«Եղնիկների» գործով նոր ձերբակալվածներ կան

«Եղնիկների» գործով նոր ձերբակալվածներ կան
Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ եւս երկու սպա է ձերբակալվել: Նրանք զորամասի բուժծառայության կետի սպաներ են: Այս մասին լրատվամիջոցներին ասել է զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:



Հիշեցնենք, որ «Եղնիկների» գործով մեղադրվող սպան՝ բուժկետի բժիշկը,  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 375 հոդվածի 1-ին մասի (իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ անգործություն) հատկանիշներով հանցագործություն կատարելու համար: Նշենք, որ այդ զորամասում ընդամենը 8 ամիս ծառայած Աղասի Աբրահամյանը մահացել էր օգոստոսի 26-ին: Զինվորի ընտանիքը համոզված է, որ տղան դաժանաբար ծեծվել է եւ գանգուղեղին հասցված   վնասվածքների արդյունքում մահացել: Այս գործի շրջանակներում կա եւս  մեկ կալանավորված զինծառայող:



Նրան  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար` «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություն գործադրելով»: