Դատախազությունը կառչում է փրփուրներից

Այսինքն՝ նրանք ի սկզբանե որոշել էին տուգանել, թե ինչ մասով, նույնիսկ կարեւոր էլ չէր»,- մեզ հետ զրույցում Սպանդարյանի հարկային մարմնի աշխատակիցների գործունեությունը մեկնաբանելով, ասաց Վաղարշակ Ղարիբյանը: ՀՀ վարչական դատարանը, մեկ տարի քննելով գործը, վերջիվերջո ՊԵԿ-ի ակտը ճանաչել է անվավեր: ՊԵԿ-ը, բնականաբար, վիճարկել է վարչական դատարանի որոշումը մինչեւ բարձրագույն ատյան, սակայն վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել: Այդ մեկ տարվա ընթացքում Վաղարշակ Ղարիբյանի նկատմամբ, որպես ընկերության տնօրենի, քրեական գործ է հարուցվել, որը դադարեցվել է համաներման որոշմամբ:
Այժմ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով ՊԵԿ-ի կողմից վերոնշյալ ակտի գումարից, որը դատարանում ճանաչվել է անվավեր, Վ. Ղարիբյանից 6 մլն 942 հազար 900 դրամը բռնագանձել հօգուտ պետական բյուջեի: ԴԱՀԿ-ն անմիջապես գործի է անցել՝ կալանք դնելով Ղարիբյանի անձնական հաշվեհամարների եւ գույքի վրա: «ԴԱՀԿ-ն իմ անձնական հաշիվները, որտեղ կուտակվում է իմ աշխատավարձը, ոչ թե արգելանքի է վերցրել, այլ փաստացի կատարել է բռնագանձում, զրկելով ինձ եւ իմ ընտանիքին՝ երեք անչափահաս երեխաներիս, սնվելու, հագնվելու, հանգստանալու հնարավորությունից»: Վաղարշակ Ղարիբյանը համոզված է, որ եթե վարչական դատարանի որոշմամբ ՊԵԿ-ի տուգանման ակտը ճանաչվել էր անվավեր, ուստի ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը՝ 6 մլն 942 հազար 900 դրամը հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջը, անհիմն է: «Առավել եւս, որ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով «Պապիրուս Գլոբալ» ՍՊԸ-ն, ի դեմս ինձ, չունի պետբյուջեի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություններ եւ գանձման ենթակա գումարներ»,- նկատեց Վաղարշակ Ղարիբյանը: Չունենալով որեւէ հիմնավորում, որը կապացուցեր ընկերության գործադիր տնօրենի մեղքը, դատախազությունը կառչել է փրփուրներից: Ղարիբյանն իր դեմ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու համար համաձայնել է, որ կիրառվի համաներում: Եվ հիմա դատախազությունը պնդում է, որ եթե նա համաձայնել է համաներման, ուրեմն ընդունում է իր մեղքը: Իսկ Ղարիբյանը հակառակն է պնդում. ինքը գնացել է այդ քայլին միայն անհրաժեշտությունից դրդված:
«Մեկ ամսից ավելի, լարված մթնոլորտում, ստուգվեց ընկերությունը, արգելանք էր դրված ընկերության հաշիվների եւ գույքի վրա, խաթարվել էր ընկերության աշխատանքային գործընթացը, 30-ից ավելի խիստ նամակներ եւ գրություններ էի ստացել ՊԵԿ-ից, ԴԱՀԿ-ից, դատական, քննչական մարմիններից, դատախազությունից, ֆինանսների նախարարությունից եւ այլ մարմիններից, հարուցվել էր քրեական գործ ինձ վրա, երկու ամսում հինգ անգամ հարցաքննվել էի հետաքննության եւ քննչական մարմիններում: Այլեւս հնարավոր չէր դիմանալ այդ վիճակին, ինչպես նաեւ ես համոզված էի, որ ազատության մեջ ավելի արդյունավետ կարող եմ պայքարել իմ իրավունքների համար,- պատմեց Ղարիբյանը եւ հավելեց: - Եվ քանի որ համաներումը համընկավ գործին, ապա ես անազատության մեջ հայտնվելու փոխարեն գերադասեցի անկաշկանդ շարունակել դատարանում պաշտպանել իմ շահերը եւ իմ ճշմարտությունը»: Ղարիբյանը համոզված է, որ եթե ինքը համաձայնել է համաներման, ապա դատական պրոցեսի հետագա ընթացքը վառ ապացույցն է իր անմեղության:
Ղարիբյանն այս խնդրի կապակցությամբ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, սակայն այնտեղից նամակը վերահասցեագրվել է հենց այն գերատեսչություններին, որոնց դեմ բողոքել է ընկերության գործադիր տնօրենը:
Անի Առաքելյան
Կարծիքներ