Ստրոս-Կանի պատմությունը սերիալի դրվագ կդառնա

Ստրոս-Կանի պատմությունը սերիալի դրվագ կդառնա
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի նյույորքյան դատավարությունը հանրահայտ ամերիկյան «Օրենք ու կարգ. հատուկ հետաքննությունների բաժին» սերիալի դրվագի հիմք կդառնա:



Բազմասերիանոց ֆիլմի հեղինակներն ասում են, թե փոխել են սյուժեն, քանի որ իրական պատմությունը տաղտկալի կլիներ հանդիսատեսի համար: Սակայն չորեքշաբթի օրը ցուցադրված նոր սեզոնի առաջին սերիան գրեթե ամբողջությամբ կրկնում էր իրադարձությունների իրական զարգացումը:



Այսպես, նյույորքյան հյուրանոցներից մեկի սեւամորթ աղախինը մեղադրում է ոմն իտալացի դիվանագետի իր հանդեպ սեռական հետապնդում իրագործելու մեջ: Սկսվում է հետաքննություն: Հարցաքննությունների ժամանակ մեղադրյալը, ում դերը իտալացի դերասան Ֆրանկո Ներոն է խաղում, չի պատմում, թե ինչ է եղել հյուրանոցի համարում իր եւ աղախնի միջեւ, սակայն ասում է, թե ինչ է մտածում հասարակության մեջ երկու սեռերի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների մասին: Մասնավորապես, քաղաքական գործիչը խոստովանում է, որ ուժեղ սեռական հակում ունի հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ, եւ կարծում է, որ կանանց գրավում են ուժեղ ու վճռական տղամարդիկ: Սերիան վերջանում է նրանով, որ քննիչը, ում հարցերին իտալացին հերթական անգամ հրաժարվում է պատասխանել, խոստանում է նրան հարցաքննել ավելի ուշ: «Ավելի ուշ ես ազատության մեջ կլինեմ, իսկ դուք՝ գործազուրկ», - պատասխանում է Ներոյի հերոսը: