարեն Արայանը, 28-ամյա Անժելա Սարգսյանի զուգընկերն է եղել:  Նրանից բացատրություն է վերցվել, եւ Կարենը խոստովանել է, որ ինքն է կադրերը տեղադրել համացանցում, որպեսզի «պատռի Անժելայի կեղծ դիմակը»:



Երիտասարդին նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Այս պահին կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կարեն Արայանը 2006թ.-ին դատապարտվել է ավազակային հարձակման համար, իսկ 2009թ.-ին պայմանականով ազատ է արձակվել: Ոստիկանությունում, սակայն, ոչինչ պաշտոնապես չասացին՝ նախաքննություն է ընթանում:



Անզուգական քառյակը. ով ումից է վառված



Լիլիթի դերակատար Ա. Սարգսյանը, չնայած ծանր հոգեվիճակին,  հանգստյան օրերին պարապ չի մնացել եւ հարցազրույց է տվել լրատվամիջոցներին: Նա ասել է, որ նկարներ տարածողը «աբիժնիկ» է: Գործընկերուհիների նման պահվածքը նա բացատրել է նրանով, որ իր հաջողությունները պարզապես կուրացրել են ընկերուհիներին:



«Սա նրանց բարոյական իրավունք չի տալիս, որ իրենք ամբողջ քաղաքով տարածեն, թե ես սրա կամ նրա սիրուհին եմ: Սա մարդու, կնոջ իրավունքի ոտնահարում է: Ոչ ոք ճշմարտությունը չգիտի, եւ այնպիսի լուրեր են տարածել, որոնք ճշմարտությանը չեն համապատասխանում»,-ասել է Անժելան: Սերիալի աղջիկների  «շեֆուհին»՝ Սոֆայի դերակատար Ագնեսա Շահնազարյանն էլ իր հերթին մեկ այլ լրատվամիջոցում մարտահրավեր է ուղարկել Անժելային: «Ինչո՞ւ է մեր երեքի դեմ դուրս եկել, գուցե վառվա՞ծ է մեզանից»,- հարցնում է Ագնեսան եւ պատմում, որ իրենք ճանաչում էին այդ տղային:



«Բոլորին խաբել է ու ասել, որ այդ տղան իրեն ծեծել է, եւ մենք ներկա ենք եղել. այդպիսի բան չի եղել, ամբողջ անձնակազմի անունից եմ ասում: Գուցե իրենց սիրային պատմություններից հետո ծեծել է, բայց մենք ընդհանրապես տեղյակ չենք ինչի մասին է խոսքը: Նման դեպք մեր աչքի առաջ չի եղել, հակառակը՝ այդ տղան շատ լավ է վերաբերվել Անժելա Սարգսյանին»,-ասել է նա:



Ըստ Ա. Շահնազարյանի, Անժելան այդ տղային բերում էր նկարահանման տաղավար, ներկայացնում որպես ընտանիքի ջերմ բարեկամ: «Հետագայում էլ իրեն թիկնապահ  հայտարարելով, որ իրեն ուզում են սպանել, եւ այդ տղան պետք է պաշտպանի իրեն բոլորից: Մեր ամբողջ ինֆորմացիան սա է եղել»,-ասել է Ագնեսան՝ խորհուրդ տալով Անժելային «ստացիոնար բուժվել»:



Անժելայի հավատքը



Մամուլում լուրեր տարածվեցին, թե Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու համակիրներից է: Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում նրա անվան հետ կապված լուրերին: «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նշեց, որ էթիկայի տեսանկյունից կոռեկտ է, երբ որեւէ անձի  դավանանքային կամ եկեղեցական պատկանելության մասին արտահայտվում է տվյալ անհատը:



«Բայց եթե անգամ Անժելա Սարգսյանը հաճախել է «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցի, միեւնույն է` ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանելու այդ հարցը: Նախ, որովհետեւ յուրաքանչյուր մարդու, առավել եւս կնոջ անձնական կյանքն անձեռնմխելի է, եւ դրան միջամտելը մեզ համար` անընդունելի: Մարդու անձնական կյանքի վերաբերյալ հասարակությունը կարող է տեղեկացված լինել այն չափով, որ չափով նպատակահարմար է գտնում տվյալ անհատը: Եվ երկրորդ` դեռեւս հասարակությանը հայտնի չեն այս պատմության հանգամանքներն ու մանրամասները»:



Իսկ Անժելային կարգելվի՞ գալ եկեղեցի: «Գիտեք, «Կյանքի խոսք» եկեղեցին, որպես քրիստոնեական եկեղեցի, երբեք իր դռները չի փակում մարդու առջեւ, առավել եւս, երբ անձը գտնվում է իր կյանքի դժվարին կացության մեջ: Մենք մեր եկեղեցու առաքելությունը տեսնում ենք նաեւ հենց այդպիսի վիճակում հայտնված մարդուն օգնելու մեջ, որպեսզի նա կարողանա ապաքինել իր վերքերը, վերականգնել իր կյանքի ընթացքը: Համոզված եմ, որ անախորժ վիճակում գտնվող մարդուն պետք է բարոյապես սատարեն ոչ միայն եկեղեցիները, այլեւ նրան շրջապատող մարդիկ: Դժվարության մեջ հայտնված մարդուն հարվածելը ոչ դժվար գործ է եւ ոչ էլ պատվաբեր, ավելի գովելի է նրան օգնության ձեռք մեկնելը»,-ասաց մամուլի խոսնակը:



Բա իրա՞նք ով են…



Ինչպես զարգացած երկրներում, Հայաստանում եւս, կարծում ենք, մարդն ունի անձնական կյանքի իրավունք: «Ֆեյսբուքի» օգտատերերը սկսել են մի նախաձեռնություն՝ պաշտպանելով Ա. Սարգսյանին: Մենք էլ փորձեցինք օնլայն կյանքից դուրս մեր հարցախույզն անել: 58-ամյա տիկին Սաթիկն այդ սերիալի սիրահարներից է: «Չեմ մեղադրում՝ կյանք է, բայց եթե իրականում նման բան եղել է, Անժելան թող հայտարարեր, որ ինչ արել՝ լավ է արել, ո՞ւմ աչքն է հանել»,-ասաց տիկին Սաթիկը՝ ավելացնելով, որ  դա մեծ պատիվ կբերեր «իր սիրած Լիլիթին»:



Ուսանող երիտասարդներն էլ հրաժարվեցին տեսակետ հայտնելուց, միայն հարցրին՝ ախպերս, էդ վիդեոն ո՞նց տենանք, կասե՞ս: Մեր հարցումները պարզեցին, որ հեռուստադիտողներն ունեն իրարամերժ կարծիքներ, եւ դրանք խմբավորելով, միջին հաշվարկով, ստացվում է, որ մեղադրողներն ու  պաշտպանողները համարյա  հավասար են: Սակայն 35-ամյա մի տղամարդու տեսակետ չէինք կարող չգրել:



«Բա իրա՞նք ով են… Էդ, էլի՝ մյուս խաղացողները: Իբր իրանք մաքուր են, հա՞, չեն սիրել, հա՞, որեւէ մեկին, սեքս չեն արել: Ժամանակին ինչեր էին պատմում… ամոթ է ուղղակի, սթափվել է պետք»,- ասաց տղամարդը: