«Հայլուրը» նոր եթերաշրջանում կունենա նոր դեմքեր

«Հայլուրը» նոր եթերաշրջանում կունենա նոր դեմքեր
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի հետ կապված՝ երեկ ասուլիս էր հրավիրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքով՝ եթերաշրջանի մեծ փոփոխությունները վերաբերում են «Հայլուրին», սեպտեմբերի 21-ից այն կներկայանա նոր տաղավարով ու նոր դեմքերով, իսկ «Հայլուրի» հիմնական թողարկումները կվարեն Արտակ Հերիքյանն ու Նվեր Մնացականյանը: Վերջինս, ինչպես գրվել էր, արդեն աշխատում է Հ1-ում, իսկ նրա «Հորիզոն» հաղորդաշարին Հ1-ի երեկոյան եթերում կփոխարինի «Հարցազրույց»-ը:



Ինչ վերաբերում է սերիալներին, ապա մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ «Աննա 2» սերիալը: Նա անդրադարձավ նաեւ օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անցկացված «Եթերի աղբ» մրցանակաբաշխությանը, որին արժանացել էր «Աննա» սերիալը: Այս հարցադրմանը Հարությունյանը նախ տղայական պատասխան տվեց, ասելով, թե վստահ է՝ եթե սերիալներում խաղացող աղջիկների մրցույթ լիներ, ապա «Աննայից» էլի ինչ-որ մեկը կշահի, հետո դա համարեց շատ լավ գովազդ այդ նախաձեռնության համար:



Անդրադառնալով այն խոսակցություններին, թե «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանը շուտով կազատվի աշխատանքից, նա նշեց, որ արդեն տեղյակ է այդ խոսակցություններին: «Չեմ կարծում, թե ինչ-որ խնդիրներ կան, «Երեւան» ստուդիան ինքը ինքնուրույն միավոր չէ եւ Հանրային հեռուստատեսության բաժիններից մեկն է եւ շատ մեծ աշխատանք է կատարում այս տարիների ընթացքում նկարահանած մեր ֆիլմերը թվայնացնելու ուղղությամբ: Ամեն դեպքում, Լեւոն Գալստյանի հետ մեր համակարգում ոչ ես, ոչ մեկ ուրիշը խնդիրներ չունի, հեռացվելու հավանականություն չկա, իսկ թե ինչ կա իրականում, ես կփորձեմ հասկանալ, եւ եթե անհրաժեշտ լինի, ավելի ուշ դրա մասին կասեմ»,- նշեց Ալեքսան Հարությունյանը:



Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե «Վիքիլիքսի» շրջանակներում մի քանի անգամ հիշատակվել է նաեւ իր անունը, եւ խնդրեցին մեկնաբանություն տալ. «Ես որեւէ մեկնաբանություն այդ հրապարակումների վերաբերյալ չունեմ, դրանք ամերիկյան տարբեր դիվանագետների կարծիքներ են, որոնք չեմ ցանկանում մեկնաբանել, մանավանդ տարիներ առաջ տարածված ինֆորմացիան. եթե դա վերաբերեր իմ այսօրվա գործունեությանը, բնականաբար ես կփորձեի որոշ մեկնաբանություններ տալ»:



Խորհրդի նախագահը խոսեց նաեւ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» եւ այդ մրցույթում Հայաստանի մասնակցության մասին: Եվրոպական հեռարձակողների միությունն այսօր փորձում է Բաքվից ապահովել հայաստանյան պատվիրակության անվտանգության երաշխիքները: «Մեզ պետք են ոչ թե ադրբեջանական կիսաերաշխիքները, այլ հենց Եվրոպական հեռարձակողների միությունից երաշխիքներ»,-նշեց նա, հավելելով, որ «Եվրատեսիլի» անցկացման հետ կապված՝ հենց Բաքվում լուրջ խնդիրներ կան, եւ անգամ պահեստային տարբերակներ են քննարկվում «Եվրատեսիլն» անցկացնելու համար: