Սենսացիա. պարզվում է` պաշտպանության նախարարությանը կից արդեն երկու տարի գործում է հասարակական խորհուրդ

Սենսացիա. պարզվում է` պաշտպանության նախարարությանը կից արդեն երկու տարի գործում է հասարակական խորհուրդ

Վերջին ժամանակներում  բանակում տեղի ունեցած և ի հայտ եկած ողբերգական դեպքերը հանգեցրին  հասարակություն-բանակ աննախադեպ  ճգնաժամի: Գիտակցելով իր պատասխանատվությունը դրա հաղթահարման, ինչպես նաև զինված ուժերում տիրող մթնոլորտի առողջացման հարցում, «Չենք լռելու»-ն մշակել է բանակի հասարակական վերահսկողության մոդել, որը ներկայացնելու համար Լեհաստանից վերադարձից  հետո հանդիպում էր խնդրել պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ:



Սակայն երեկ սենսացիոն բան է պարզվել. պաշտպանության նախարարությունն արդեն երկու տարի է` ունի հասարակական խորհուրդ: Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ:



Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են:



Ինչո՞ւ նրանց  մասին չկա որևէ տեղկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համացանցում:



Ինչպե՞ս կարող  է հասարակություն-բանակ կապի համար  պատասխանատու օղակը ներկայացված  չլինել Facebook-ում, չունենալ սեփական կայքը:



Ինչպե՞ս պետք է հասարակ քաղաքացին` YouTube-ի վրա հույսը դնելու փոխարեն, կապվի այդ խորհրդի հետ, եթե դրա հեռախոսահամարը չկա անգամ «Սփյուռ» տեղեկատվական ծառայության բազայում:



«Չենք լռելու»-ն առաջարկում է պաշտպանության նախարարությանը շտապ վերանայել իր հանրային քաղաքականությունը` կենդանացնելով գոյություն ունեցող հասարակական խորհուրդը կամ ստեղծել մեկ այլ միավոր:



Միաժամանակ  հուսով ենք, որ մեր այս հայտարարությունը ճանաչում կբերի ՊՆ-ին կից հասարակական խորհրդին: