Թող մեկ անգամ էլ խաբեմ

Թող մեկ անգամ էլ խաբեմ
Երեկ առավոտյան կառավարության նիստի ժամանակ 100-ից ավելի սեւազգեստ մայրեր բողոքի երթ արեցին: «Բանակն առանց մարդասպանների» ակցիային,  բացի զոհված զինծառայողների ծնողներից,  միացել էին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ՀԱԿ ակտիվիստներ,  ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւ այլք: Երթի մասնակիցները նախ քայլերթով հասան ՀՀ գլխավոր դատախազություն, այնուհետեւ անցան Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան փողոց երթուղով: Մասնակիցների ձեռքներին զոհված տղաների նկարներն ու պաստառներ էին՝ «Մենք տղա չունենք, որ ձեզ մատաղ անենք», «Մի սպանեք մեր երեխաներին», «Բանակը՝ սպանդանոց» եւ այլն:



2007-2011ԹԹ. 282



Մահ բանակո՞ւմ



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ մեզ հետ զրույցում ասաց. «2007-2011թթ. բանակում մեր ուսումնասիրած տվյալներով՝ մահացել է 282 զինծառայող, որից միայն 28-ն են զոհվել հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով: Սա վերացնելու համար պետք է նախ չլինի անպատժելիություն, հետո՝ հովանավորչությունը վերանա, իրական վերահսկողություն է պետք զինված ուժերում. սրանով պետք է զբաղվեն զինվորական հրամանատարությունը, ծառայությունն էլ պետք է լինի արժանապատիվ»: Սակայն վերջին շաբաթներին միայն մահացել է 2 զինծառայող, մեկն էլ հոգեկան խանգարում է ստացել: «Երեխուս տուլիկ էի ուղարկել, երեխեքին ծեծել-սպանել-գցել էին ջուրը, հետո բռնել երեխուս հետ ծառայող անմեղ երեխեքին՝ ցմահ դատել: Բա սա երկիր ա՞: Մատաղիսում ա էս դեպքը եղել, 8 տարի ա՝ էս գործը  գնում ա»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը:



Արթուր Սաքունցը նշում է նաեւ. «Մենք չենք ուզում, որ պաշտպանության նախարարությունը մեզ ռազմական գաղտնիքներ ասի, մեզ հետաքրքրում են միայն մարդկային կյանքերը, թող դա ապահովեն: Ասեմ, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ»: Նշենք, որ բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ Սաքունցի հրապարակած թիվը ոչ պաշտոնական է, այդ առնչությամբ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանն ասաց.  «Մինչեւ 2011թ. մահացածների թիվը գաղտնի է եղել, սակայն այս տարի արդեն հրապարակվելու է, բայց՝ միայն 2011 թվականին տեղի ունեցածը»:



Նախագահական նստավայրի դիմաց



Ազգային ժողովի մոտից ակցիայի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան 26՝  նախագահական նստավայր: Այստեղ ընդվզումն ու զայրույթն ավելի սաստկացան: Ծնողները սկսեցին հարվածել նախագահական նստավայրի ճաղերին, պահանջելով վերջ դնել բանակի ապօրինություններին: Նրանք վանկարկում էին՝ «Մարդասպաններ, արյուն լափողներ, ինչի՞ մի քանի քննիչի չեք դատում, որ մեր երեխեքը չմահանան», «Սերժիկ, մարդասպան…»: Երբ ոստիկանները մոտեցան ծնողներին եւ արգելեցին հարվածել, կանայք արձագանքեցին. «Ի՞նչը չի կարելի, ինչ ա, հայ չե՞ք, եկեք մեր հետ պայքարեք, Սաշիկը ձեզ էլ ա մեր օրը քցելու»:



Այնուհետեւ նախագահական նստավայր եկան ՀՀ պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանն ու Ռազմական ոստիկանության ներկայիս պետ Արամ Տեր-Սահակյանը: «Ես, որպես սպա, պաշտոնյա, քաղաքացի, բարոյապես պատասխանատվություն եմ կրում յուրաքանչյուր սպանության համար, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սպանությունների դեպքերը պակասել են, ու, հավատացեք, դա գործընթաց է, որը ես կոորդինացնում եմ: Արուն լափողի զավակը թող արուն լափի, եւ էն քննիչը, որ քողարկում է այս դեպքը, թող իր զավակն այդ օրը ընկնի, եւ էն կսկիծը, որ դուք ունեք, մեր կսկիծն է, չի կարելի, տենց չի լինում: Ես ձեր վիշտը հասկանում եմ,  իսկ Ղարաբաղում ամենալավ պատրաստված զորամասերն են»,- ասաց պաշտպանության փոխնախարարը: Ապա շարունակեց. «Դուք իրավունք ունեք հակադարձելու, եկեք հիմա նստենք՝ առարկայական խոսենք. եթե ես սրիկա եմ, եկեք մի անգամ էլ խաբեմ՝ ոչինչ, թող մի երկու անեծքի տակ էլ ես լինեմ, բայց գիտեմ՝ ուշ թե շուտ ձեր անեծքը լինելու է օրհնանք: Ես ինձ ամեն վատ դեպքի համար մեղավոր եմ ճանաչում, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես աշխատում եմ, Աստված ա վկա, եկեք գնանք-խոսենք»:



Եվ Վովա Գասպարյանը հավաքված ծնողներին հրավիրեց իր աշխատասենյակ, սակայն մի քանի տասնյակ ծնողներից միայն մի քանիսը գնացին. 10-15 ծնողներ տաքսիներով փոխնախարարի հետ գնացին ՊՆ: Բողոքի ակցիային ներկա ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց. «Սա մի խնդիր է, սա սպառնում է բոլորին, արդեն լցվել է համբերության բաժակը, սա սահմռկեցուցիչ է. բողոքի հաջորդ օրը կրկին զինվոր է մահանում, սա մի ցինիզմ է, որի մեջ ապրում ենք: Տարիներ առաջ՝ 2005 թվականին, հասարակությունը կայացած ինստիտուտ համարում էր միայն հայոց բանակը: Սակայն այսօր նայում ենք՝ «վերջ տվեք սպանդին» կամ՝ «վերջացրեք զորակոչը». այս պաստառներն ասում են այն մասին, որ բանակն էլ կայացած չէ»: Ակցիան ավարտվեց կառավարության շենքի մոտ:



ՀԳ - Ակցիայի ողջ ընթացքում «Հրապարակ» օրաթերթին դատի տված եւ սպառնալիքներով հանդես եկող «Զինվոր» հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահ  Մարգարիտա Խաչատրյանը բացակայում էր: Երբ փորձեցինք պարզել պատճառը, Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ կտրականապես հրաժարվում է պատասխանել մեր հարցերին:



Հարություն Մկրտչյան