Ձերբակալվեց 1 500 դոլար կաշառք ստանալու պահին

Ձերբակալվեց 1 500 դոլար կաշառք ստանալու պահին
Սեպտեմբերի 19-ին կաշառք վերցնելու պահին հերթական դասախոսն է ձերբակալվել Պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Ժամը 09:30-ին քաղաքացի Ս. Դ.-ն գրավոր հաղորդում է տվել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն այն մասին, որ Ճարտարագիտականի Վանաձորի մասնաճյուղի  հեռակա ուսուցման բաժնի դեկան Հենրիկ Սերգեյի Հակոբյանն իրենից, որպես կաշառք, պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ նշված մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնում ընդունելու եւ հետագա օժանդակություն ցուցաբերելու համար: Ոստիկանության 6-րդ վարչության եւ Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:



Այսինքն՝ փողը մշակել են հատուկ նյութով, տվել տվյալ անձի ձեռքն ու ուղարկել կաշառք տալու: Նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իր աշխատասենյակում նշված 1500 դոլարը որպես կաշառք ստանալու պահին բռնվել եւ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել Հենրիկ Հակոբյանը: Կաշառքի առարկա հանդիսացող ԱՄՆ դոլարն առգրավված է: Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:



Ավագ քննիչ Գարիկ Շուշանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նույն օրը Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Հենրիկ Հակոբյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: