Կրկին նորածին է մահացել Վայքում

Կրկին նորածին է մահացել Վայքում
Սեպտեմբերի 4-ին Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցում երեխայի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Ուշագրավն այն է, որ երեխայի մայրը եղել է Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի հիվանդը: Հովհաննիսյանն այն բժշկուհին է, որի մեղքով, ըստ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած տեսանյութի, վերջերս մահացավ մի նորածին: Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության համար Վայքի ծննդատուն տեղափոխված Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանը հորդորում է մի քիչ էլ սպասել, մինչեւ իր բուրդը չփխի ու գա ծնունդն ընդունելու:



Արդյունքում երեխան բարդություններով եւ դժվարությամբ էր լույս աշխարհ եկել, ապա տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օր անց մահացել էր: Փաստի առթիվ քրեական  գործ է հարուցվել: Լրատվամիջոցները գրեցին, որ բժշկուհու աշխատանքը կասեցվել է, սակայն պարզվում է, նա շարունակում է աշխատել, քանի որ մեղքը դեռ ապացուցված չէ: Վերջինս ազատվել է միայն բաժնի վարիչի պաշտոնից:



Մետաքսյա Հովհաննիսյանի գործով զբաղվող քննիչ Արմինե Գեւորգյանն ասաց, որ գործից դեռ նոր բան չկա, նյութեր են նախապատրաստվում: «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Եզրակացությունը ստանալուց հետո կնշանակվի նաեւ բժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց քննիչը: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Վայքի ծննդատանն ուսումնասիրություններ կատարելու եւ ծննդատան ծառայության որակը ստուգելու նպատակով հանձնաժողով էր ստեղծվել: Երեկ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք այդ ուսումնասիրությունների ընթացքով, եւ պարզվեց, որ դրանց արդյունքները պատրաստ են, սակայն նախարարությունն այն չի հրապարակում՝ «նախաքննությանը չվնասելու համար»: ԱՆ լրատվականից, սակայն, հաղորդեցին, որ ամեն դեպքում որոշ խախտումներ են հայտնաբերվել հիվանդանոցում:



Այս երկրորդ դեպքն ուշագրավ է նրանով, որ կոնսուլտացիոն բժշկուհին եղել է նույն Մետաքսյա Հովհաննիսյանը: Վայքեցի ծննդկանը վերջին շրջանում բողոքներ է ունեցել, ասել է, որ ցավեր ունի, սակայն բժշկուհին հանգստացրել է՝ ասելով, թե ոչ մի պրոբլեմ չկա: Սակայն, երբ ծննդաբերելու ժամանակ ծննդկանին տեղափոխել են հիվանդանոց, բժշկուհին ասել է, որ ինքը գլուխ չի հանում, պետք է տեղափոխել Եղեգնաձոր՝ կեսարյան հատում անելու համար: «Մետաքսյան ասեց՝ այստեղ հնարավորություն չկա, ու պետք է կեսարյան հատում արվի: Ասեց, որ պետք է տեղափոխենք Եղեգնաձոր»,-պատմեց երեխայի մոր հարազատներից մեկը՝ Վարդան Հակոբյանը:



Եղեգնաձորի հիվանդանոցում վիրահատությունից 6 ժամ անց երեխան մահացել է: Այս պահին դեռ պարզ չէ, թե որն է երեխայի մահվան իրական պատճառը: Դիակն ուղարկվել է Երեւան՝ դիահերձելու եւ մահվան պատճառը պարզելու համար: Ծնողներին ասել են, որ պատասխանը պարզ կլինի մոտ մեկ ամսից: Փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, երեխայի ծնողները չեն բողոքել, քանի որ դեռ չգիտեն իրականում ինչ է եղել: «Մինչեւ պատասխանները չստանանք, ոչ մի հստակ բան չենք կարող ասել: Գուցե բժշկի մեղքով է եղել, գուցե հղիության ընթացքում են բարդություններ եղել… չեմ կարող ասել»,-ասաց սկեսրայրը՝ Վարդան Հակոբյանը:



Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ ասաց. «Եթե նույնիսկ բողոք էլ չլինի, դեպքի մասնագիտական վերլուծություն կանենք, եւ մահվան իրական պատճառները պարզ կլինեն: Եթե բողոք չկա, ապա դիահերձումը գնում է ծառայողական փորձաքննության տարբերակով, եւ բժշկական փաստաթղթերը ստանալուն պես մենք մասնագիտական խմբին կհրավիրենք եւ կնայենք բժշկական փաստաթղթերը»:



ՀԳ - Երեխայի մայրն առողջական խնդիրներ է ունեցել եւ մինչ այս երեխայի ծնունդը բժիշկների ցուցումով ընդհատել է նախկին հղիությունները: Չի բացառվում, որ երեխայի մահվան դեպքը կրկին կապված լինի մոր առողջական վիճակի հետ, սակայն ինչո՞ւ է դեպքը նորից կապվում նույն բժշկուհու անվան հետ: Արդյո՞ք դա պատահական է: Երեկ մենք զանգահարեցինք նաեւ բժշկուհի Մետաքսյա Հովհաննիսյանին: Նախ մեզ պատասխանեցին, որ մեկ ժամից զանգենք, ապա հեռախոսն անհասանելի դարձավ: Նկատենք, որ մի քանի օր առաջ հայտարարվել էր, թե Հովհաննիսյանն ասուլիս է տալու, սակայն վերջին պահին մամուլի ակումբից ներողություն խնդրեցին, թե ասուլիսը բժշկուհու խնդրանքով անորոշ ժամանակով հետաձգվում է: Գուցե հարցերն արդեն լուծե՞լ է:



Անի Առաքելյան