«Տաշիր 2011»-Ի միակ բարեգործությունը

«Տաշիր 2011»-Ի միակ բարեգործությունը
Չնայած «Տաշիր 2011» «տնաբաշխություն-մրցանակաբաշխությունը» բազմաթիվ «աստղերի» կյանքում  որոշակի բարելավում բերեց, փոխարենը այն հակառակ էֆեկտն ունեցավ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի բիզնես-ծրագրերից մեկի համար: Մաշտոցի պողոտայում գտնվող՝ երեւանցիների սիրելի «Մալիբու» սրճարանի եւ հարակից տարածքի սեփականատեր դարձած գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիր Սամոն, դեռ անցած ամառ այս տարածքում մեծ շինարարություն ծավալելու, մասնավորապես հյուրանոց կառուցելու ծրագիր ուներ: Նրան չէին խանգարում անգամ հասարակական մի շարք կազմակերպությունների եւ տվյալ տարածքի բնակիչների դժգոհությունները եւ բարձրացրած աղմուկը:



Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից հավանության արժանացած այս  բիզնես-ծրագրի իրագործմանը, թվում է՝ ոչինչ չէր կարող խանգարել: Քաղաքապետարանը թույլատրել էր սրճարան, հյուրանոց, առեւտրի կենտրոն եւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել: Հետագայում՝ բարձրացված աղմուկի արդյունքում, ծրագրերը հիմնովին վերանայվեցին, կրճատվեցին, եւ հյուրանոցի հարցը մեջտեղից դուրս եկավ, բայց այնուամենայնիվ մնացին: Իսկ մարտ ամսվա սկզբին հանդիպելով «Մենք ենք այս քաղաքի տերը» խմբի եւ նշված տարածքի բնակիչների հետ, քաղաքապետ Կարապետյանը մեծահոգաբար խոստում տվեց բողոքողներին, որ այգու տարածքում ստորգետնյա որեւէ կառույց չի լինելու, իսկ վերգետնյա ցածրահարկ թանգարաններ կամ մշակութային բնույթի այլ հաստատություններ հնարավոր է կառուցվեն:



Քաղաքապետը պնդել էր նաեւ, որ այգին չի կորցնի իր նպատակային նշանակությունը, որ այս ծրագրի նպատակը զբոսայգին իր ամբողջ երկայնքով` մինչեւ Խանջյան, մշակութային գոտի դարձնելն է: Սակայն, մեր տեղեկություններով, ոչ թե հասարակական ճնշմանն են զիջել, այլ ինքը՝ կառուցապատողն է իր ծրագրերից հրաժարվել:



«Տաշիր 2011» մրցանակաբաշխությունից եւ դրա շուրջ բարձրացված աղմուկից հետո, որ հայ օլիգարխները երգիչ-երգչուհիներին բնակարաններ նվիրելու փոխարեն լավ կանեին, եթե անապահով ընտանիքների մասին մտածեին, Սամվել Կարապետյանը հրաժարվել է այդ տարածքում հերթական օբյեկտն ունենալու մտադրությունից: Չնայած, մեր տեղեկություններով, «Տաշիր Գրուպն» այս տարածքի հետ կապված մեծ ծախսեր է արել՝ մասնավորապես նախագծերն ամբողջությամբ պատրաստ են եղել: Ավելին՝ ասում են, որ այս հարցում դերակատարում է ունեցել նաեւ գործարարի եղբայրը՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:



Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության վարչությունից երեկ այդպես էլ այս պայմանագրի մասով հասկանալի տեղեկատվություն չտրամադրեցին, նշելով միայն, որ «Մալիբու» սրճարանի եւ հարակից տարածքում ներկայումս  քաղաքապետարանի «ընդհանուր օգտագործման ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են տարվում շատրվանների մի մասի վերագործարկման հետ կապված, ինչպես նաեւ գլխավոր պողոտայի տրանսպորտային ցանցի բարելավման նպատակով այդ հատվածում հիմա ճանապարհ է կառուցվում»:



Ի դեպ, «Մենք ենք այս քաղաքի տերը» հասարակական կազմակերպության ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանի համար եւս անհայտ էին նախկին ծրագրերի չիրագործման պատճառները: