Տարոնում գործադուլ է

Տարոնում գործադուլ է
Նախօրեին ողջ օրը չեն աշխատել Վանաձորի Տարոն-4 թաղամասն սպասարկող 8 համարի երթուղայինները: Պատճառը թաղամաս բարձրացող ճանապարհի քանդված վիճակն է, որն արդեն լցրել է ինչպես թաղամասում ապրողների, այնպես էլ երթուղայինների վարորդների համբերության բաժակը: Մենք դրան բազմիցս  անդրադարձել ենք:



Դեռեւս նախորդ ամիս Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը գլխավոր փողոցը չբարեկարգելը պատճառաբանել էր «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից ջրագծերի փոխման աշխատանքներով, ըստ որի՝ ճանապարհը պետք է բարեկարգվեր միայն շինաշխատանքների ավարտից հետո, որն էլ, ըստ Մելիքյանի, «մինչեւ օգոստոսի վերջ արվելու էր…»:



Այսօր, սակայն, արդեն սեպտեմբերի 7-ն է, եւ ոչ շինաշխատանքներն են սկսվել, ոչ էլ փողոցի ասֆալտապատումը: Իսկ վերջին օրերի հորդառատ անձրեւներն էլ ավելի են քանդել ճանապարհը, այն դարձնելով առավել անանցանելի, ինչից դրդված էլ՝ վարորդները գործադուլ են հայտարարել:



«Էդ ճամփով էլ չենք կարում քշենք, մեռանք քաղաքապետարանին ասելով, որ եկեք գոնե թեթեւ նորոգեք, բայց դե իրանց պետքը չի»,- դժգոհեց ավտոբուսի վարորդներից մեկը, ավելացնելով, որ իրենք գիծ դուրս չեն գալու այնքան ժամանակ, մինչեւ ճանապարհը չբարեկարգեն: «Շատ հնարավոր ա, որ վաղն էլ, մյուս օրն էլ չաշխատենք. եթե ճամփա չկա, որտեղո՞վ քշենք»,-հայտարարեցին վարորդները: Նրանց խոսքով՝ արդեն մեկ տարի իրենք կյանքի գնով են աշխատում. «Դիմել ենք, եկել են կիսատ շինել-գնացել, ամեն տարի մի քանի մետր կիսատ սարքում են ու գնում»:



Օրական 2 ավտոբուս եւ 14 միկրոավտուբուս սպասարկող ճանապարհը կարծես թե անտեսվել է Վանաձորի քաղաքապետարանի կողմից, համենայնդեպս ինչպես վարորդները,այնպես էլ մենք այդ տպավորությունն ենք ստացել:



Խնդրի հետ կապված՝ կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը մեզ հետ զրույցում կրկին նշեց, որ իրենք սպասում են ջրագծերի փոխման աշխատանքների ավարտին. «Հենց պրծան, պետք ա սարքենք»: Մեր հարցին, թե ե՞րբ է վերջնականապես սպասվում ճանապարհի բարեկարգում, վստահեցրեց. «Էս ամսվա վերջ ամենաուշը, մինչեւ էդ ասել եմ՝ խճաքար կլցնեն»:



Ավելացնենք, որ տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացրել հատկապես ուսանողության եւ դպրոցականների համար, ովքեր քաղաք հասնելու համար ամենաքիչը պետք է 1000 դրամ վճարեն, նույնքան էլ՝ գործից տուն գնալու համար.



«Իրանք կարող է չգիտեն, որ մենք էդքան փող չունենք տաքսիներին տալու, երեխեքիս՝ տաքսով, ես՝ տաքսով, է, բա տենց ո՞ւր կհասնի: Թե՞ քաղաքապետը չի տեսել, թե ինչ է կատարվում այստեղ»: