Շրջանցելով Նարեկ Սարգսյանին

Շրջանցելով Նարեկ Սարգսյանին
Ճարտարապետների միության եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի միջեւ մղվող հակամարտությունը, որ հասարակական հնչեղություն է ստացել, հանգուցալուծվելու է Քաղաքաշինության խորհրդի ձեւավորմամբ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռեւս չի ձեւավորվել խորհուրդը, քանի որ Ճարտարապետների միությունն առայժմ չի ներկայացրել իր 15 թեկնածուներին: Իսկ առանց այդ անկախ ճարտարապետների պարզապես անիմաստ է եւ չի կարող ձեւավորվել Երեւանի քաղաքաշինության խորհուրդ:



Ճարտարապետների միությունից հայտնել էին, որ վերջնական որոշումը կայացնելու են սեպտեմբերի 20-ին են եւ վարչության նիստի արդյունքում կներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակը: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի դրական փոփոխություններ լինեն քաղաքաշինության ոլորտում: Մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ Քաղաքաշինության խորհրդի ամեն մի անդամի գործունեությունը թափանցիկ լինի, ովքեր որ արտահայտվում են, «այո» կամ «ոչ» են ասում՝ հասկանալի լինեն, ոչ թե մի ընդհանուր կարծիքի տակ ներկայանան: Ամեն ինչ անում ենք, որպեսզի Քաղաքաշինության խորհրդի գործունեությունը թափանցիկ լինի, եւ ԶԼՄ-ները տեղյակ լինեն: Այսինքն՝ հանրությունն ինչքան տեղեկացված լինի, այնքան զերծ կմնանք սխալներից: Մենք անպայման ներկայացնելու ենք մեր թեկնածուներին, հուսալքվել պետք չէ, վստահ ենք, որ շատ բան կփոխվի»,- տեղեկացրել էր Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:



Իսկ սեպտեմբերի 20-ին՝ վարչության նիստից հետո, Ճարտարապետների միության նախագահը հաղորդեց. «Մենք չենք ուզում տալ այդ թեկնածուներին: Թող որոշեն այնպես, ինչպես որ կա Քաղաքաշինության խորհրդում, որովհետեւ 15 հոգու այնտեղ լինելը չի կարող միասնական կարծիքի բերել բոլորին: Ճիշտն այն կլինի, որ խնդիրները քննարկենք մեզ մոտ, որպեսզի մի ընդհանուր կարծիք, ճակատ կազմենք դրանց վերաբերյալ: Դա նույնպես կլինի Քաղաքաշինության խորհրդի կարծիքը: Բայց դեռ պետք է մենք հանդիպենք քաղաքապետի հետ, առանձին պայմանավորվենք եւ նոր վերջնական որոշենք: Հարցը մի քիչ խրթին է, առաջին հայացքից թվում է, թե պարզ է դրված, բայց այդպես չէ: Ինչ ընթացք էլ որ ունենա հարցի լուծումը, միեւնույն է, մենք քաղաքապետարանի հետ աշխատելու եզրեր կգտնենք»:



Ֆելիքս Եղիազարյան