ՀԱԿ-ի նախընտրական հանրահավա՞քը

ՀԱԿ-ի նախընտրական հանրահավա՞քը
Երեւանի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը սկսվեց Բեթհովենի իններորդ սիմֆոնիայով, այնպես էլ մարտի 1-ի բանտարկյալների մասին ռոք նոր կատարմամբ։ Հանրահավաքին մասնակցում են Հայոց համազգային շարժման ներկայացուցիչներ եւ ՀԱԿ անդամ հանդիսացող այլ ուժեր։ Լեւոն Զուրաբյանը իր ելույթում հայտարարեց, որ ՀԱԿ-ը սկսում է հանրահավաքների մի ամբողջ արշավ, որը կստիպի իշխանություններին նահանջել և ընդունել ժողովրդի հաղթանակը:



Ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է պատրաստվել սահմանադրական հեղափոխության: «Քաղաքացին պետք է դուրս գա ու պահանջի արդարության վերականգնում: Հայաստանում հաստատված իշխանությունը չի կարող ապահովել լուրջ զարգացում, այլ ընդհակառակը խոչընդոտում է: Ժողովուրդն ինքը պետք է լուծի ավազակապետական այս իշխանության խնդիրը»,- ասաց Փաշինյանը:



Նախկին զինդտախազ Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ մարտի 1-ին: Նրա խոսքով այդ օրվա դեպքերը միտումնավոր չեն բացահայտվում, քանի որ «դրա հետեւում լուրջ մարդիկ են կանգնած»:



«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն  իր ելությում մասնավորապես կանգ առավ  վերջին շրջանում իշխանության տարածած տարբեր լոզունգների ու գաղափարներին: ««Հայաստանը դու ես» կարգախոսը արդեն մառազմ է:  Մեր ու ձեր, պարոնայք իշխանություններ, պատկերացրած Հայաստանը տարբեր են»,- հայտարարեց նա: Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ էլ  Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակից  դուրս գալու միակ ելքը նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից ընդամենը մի քանի րոպե անց  Տեր-Պետրոսյանը ընդհատեց այն:



Նա հայտարարեց, որ դիմացի շարքերում մի կին վատ է զգում, եւ բժշկի կարիք կա: Մի քանի րոպե անց ընդդիմության առաջնորդը շարունակեց իր ելույթը, սակայն րոպեներ անց դարձյալ ընդհատելով, Տեր-Պետրոսյանը ժողովրդին խնդրեց տեղ բացել բժիշկների համար:



Զարմանալի է, բայց նախորդ հանրահավաքներից մեկի ժամանակ էլ Հանրապետության առաջին նախագահի ելույթի ընթացքում էլի մի կին էր վատացել: Հաջորդ հանրահավաքը կլինի սեպտեմբերի 23-ին, այս պահին երթն է մեկնարկել: