Մեկը քեզնից է խլում, մյուսից դու ես խլում

Մեկը քեզնից է խլում, մյուսից դու ես խլում
2010թ. օգոստոսի 26-ին «Աչքն ուրիշի ունեցվածքի վրա է» հրապարակմամբ անդրադարձել էինք Թումանյան փողոցում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանի եւ դրան հարակից Թումանյան 23 ա հասցեում գտնվող շինության միջեւ արդեն երեք տարի ընթացող վեճին: Այսօր, երբ մեծամասշտաբ պարտքի դիմաց «Յունիբանկը» փորձում է Մանվել Տեր-Առաքելյանից վերցնել նրան պատկանող «Հին Էրիվանը», հիշեցինք կոշիկի խանութ համարվող, այժմ չգործող փոքրիկ շինության սեփականատեր Վաչագան Հովսեփյանին եւ փորձեցինք պարզել, թե վեճն ինչպես է ավարտվել:



«Վաղը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում հերթական դատական նիստն է: 1958թ. կոշիկի խանութն աշխատեցրել է հայրս, 1994թ. սեփականաշնորհել ենք: Իսկ 2007թ. իմ շինության վրա եւս երկու հարկ սարքելու օրինական թույլտվություն եմ ստացել քաղաքապետարանից, ինչն էլ այդ մարդը թույլ չի տալիս իրականացնել: Նույն թվականից խանութը փակել եմ՝ չդիմանալով Մանվելի սպառնալիքներին ու անօրինական ճնշումներին: Արդարության զգացումն ինձ հուշում էր, որ մի այդպիսի բան լինելու է նրա հետ՝ որպես պատիժ, բայց չէի սպասում, թե դրա լուծումը բանկի հետ բախումով է ավարտվելու: Չէի կարծում, որ բանկը կկարողանա վերցնել այն մարդու ունեցվածքը, ով, չբավարարվելով իր շատով, ուրիշի փոքրիկ ունեցվածքին էր աչքը տնկել: Սա Աստծո դատն էր:



Այդ մարդը մինչեւ հիմա հզոր է եղել եւ գործել է անօրինական դաշտում, ու նրա ձեռքը ոչ ոք չի բռնել: Բանվորիս վրա զենք է պահել, մյուսի վրա ապակե շշով է հարձակվել, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին հայհոյանք է տեղացել շինարարության թույլտվության համար, ասելով՝ լսեք, ժողովուրդ, քաղաքապետի մերը... եւ այդ ամենը մարսել է: Վարչապետը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ «Հին Էրիվանի» անօրինական կառույցները պետք է վերացվեն, բայց չվերացվեցին: Էլ ի՞նչ չմարսեց, երբ կար չորս փորձագիտական կազմակերպության եզրակացություն, եւ անցյալ դեկտեմբերին, հակառակ դրան, ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը չեղյալ համարեց իմ նախաձեռնած շինարարության քաղաքապետարանի թույլտվությունը:



Երբ ուզում էր իմ օբյեկտը խլել, ասաց՝ ես մեշոկով փող ունեմ, կծախսեմ ու իմ ուզածին կհասնեմ: Վերջերս էլ, որ հանդիպեցինք, ինձ թվում էր, թե զիջել է դիրքերը, բայց նույն մարտունակն էր մնացել՝ ասելով, որ անօրինական պատուհան եմ բացել քո կողմից, կեղտաջուրը լցնում եմ քո շինության վրա, ճիշտ եմ անում: Ի պատասխան հարցրեցի՝ ունեցածդ մեշոկով փողը մնացե՞լ է, թե՞ լրիվ ծախսել ես դատական պրոցեսի վրա: Իսկ որ ինքը նշում է, թե օրինական հարկատու է, թող իրավաբանները պարզեն վերջին տարիներին ավելացրած մի քանի հարկերի համար, որ ռեստորան ու սրճարան են, արդյո՞ք կանոնավոր հարկեր վճարել է: Եվ այդպիսի մարդու օջախում մեր հանրապետության իշխանավորներն ու բարձրաստիճան հյուրերը հաց են ուտում»,- ասաց Վաչագան Հովսեփյանը:



Իսկ Մանվել Տեր-Առաքելյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը ոչ մի շահադիտական նպատակ չունի: Ըստ նրա, երբ սկսվեց Հովսեփյանի խանութի շինարարությունը, չգիտես ինչու, փորձեցին օգտագործել «Հին Էրիվանի» հենասյուները: «Ես դիմել եմ համապատասխան ատյաններին՝ խնդրելով կասեցնել շինարարական աշխատանքները, մինչեւ այդ հարցը չլուծվի:  Քաղաքաշինական նորմերով, երկու շենքերի միջեւ ամենաքիչը 20-30 սմ տարածություն պիտի լինի: Թող այդ նորմը պահի եւ իր շինարարությունն անի»,-ասաց Մ. Տեր-Առաքելյանը:



Ֆելիքս Եղիազարյան