Անկախությունը տոն է միայն վերին էշելոններում

Անկախությունը տոն է միայն վերին էշելոններում
Այսօր հանրապետությունում մեծ շուքով նշվելու է մեր երկրի 20-ամյա անկախությունը: Իհարկե, տոնակատարությանը մեծ ոգեւորությամբ են պատրաստվում անկախ Հայաստանի իշխանավորները, որոնք այս տարիների ընթացքում հասցրել են  լուրջ պաշտոններ զբաղեցնել եւ ավելի լուրջ կարողություն դիզել: Հիմա էլ գոհ ու երջանիկ, միլիոններ ցրիվ տալով, շլացուցիչ ճոխությամբ նշում են անկախ Հայաստանի 20-ամյակը, ինչն իհարկե լիարժեք կլիներ, եթե նույն ցնծությամբ էլ տոնակատարությանը մասնակցեր ՀՀ շարքային քաղաքացին:



Ամեն օր սոցիալական բազում խնդիրների ու անարդարությունների բախվող հայ մարդն այս տոնակատարություններին հետեւում է անտարբերությամբ, շատերը՝ նույնիսկ զայրույթով: Հոբելյանական աշխուժությունն ու իրարանցումը նրանց տուն է թափանցում հեռուստաէկրանից, մինչդեռ շատ բարձրաստիճանների ուրախությունը առավել շոշափելի է՝ մեդալներ, պարգեւներ ու կոչումներ, հանդիսավոր ընդունելություններ:



Իսկ մեր անկախությունը որքանո՞վ ենք ծառայեցրել մեր երկրի կայունությանն ու զարգացմանը, կամ արդյո՞ք իրականացել են այն սպասելիքները, որոնք ունեինք 20 տարի առաջ: Այս հարցերի վերաբերյալ լսեցինք քաղաքական գործիչների մեկնաբանությունները: Անկախության հարցում ներդրում ունեցած «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասաց.



«Անկախությունը՝ դա գործիք է ազատությունն ապահովելու համար, եթե դուք էդ գործիքն օգտագործելով՝  ապահովում եք ցածր կարգի ազատություն, ուրեմն ձեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Կամ այդ գործիքը գործիք չէ, կամ դուք եք այն սխալ կիրառել»: Ինչպե՞ս է այդ գործիքը մեր երկրում կիրառվել՝ հարցրինք Մանուչարյանին: «Իրական անկախությունն իր մեջ պարունակում է մի շարք գործոններ՝ ֆորմալից սկսված, որ դուք ունեք մի բան, որի անունը պետություն է, եւ ձեր նմաններն էլ դա ընդունում են, այսինքն՝ դրոշ, նախագահի մեքենա, նախագահի աթոռ եւ, իհարկե, նախագահ, ինչը նույնպես նշանակում է՝ անկախ է այդ աշխարհում: Առաջին հերթին անկախությունն այն է, որ դուք ձեր մարդկային էության մեջ փնտրում եք անդադար, անկախ արտաքին միջամտություններից, եւ այդ էությունը կարող եք դուք զարգացնել: Դրանով եք դուք հետաքրքիր աշխարհին եւ դրանով եք դուք կարեւոր ու հետաքրքիր ինքներդ ձեզ համար: Եթե դուք այդ հնարավորությունը կորցնում եք ու թողնում այլ միջամտությունների մի հսկայական բեռի տակ, ուրեմն դուք սխալ ճանպարհի եք. այդ իմաստով մենք սխալվել ենք: Պետք է ձեռք բերել իրական անկախություն»:



Իսկ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լիրիկայի գիրկն ընկավ. նախ անկախությունը որպես մեծագույն արժեք գնահատեց, ապա նշեց. «Փառք ու պատիվ նրանց, ովքեր արյան գնով ձեռք բերեցին այդ անկախությունը: Անկախ ամեն տեսակ հոգսերից ու ճնշումներից՝ երկիրը մի շարք բնագավառներում հպարտանալու հնարավորություն է տալիս ժողովրդին, եւ մեր արժանապատվությունն է, որ աշխարհի երկրների շարքում ունենք մեր պետությունը եւ ցանկացած հարց կարող ենք բարձրացնել»:



Մեր դիտարկմանը, թե տոնակատարությանն անտարբեր է ՀՀ քաղաքացին՝ իր սոցիալական խնդիրների, դժվարությունների պատճառով, որոնց նկատմամբ էլ անտարբեր է պետությունը, վերջինս հակադարձեց իր աչքի տեսածով: Եռաբլուր բարձրանալիս նկատել է, թե քաղաքացիներն ինչ հիացմունքով են հետեւում քաղաքի որոշ հատվածներում տեղակայված մարտական զենքուզրահին: Ինչ վերաբերում է մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական հարցերն ու խնդիրներն ինքնուրույն լուծելու անհնարինությանը, այլ պետությունների միջամտություններին, ասաց.



«Պետք է պատրաստ լինել դրան, եւ այդ բոլոր ճնշումները հաշվի առնելով՝ յուրաքանչյուր երկիր իր շահերն է մղում առաջ եւ փորձում է բոլոր ժամանակահատվածներում իր երկրի շահերը պաշտպանել»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ այս գլոբալ զարգացումների պայմաններում, երբ շատ ու շատ ազգեր կարողանում են հասնել ավելիին, քան նախկինում, երբ նույնը ձեռք էր բերվում հարյուրավոր տարիների ընթացքում, նույնիսկ այս կտրվածքով մենք չունենք այն փառահեղ վիճակը, որից միանշանակ գոհ լինեինք.



«Բայց լավ է, որ այսօր ունենք անկախ պետականություն, որն ապացուցել է իր կենսունակությունը, եւ կարծում եմ՝ 20-ամյակը պահն է խորհելու, թե ինչում ենք ձախողվել ու ինչ չենք արել ժամանակին: Այս 20 տարիներին, ցավոք, չկարողացանք անել այն, ինչը բավարար էր Հայաստան-քաղաքացի երկկողմ կապի՝ սիրո ու նվիրվածության համար: Հայրենիքը միայն ճառերով չեն սիրում, հնարավոր չէ հայրենիքին անընդհատ տալ, տալ ու ոչինչ չստանալ»: Հարցին, թե ինչ տպավորություններ ունի քաղաքացիների հոբելյանական տրամադրություններից, արդյո՞ք մարդիկ իրենց զգում են անկախության տեր, պատասխանեց.



«Ցավալի իրողություններից մեկն այն է, որ քաղաքացին տեր չդարձավ նաեւ իր պետությանը՝ ոչ թե իր մեղքով: Էստեղ կարելի է նրան մեղադրել ամենավերջին հերթին՝ առաջին շարքում դնելով բոլոր ժամանակների իշխանություններին ու մտավորականությանը, որոնք ավելի մեծ պատասխանատվություն են կրում դրա համար»: