Թանկարժեք ավտոմեքենաներ ստացավ

Թանկարժեք ավտոմեքենաներ ստացավ
Սեպտեմբերի 5-ի կեսօրին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակն աշխուժացել էր։ Հրապարակի կենտրոնում զինվորական նվագախումբ էր հայտնվել, շարքերով զինվորներ էին կանգնել։ Շուտով հրապարակի երկու կողմից հայտնվեցին մերձակա կառավարության եւ ԱԺ շենքերի աշխատողներ։



Ապա նրանց միացան հետաքրքրասեր մայրաքաղաքացիներ, եւ խոսակցություններ շրջանառվեցին, որ Վերածննդի հրապարակում իրար կողքի կանգնած արտասահմանյան 6 սպիտակ թանկարժեք ավտոմեքենաները (յուրաքանչյուրը՝ 45 հազար դոլար արժողությամբ) տրվելու են ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին։ Կարծիքներ հնչեցին, որ բանակին են տալու՝ դրա համար են զինվորականներին բերել։ Ապա նախագահական շենքից դուրս եկան երկրի ղեկավարները՝ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օլեգ Եսայանը եւ այլ անձինք ու տեղ զբաղեցրին նոր տեղադրված ամբիոնի հետեւում։



Արցախի սոցապնախարարուհին մոտեցավ ամբիոնին, եւ նրա խոսքից պարզ դարձավ, որ ռուսաստանաբնակ բարերար Արթուր Վարժապետյանը, որն Արցախում մասնակցել է տարբեր ծրագրերի իրականացմանը, այս մեքենաները հանձնում է սոցապնախարարությանը։ Հայտնի դարձավ, որ մինչ այդ Բ. Սահակյանը նախագահական նստավայրում բարերարին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով։ Բարերարը նվերների հանձնման վերաբերյալ փաստաթուղթը տվեց նախարարուհուն եւ սեղմեց վերջինիս ձեռքը։



Հետո շուրջ կես ժամ զինվորականները քայլերգեր նվագեցին, զինվորները նվագի տակ ավտոմատներով զանազան վարժություններ կատարեցին։ Վերջում նվագախումբը նվագեց հանրահայտ «Երեւան-Էրեբունի» երգը, եւ միջոցառումն ավարտվեց։ Երկրի ղեկավարները բարձրացան նախագահական շենք, արեւի տապին աշխատավայրերից հրապարակ դուրս եկած աշխատողները կրկին գնացին իրենց գործին, հրապարակում մնացին արեւի տակ զինվորների պես գեղեցիկ կանգնած ավտոմեքենաները։



Հրապարակում հայտնված փոքրաթիվ շարքային ստեփանակերտցիները մնացին տարակուսած։ Այս ամենը նրանք կարող էին կատարել նաեւ նախագահական նստավայրում, առանց դուրս գալու շենքից։ Զինվորականներն էլ ավելորդ հուզմունքից երկու անգամ ձեռքներից վայր չէին գցի ավտոմատները։



Արեգ Վարդանյան