Չաղ դյադյաներ, կրքոտ պարուհիներ...

Չաղ դյադյաներ, կրքոտ պարուհիներ...
Ծանոթներիցս մեկը ոգեւորությամբ պատմում էր, որ մի օր ամուսնու հետ երեւանյան ստրիպտիզ ակումբներից մեկն է այցելել: Իհարկե, երբ սկսեցին մեղադրել տիկնոջը, նա ասաց, որ ստրիպտիզը, բացի էրոտիկայից, նաեւ առաջին հերթին արվեստ է: «Իսկ ինչո՞ւ չպետք է այդ արվեստն էլ վայելենք. եթե տղաների ստրիպտիզ լիներ, ամուսնուս հետ էնտեղ էլ կգնայի»,-ասաց ամենեւին ոչ երիտասարդ կինը:



Արվեստ, հաճույք եւ բիզնես…



Իմ այցելած ստրիպ-ակումբը չնայած քաղաքի ծայրամասերում չէ, այլ հենց Գրողների միության շենքի հարեւանությամբ, այնքան էլ մեծ չէ իր տարածքով: Հաճախորդների թվում լինում են՝ սկսած շարքային քաղաքացիներից մինչեւ օլիգարխներ եւ պատգամավորներ: Որոշ խավի ներկայացուցիչներ երբեմն փակել են տալիս ակումբը, որպեսզի ուրիշները չխանգարեն իրենց «կայֆը»: Համարյա ամեն օր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են գալիս:



«Մենք նորմալ ենք պահում մեզ, զվարճանում ենք, Իրանում չենք կարա, լավ ա, շատ լավ ա»,-կոտրատված հայերենով ասացին այդ պահին սրահում գտնվողները: Պարուհիները հիմնականում Ուկրաինայից են: «Ախպերս, ոնց որ Հայաստանը  ծիրան է արտահանում, այդպես էլ Ուկրաինան՝ աղջիկներ: Հեշտ չի, պիտի որակ ապահովես, նենց չի, որ հավայի պարողներ բերես»,- ասում է ակումբի տերերից մեկը:



Պարուհիների հիմնական մասն ուսանողուհիներ են, պայմանագիրը կնքվում է 3 ամսով, ու կազմը պարբերաբար թարմացվում է: «Ասենք, մեկի հետ լավ հարաբերություններ ես ունենում, նա էլ օգնում է նոր աղջիկներ գտնելու, հետո պիտի քո խոստացածները կարողանաս պահել»,- ասում է զրուցակիցս: Աղջիկների բոլոր ծախսերը, բացի սնվելուց, ակումբի ղեկավարության վրա է: «2 տուն ենք վարձել՝ ամսական 100 հազար դրամով, մեկում 4 հոգի են մնում, մյուսում՝ 3: Գործից հետո իրանց տանում ենք տուն եւ բերում գործի»,- բացատրում է պատասխանատուն:



Հատուկ սարքեր են տեղադրել բնակարաններում, որպեսզի հետեւեն նրանց վարքագծին: Աղջիկների բնակարան անծանոթ տղաներ իրավունք չունեն մտնելու: Մեր այն դիտարկմանը, թե դա անձի ազատության իրավունքի խախտում է, ակումբի տնօրենն ասաց. «Չենք ասում սեքս չանեն, բայց պիտի այլ տեղ անեն եւ որտեղ գնան, մենք պիտի տեղյակ լինենք»: Զրուցակիցս նաեւ պատմում է, որ այդ դեպքում էլ հստակ ժամ պիտի ասեն, պայմանավորվածությունից 5 րոպե անգամ ուշանալու դեպքում տուգանք պիտի վճարեն: Սա եւս աղջիկների անվտանգության շահերից է արվում:



«Գիտենք հայ ռաբիզ տղաներին, կտանեն, կոպիտ կվարվեն, դե արի պատասխան տուր: Ախպերս, դա էլ անում ենք, որ ողջ ու առողջ մնան եւ աչքի տակ կապույտ չգան»,-ասաց տնօրենը: Իհարկե, ստրիպտիզ ակումբը նաեւ շահավետ բիզնես է: Մուտքը մեկ հոգու համար 3 հազար դրամ է, բարում վաճառվող ապրանքները սրճարանային գներից այնքան էլ չեն տարբերվում: Ներս մտնելուն պես հաճախորդը կարող է մեկ դոլարանոցներ գնել՝ դրանք  պարուհիներին տալու համար: Աղջիկներից մեկի՝ Վալյայի պատմելով, լինում են «չաղ դյադյաներ, ովքեր հազար դրամանոցներ են շպրտում կամ դնում սթրինգների եւ լիֆերի արանքում»: Իսկ պարահարթակ նետված թղթադրամները, ինչպես պարուհիների հանած զգեստները, հավաքում  է աշխատակցուհիներից մեկը: Պարից հետո այդ ամենը հանձնվում է տերերին: Մեկն էլ հատուկ հաշվում է, թե յուրաքանչյուր աղջկան ինչքան տրվեց:



«Առաջին տասը կուպյուրն իրանցն ա, տասնմեկերորդից սկսած՝ ֆիֆթի-ֆիֆթի ա: Այսինքն մեզ հետ կիսվում ա»,-ասում է տնօրենը: Աշխատանքի ավարտից հետո օրավարձը ստանում են եւ գնում տուն: Թե միջին հաշվարկով ինչքան են վաստակում՝ կոմերցիոն գաղտնիք է: Կան «private» եւ VIP ծառայությունների սենյակներ, որոնց գները տատանվում են 5-20 հազար դրամի սահմաններում: «Դե, նայած աղջիկ, ասենք, օր կա՝ մեկը 25 հազար, մյուսը՝ 70 հազար ա փող տանում: Նայած ոնց են պահում, եւ մասսան ինչպիսին ա»,-որպես գաղտնիք՝ ասաց տնօրենը:  Աղջիկների «քեֆին կպնող» չկա:



«Մենք ո՞վ ենք բա ստեղ, ախպերս, չեն կարա մատով կպնեն, փորձ անողը դուրս ա հրավիրվում»,-ոգեւորությամբ պատմում է զրուցակիցս՝ առաջարկելով վայելել գարեջուր, աղջիկներով հիանալ ու փող տալ: «Գործը՝ հասկացանք, բա եկել ես հանգստանալու, չէ՞: Լիցքաթափվիր»,- խորհուրդ տվեց նա:



Իմ քնքուշ սեւահեր…



Ամեն դեպքում որոշեցի գարեջուր վայելել: Հանկարծ լսեցի ծանոթ երգի բառեր՝ «Երեւանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում…»: Կենդանի կատարում էր, ու երկու շիկահեր աղջիկ պարաձողի վրա փորձում էին հեստապարի (ստրիպտիզի) հատուկ «պրիյոմներ» անել:



«Իմ քնքուշ սեւահեր, դու ինձ ո՞ւմ ես թողել, դու ինձ ո՞ւմ ես թողել, ինձ թողել-հեռացել»՝ երգիչ Ռուստամի  խրոխտ ձայնի ներքո օտարազգի  պարուհիները գալարվում էին, թպրտում հատակին, բարձրանում էին, ճախրում մինչեւ առաստաղ, կրքոտ փարվում պարաձողին: Առնական հայ տղամարդիկ ձայնակցում էին երգչին եւ  շիկահերներին կրակայրիչների բոցով իրենց բազմոցների մոտ հրավիրում:



«Իմ հուշերի անհատակ ջրհորում քո խենթացնող կիսադեմն է լողում, ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում, ուր չկա ազատում»,- հնչում է երգը, եւ աղջիկների վարտիքները  տռզում են ամերիկյան եւ հայկական թղթադրամներով: Միլան հայերեն մի քանի բառ գիտի՝ բարեւ, հաջող, փող ու սեքս չի կարելի: Բայց կարծես հասկանում է երգը: «Ինձ նման մի աղջկա մասին է երեւի. ում ասում եմ թարգմանի, չեն կարողանում: Կարեւորը՝ այդ երգի տակ լիքը փող ենք աշխատում, բացվում են նույնիսկ պարսիկների գրպանները, էրոտիկ երգ է»,- ասում է 23-ամյա պարուհին:



Համարյա լուսադեմ էր, երբ դուրս եկա ակումբից: Պարերից էի գինովցել, թե… գարեջրից՝ արդեն կարեւոր չէր: «Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ, ի՞նչ ես փնտրում այս կողմերում: Ես իմ երազն եմ կորցրել Երեւանի գիշերներում»՝ ականջներումս դեռ հայտնի երգի հնչյուններն էին...