Մանկական տրավմայից մինչեւ մանկասպանություն

Մանկական տրավմայից մինչեւ մանկասպանություն
Սեպտեմբերի 6-ին Արարատ քաղաքի բնակչուհի, 34-ամյա Ռոզա Ալոյանն սպանել է իր երկու որդիներին՝ 6 տարեկան Վարդանին ու 4-ամյա Հայկին: Ամուսինը՝ Գագիկ Խաչատրյանը, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում տարօրինակություններ նկատելով կնոջ վարքի մեջ, մոտ 5 տարի առաջ լքել է ընտանիքը՝ թողնելով, որ «տարօրինակ» կինը մենակ ապրի իր զավակների հետ:



Մանկական տրավմա՞



22 տարի առաջ՝ 1989-ին, երբ Ռոզան 12 տարեկան է եղել, նրա հայրը` Հակոբ Ալոյանը, կացնահարելով սպանել է մորը: Սա հայրն արել 4 երեխաների աչքի առաջ, որից հետո հորը 14 տարի ազատազրկման են դատապարտել, իսկ Ռոզային՝ երկու քույրերի եւ եղբոր հետ տեղափոխել Գավառի մանկատուն: Մանկատանը եղբոր ու մի քրոջ վարքի մեջ տարօրինակություններ, մասնավորապես՝ մտավոր հետամնացություն է նկատվել, իսկ Ռոզան եւ մյուս քույրը, մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի պատմելով, եղել են միանգամայն նորմալ: Հետագայում եղբայրը հայտնվել է բանտում, որտեղ էլ ինքնասպանություն է գործել: Իսկ Ռոզան մինչեւ 1995 թիվն ապրել է մանկատանը, այստեղից էլ ուսանել է Էրեբունու բժշկական քոլեջում՝ ստացել է բուժքրոջ մասնագիտություն, ապա, պետական ծրագրի շրջանակներում՝ տուն:



Մանկատնից դուրս գալուց հետո էլ ծանոթացել է ամուսնու հետ, որը ժամանակին աշխատել է «Մոսկվա» կինոթատրոնում՝ օձեր եւ այլ սողուններ է վարժեցնելիս եղել: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Ռոզան վերջին տարիներին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ է եղել: Սակայն այդ աղանդի անդամները մեզ հետ զրույցում հերքեցին դա: Հոգեբանները չեն բացառում, որ, տեսնելով մոր սպանությունը, 12-ամյա աղջնակի մոտ կարող էր առաջանալ հոգեկան տրավմա, ինչը հետագայում հնարավոր է խորացած լիներ եւ հանգեցներ այս սահմռկեցուցիչ արարքին:



Քրիստոսն օրհնում է երեխաներին



Երբ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները մտել են Շահումյան փողոցում գտնվող բնակարանը եւ տեսել սավանի վրա պառկեցրած մանկական դիակները, լաց են եղել: Ըստ նախնական տեղեկությունների, Ռոզա Ալոյանը խոհանոցում ջրի խողովակից օղակ է սարքել, սավանը գցել է ավագ որդու վզից եւ կախել: Երեխան 10 րոպե հետո շունչը փչել է: Երկու ժամ թողել է կախված վիճակում: Փոքր որդին մորը խնդրել է՝ «Մամ, ինձ ապերիկի նման չես անելու, չէ՞»: Մայրն ասել է՝ չէ, բալես, մի վախեցիր: Սա մանկասպանն է պատմել ոստիկանությանը: Բայց  Հայկին  էլ է  նույն ձեւով կախել: Երկուսին իջեցնելով, դրել է կողք-կողքի՝ մահճակալին, որից  հետո, փակելով դուռը, գնացել է: Հեռանալուց առաջ բացել է մանկական Աստվածաշնչի «Քրիստոսն օրհնում է երեխաներին» էջը: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Ռոզայի մանկատան ընկերուհին, որի հետ մինչեւ դեպքը կապ է ունեցել, պատմել է, որ «ընկերուհին բողոքում էր սոցիալական վիճակից»: «Չէր հասցնում կոշիկ, սնունդ առնել, ամեն օր լացում էր»,- պատմել է ընկերուհին: Սակայն Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը համոզված է, որ դա կրոնական հողի վրա է եղել: «Ոստիկանությունն այդ կնոջ տնից հայտնաբերել է հոգեւոր բովանդակության կրոնական գրքեր, հատկապես աղանդավորական խմբերի կողմից հրատարակված: Էնպես որ բացառում եմ սոցիալականը»,-ասաց քաղաքապետը:



Ա. Բաբայանը, որպես սպանության պատճառ, բացառեց նաեւ ամուսնալուծությունը: «Նրանք զագսավորված էլ չեն եղել, ամուսինը Երեւանում է եղել եւ երեխաներին միշտ ուշադրության կենտրոնում է պահել, գնում-գալիս էր, այնպես որ անհասկանալի, ոչ նորմալ դեպք է: Ուր էր ինքը սատկեր՝ էդ  լույսի պես երեխեքին մենք կպահեինք»,-հուզված ասում էր Արարատի քաղաքապետը: Հոգեբան Անուշ Մեժլումյանի կարծիքով, մանկասպան մայրը գուցե մտածել է, որ երեխաները երկնային կյանքում ավելի լավ կապրեն, քան երկրայինում: «Աստվածաշնչի այդ էջի բաց լինելը, մոր՝ կրոնական կազմակերպության անդամ լինելը, մանկության տարիներին ստացած հոգեկան տրավման ենթադրել են տալիս, որ այդ կինը կգնար դրան»,- ասում է հոգեբանը:



Անձամբ է ներկայացել



Սպանությունից հետո Ռոզա Ալոյանը զանգել է ամուսնուն եւ ասել, որ երեխաներին «մի քիչ վնասել է»: Ամուսինը խառնվել է իրար, զանգել հարեւաններին, խնդրել, մի բան անեն, մինչեւ ինքը Երեւանից հասնի Արարատ: Ռոզան  անձամբ է ներկայացել ոստիկանություն, ասել, թե որ հասցեում է բնակվում, եւ հայտարարել, որ սպանել է երկու երեխաներին:  Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Սպանությունը):



Արմեն Դավթյան,  Հարություն Մկրտչյան



Լուսանկարը՝ Արտակ Եղիազարյանի