Ձեզ կխփեմ ու կդատվեմ

Ձեզ կխփեմ ու կդատվեմ
Երեկ ««Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատական առաջին նիստն էր: Մառոզը դատարանում վիճարկում է մեր այն հրապարակումը, որտեղ գրել էինք, որ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է ծագել իր եւ հրամանատարական կազմի միջեւ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի:



Այդ լուրից հետո կինն արշավել էր խմբագրություն՝ ջարդել-փշրել, հայհոյել ու անիծել ներկաներին՝ լրագրողներին ու խմբագրին, եւ անարգել հեռացել: Հետո արդեն բոլորին վստահեցնում էր, թե ինքը որեւէ վիճաբանություն չի սարքել, եւ հարցազրույցներ էր տալիս՝ պնդելով.



«Ես օրինակելի ծնող եմ եղել, օրինակելի հարս, որեւէ մեկը չի կարող ասել, որ մեկ անգամ իմ բարձր ձայնը լսել է»: Այս պնդումներին հավատաց անգամ դատախազությունը, որը մերժեց մեր դիմումը եւ նրա նկատմամբ քրեական գործ չհարուցեց: Սակայն երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Մառոզն ապացուցեց, որ մեր վերը նշված տեղեկությունը, որը հերքելու պահանջով մտել է դատարան, հեռու չէ իրականությունից:  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեկվա դատական նիստի ավարտից հետո տիկին Մարգարիտայի «ելույթը»:



Նա անդադար անիծում էր մեր թղթակցին եւ փաստաբանին: «Սեւ շորերս մամադ հագնի ու գա դատարանի դահլիճ», «Իմ շորերը տամ՝ մամադ հագնի», ««Բալա» բառը կպնի բալիդ դագաղին...», «Փաստաբան ա էկել՝ բալիդ փաստաբանը ըլնես...»,- անդադար անիծում էր Մառոզը, իսկ վերջում էլ հավելեց.



«Գիտես վախենո՞ւմ եմ դատվելուց: Ձեզ խփելուց հետո կդատվեմ: Ձեր դիակը փռելուց հետո: Մոռացել եք մի բան էլ գրեք՝ որ անձնական զենք ունեմ»: