ՊՆ-ն կրթում է, իսկ սպանությունները շարունակվում են

ՊՆ-ն կրթում է, իսկ սպանությունները շարունակվում են
Երեկ մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել եւ իրենց մտահոգությունը հայտնել բանակում տիրող վիճակի մասին: «Անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան եւ ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը եւ դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ քննչական մարմինների եւ արդարադատության կառույցների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:



Կազմակերպությունները նաեւ պահանջել էին վեր հանել 1994-ից մինչ օրս բանակում կատարված բոլոր սպանությունների, մահվան դեպքերը եւ մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր քրգործերը: Ինչպես նաեւ երաշխիքներ, որ քրեական պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում քրեական գործերի քննության ընթացքի եւ անօրինականությունների համար:



«Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր եւ հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին եւ պահանջում նրա հրաժարականը»,- եզրափակվում է հայտարարությունը: Հայտարարությունից հետո ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովից իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել էին ԱԺ՝ փակ քննարկման: Հանդիպման մասնակից, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, հանդիպումը մեկ նպատակ ուներ՝ համագործակցության հրավեր իրավապաշտպան կազմակերպություններին.



«Դա մի նպատակ ուներ՝ իբր եկեք իրար հետ աշխատենք, պատրաստ ենք համագործակցության, բայց մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ պատասխան չստացանք իհարկե»: Հանդիպման ժամանակ, Սաքունցի փոխանցմամբ, անդրադարձ եղել է հայտարարության մեջ բարձրաձայնված խնդիրներին, նորանոր սպանություններին բանակում, սակայն որեւէ կոնկրետ առաջարկ կամ քայլեր չեն քննարկվել: Հանդիպմանը մասնակցել են ՀԿ-ների, հանձնաժողովի, ՊՆ, Ռազմական ոստիկանության, զինդատախազության, ՄԻՊ եւ ԵԱՀԿ գրասենյակների ներկայացուցիչներ:



«ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնք առնչվում են ներքին կանոնագրքին, զորակոչի եւ զինվորական ծառայության մասին օրենքներին»,-ասվում է ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, եւ, որ ամենատարօրինակն է՝ «Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկաներին հայտնել են, որ, նախորդ տարվա համեմատ, բանակում նվազել են մահացության ու սպանության դեպքերը, սակայն նշել են, որ այդ երեւույթը դեռ մտահոգում է իրենց։ Ուստի հետեւողականորեն իրականացվում են բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ»:



Հետաքրքիր է՝ ինչ նվազման մասին է խոսքը, եթե մի սպանության դեպքը հաջորդում է մյուսին, իսկ պատասխանատուները մնում են անպատիժ: «Մեր դիտարկումներին, թե ինչ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում, պատասխանեցին, որ կրթում ենք զինվորներին, ինչ-որ քայլեր ենք ձեռնարկում: Բայց մենք ասացինք, որ դա բավարար չէ»,- ասաց Սաքունցը: Եթե ՊՆ-ն շարունակի այս տեմպերով «կրթել» զինվորներին, հավանաբար մենք էլի զոհեր կունենանք: