Մեր մի հրապարակման առթիվ

Մեր մի հրապարակման առթիվ
«Հրապարակ»-ում տպագրված «Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հանդուրժում բժիշկներին» վերնագրով հոդվածը (հետո մեզ հայտնի դարձավ, որ այն զետեղվել էր նաեւ այլ կայքերում), որտեղ հեղինակը՝ ստեփանակերտցի Անժելա Հայրիյանը, «Եղնիկներ» զորամասում կատարված զինվորի սպանության մեջ բժիշկներին մեղադրելու հանգամանքը բացատրում է նրանով, որ «նախարար Սեյրան Օհանյանն ուղղակի չի հանդուրժում բժիշկներին», խիստ վրդովեցրել է հայրենի ՊՆ ղեկավարությանը, եւ մեր հրապարակմանը, ինչպես նման դեպքերում լինում է, հետեւել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանություն-հերքումը։



Հիշեցնենք, որ հոդվածի հեղինակը գրել էր, որ պաշտպանության նախարարի ատելությունը բժիշկների հանդեպ գալիս է վաղուց: «1992 թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորվելուց հետո նրան առաջին բուժօգնություն (կյանքը փրկում է՝ դադարեցնելով արյունահոսությունը) ցույց տալուց հետո իր մեջքի վրա դեպի դաշտային հոսպիտալ է տեղափոխում բժիշկ Լենսեր Լազարյանը:



Սակայն այնուհետեւ բժիշկ-մասնագետները, վիրավորին հետազոտելուց հետո, հաշվի առնելով նաեւ վիրավորվելու պահից անցած երկար ժամանակը, գազային գանգրենայից խուսափելու նպատակով որոշում են կատարել վերջույթի ամպուտացիա: Վերջինովս է պայմանավորված այդ ատելությունը ռազմական բժիշկների հանդեպ, որն այսօր դրսեւորվում է տարբեր ձեւերով»,- գրել էր Ա. Հայրիյանը:



ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանն այս առիթով գրել է. «Բարոյապես մեղմ ասած կոռեկտ չէ մարտի դաշտում Սեյրան Օհանյանին ցուցաբերած առաջին բժշկական օգնությունը վերագրել Լենսեր Լազարյանին, ով այժմ աշխատում է ԼՂՀ ՊԲ Ալաշանի զինվորական հոսպիտալում որպես ռենտգեն-տեխնիկ եւ ոչ միայն որեւէ մասնակցություն չի ունեցել Չլդրանի դաշտային հոսպիտալում՝ Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաեւ ներկա չի եղել այդ դեպքին»։



Փորձեցինք սեփական ուժերով պարզել իրողությունը։ Նախ պարզեցինք, որ Ա. Հայրիյանի սույն հրապարակումը ՀՀ ՊՆ-ում առաջացրած իրարանցումը «էստաֆետով» փոխանցել է ԼՂՀ ՊԲ։ Զինվորականների հետ խոսակցություններից հասկացանք, որ նրանք չեն համարձակվում խոսել այդ նյութի մասին, որովհետեւ այնտեղ շոշափվում է ՀՀ Պնախարարի անունը։ Որոշեցինք կապվել հենց իր՝ Լենսեր Լազարյանի հետ։ Զինվորական նախկին մի բուժակ ասաց, թե վերջինս այս պահին ՊԲ «պրիցելի» տակ է, եւ դժվար կլինի նրան գտնելն ու ՀՀ ՊՆ պաշտոնական հերքումից հետո նրանից ճշմարտություն լսելը...



Սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «Մախաթը պարկում չես թաքցնի»։ Միանգամայն վստահելի աղբյուրներից պարզեցինք, որ 1992 թվականին վիրավոր Ս. Օհանյանին իրոք առաջին օգնություն ցույց տվողը Լենսեր Լազարյանն է եղել։ Դեռ ավելին՝ այլ շուրթերից եւս լսեցինք, որ ՀՀ Պնախարարը բժիշկների հանդեպ «յուրատիպ վերաբերմունք» ունի։ Հասկանալի պատճառներով չենք հրապարակում մեր զրուցակիցների անունները։



Այնպես որ՝ Դավիթ Կարապետյանը, Երեւանի ՊՆ շենքի պատերի ներսում նստած «բարոյական կոռեկտության» մասին մեկնաբանություններ անելու փոխարեն լավ կլինի անձամբ մեկնի Արցախ, զրուցի դեպքի իրական մասնակիցների եւ ականատեսների հետ։ Նա կարող է այնտեղ գտնել նաեւ Լ. Լազարյանին եւ պատասխանատվության ենթարկել, թե նա 1992-ի սեպտեմբերյան այդ օրը Արցախի Չլդրան գյուղի մատույցներում բարոյական ի՞նչ իրավունքով է առաջին օգնություն ցույց տվել Ս. Օհանյանին եւ ինչո՞ւ «ռացիայով» անձամբ չի կապվել Երեւանի հետ ու այնտեղից օգնություն խնդրել...



ՊՆ մամլո խոսնակի մեկնաբանությունից այն տպավորությունն ես ստանում, որ շուրջ 20 տարի առաջ կատարված իրական դեպքի մեջ այսօր կարելի է «սրբագրական շտկումներ» կատարել, իրական մարդուն «սցենարից» հանել, ասել՝ այստեղ քո ներկայությունը «բարոյապես կոռեկտ չէ»...



Անի Առաքելյան