ՀՀԿ-ական պատգամավորը ՀԷԿ է կառուցելու

ՀՀԿ-ական պատգամավորը ՀԷԿ է կառուցելու
Չնայած կուսակցական գրասենյակներում, կուլիսներում արդեն իսկ քննարկվում  ու հստակեցվում  են պատգամավորական ցուցակները, այնուամենայնիվ կան պատգամավորներ, որոնք չեն շտապում վերջնական որոշում կայացնել՝ գալիք ընտրություններին առաջադրվելու են, թե ոչ: Չկողմնորոշվածների թվին է պատկանում նաեւ հանրապետական, Մարտունու  ընտրատարածքից մեծամասնականով ընտրված Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ): Երբ հարցրինք՝ առաջադրելո՞ւ է թեկնածությունը  գալիք ընտրություններին, վերջինս մատների վրա արագ-արագ հաշվեց, որ առջեւում դեռ ութ ամիս կա, եւ հավաստիացրեց, որ վերջնական որոշում կայացնելու համար իրեն մի քանի օրն էլ է բավական:



- Պարոն Հակոբյան, Սերժ Սարգսյանը նպատակադրվել է հնարավորինս երիտասարդացնել խորհրդարանը,  հնարավո՞ր  է Դուք էլ հրաժեշտ տաք խորհրդարանին:



- Յուրաքանչյուր կուսակցություն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի իր կուսակցական նախընտրական ցուցակը կազմել՝ ընտրարշավին մասնակցելու համար: Ես կլինեմ, թե չեմ լինի այդ ցուցակում, ի՞նչ է փոխվելու: Կուսակցությունն ունի խնդիրներ, ցուցակ ու այդ ցուցակով գնում է խնդիրները լուծելու, հիմա այդ մարդու անունը Հակոբ Հակոբյան է, թե Պողոս Պողոսյան՝ կապ չունի: Ես էդ ուղղությամբ չեմ մտածում:



- Իսկ Դուք ի՞նչ եք որոշել, առաջադրվելո՞ւ եք:



- Իմ մոտ հստակ որոշում կայացված չէ, կարծում եմ՝ ութ ամիս ժամանակ ունենք մտածելու՝ առաջադրվել, թե ոչ: Ու կարծում եմ՝ մեծամասնական թե համամասնական՝ կուսակցության ներքին խնդիրն է, իսկ առաջադրվելը՝ անձի: Ես՝ որպես անձ, ասում եմ, որ իմ մոտ դեռեւս հարցը հերթական քննարկման թեմա չէ:



- Որոշ խոսակցությունների համաձայն՝ Ձեր անորոշությունը պայմանավորված է դաշտում լուրջ մրցակիցների հայտնվելով: Օրինակ, առայժմ հայտնի է «ԲԱՄՕ Հոլդինգի» եղբայրներից Հակոբ Մուրադյանի անունը, որը պատրաստվում է առաջադրվել նույն ընտրատարածքում:



- Եթե ուրիշներն իմ հոգսերը կրում են, ես դա կհասկանամ, իմ բեռը կթեթեւանա, եթե ուրիշներն իմ տեղը մտածում են գիշերը, ես դա չեմ հասկանում, որովհետեւ իմ տեղը ես եմ մտածում: Նման խոսակցություններ չկան:



- Պարոն Հակոբյան, ասում են, որ նպատակադրվել եք նաեւ Ձեր որդուն ներքաշել քաղաքականություն եւ նույնիսկ համաձայն եք մեծամասնականից հրաժարվել՝ ՀՀԿ համամասնական ցուցակում նրան ընդգրկելու պայմանով:



- Դա հարթ ուղեղի խոսակցություն է, նման բան չկա, նա բիզնեսով է զբաղվում:



- Ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի հետ: Մի ժամանակ լարված էիք:



- Պաշտոնական հարաբերություններ, նորմալ: Որպես պատգամավոր-մարզպետ հարաբերություններ: Հասարակության հանդեպ ունեցած վերաբերմունքը պայմանավորված չէ կուսակցական պատկանելությամբ, սկզբունքներով, պայմանավորված են մոտեցումներով: Օրինակ եթե ես գտնում եմ, որ, պայմանական եմ ասում, այս գումարն օգտագործենք, եւ օգուտ կտա 10 հազար կամ հազար ազգաբնակչության, ես կողմնակից եմ, որ գումարը ծառայի 10 հազար ազգաբնակչության համար: Եվ վերջապես. տարաձայնությունները քաղաքական սկզբունքների տարբերություն է եւ ոչ թե անձնական:



- Ձեր ընտրատարածքի մեջ մտնող Վարդենիկ գյուղի բնակիչները վրդովված են, որ Դուք ՀԷԿ եք կառուցելու իրենց գյուղի ձորում՝ գեղատեսիլ վայրում:  Նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի կառուցումը  ոռոգման ջրի խնդիր է առաջացնելու:



- Մի ժամանակ էլ կապում էին, թե Արգիճի գետի վրա եմ կառուցում… Հիմա, եթե ես ՀԷԿ եմ կառուցում, պիտի կառուցեմ օրինական փաստաթղթերի վրա, այ եթե ես շինարարությունը կսկսեմ, բարի կլինեք ու կգաք-կնայեք՝ օրինական փաստաթղթեր կան, թե ոչ,  կառուցում եմ, թե ոչ: Եթե ես կառուցեմ, ես այն  կկառուցեմ բացարձակ օրինական հիմքերով, ես ունեմ լիցենզիա եւ կառուցելու եմ Վարդենիս գետի վրա: Եթե լիցենզիան տալիս են, լիցենզիայի մեջ հստակ գրվում է, թե որտեղ է ջուրը գնում: Եթե լիցենզիա են տալիս, ապա այդ պայմանով, ոռոգմանը՝ ոռոգման, խմելունը՝ խմելու, էներգետիկն էլ՝ էներգետիկ նպատակներով: Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ հասարակության հետ կապված:



- Իսկ հանդիպե՞լ եք  գյուղացիների հետ, բացատրե՞լ եք, որ խնդիրներ չեն առաջանա, ինչպես Դուք եք պնդում:



- Խոսացողը ես չեմ, համապատասխան մարմիններն են, կա պետական մարմին, որը զբաղվում է էդ աշխատանքով, էդ իր խնդիրն է, թող գնա խոսա: Հակոբյան Հակոբի անունը չպիտի շոշափվի:



- Հայ ազգային կոնգրեսը երկխոսության սեղանին է դրել այն պատգամավորների ցուցակը, որոնք օրենսդիրի գործունեության հետ համատեղում են ձեռնարկատիրական գործունեությունը, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ:  Ձեր անունը նույնպես կա այդ ցուցակում:



- Կան օրենքով սահմանված նորմեր, թե ինչ պետք է անի պատգամավորը: Պատգամավոր դառնալուց հետո, օրենքով սահմանված կարգով, չեն զրկվում սեփականությունից, յուրաքանչյուր անձի սեփականությունը մնում է որպես սեփականություն: Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվի: Թող որեւէ մեկը գա առավոտվանից մինչեւ երեկո ԱԺ-ի մոտ ու հերթապահի-ճշտի՝ Հակոբյան Հակոբը Ազգային ժողովում զբաղվում է ի՞ր աշխատանքով, թե՞ ձեռնարկատիրական գործունեությամբ:



- Ինչպես բոլորը, Դուք է՞լ եք Ձեր հարազատների անունով  ձեւակերպել Ձեր սեփականությունը:



- Ոչ, սեփականությունն իմ անունով է ձեւակերպված, որը իմն է՝ իմն է, ես կարող էի փոխել ուրիշի անունով, բայց իմ անունով է, իսկ կառավարումը կատարում է ուրիշը:



- Որպես ԱԺ ներկայացուցիչ՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք երկխոսությունից: Կլինե՞ն արտահերթ ընտրություններ:



- Ժամանակը ցույց կտա, ես չեմ կարող ասել, բանակցային գործընթացի մեջ չեմ եւ չեմ կարող ասել: Ընդհանրապես ոչ մեկն էլ չի կարող նման հարցի պատասխան տալ: