Նացիստական դրոշից կարված զգեստը վաճառվել է աճուրդում

Նացիստական դրոշից կարված զգեստը վաճառվել է աճուրդում
1945թ.-ին Ռեյխսթագի նիստերի դահլիճի պատից պոկված նացիստական դրոշից կարված էլեգանտ կանացի զգեստը բրիտանական աճուրդի ժամանակ վաճառվել է 2,1 հազար ֆունտ ստեռլինգով: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատմական իրը վաճառքի է հանել 91-ամյա Բեատրիս Ջեքմենը:



Ազգությամբ դանիացի Բեատրիսը պատերազմի տարիներին օկուպացված Դանիայում աշխատել է բրիտանական հատուկ ծառայության համար, որն ընդհատակյա դիվերսիոն աշխատանքներ էր իրականացնում Հիտլերի գրաված երկրների տարածքում: Բեատրիսն օգնել է թաքնվել դաշնակիցների վթարված ինքնաթիռի օդաչուներին, 1942թ.-ին մասնակցել է նացիստական շտաբի դեմ դիվերսիայի նախապատրաստմանը, օգնել է գաղտնի ճանապարհներով երկրից դուրս հանել Դանիայի հրեաներին: 1945թ. Բեատրիսն իր զինակից ընկերների հետ Բեռլինում էր: Նացիստական ահռելի դրոշը Բեատրիսին նվիրել է փեսացուն՝ ամերիկացի սպա Փարսոնսը, ում խոսքերով՝ դրոշը կախված է եղել ռեյխսթագի նիստերի դահլիճում, ինչն ապացուցում են պատմական լուսանկարները: Բեատրիսն իր նվերն օգտագործելու յուրահատուկ ձև է գտել՝ դրոշի կենտրոնի սեւ սվաստիկայով սպիտակ շրջանը կտրելով՝ նա վառ կարմիր գույնի կտորից իրեն զգեստ է պատվիրել, որը հագնում էր ամերիկացի փեսացուի հետ հետպատերազմյան Բեռլինի հանդիսավոր ընդունելությունների ժամանակ:  Սակայն Բեատրիսն այդպես էլ չամուսնացավ ամերիկացի սպայի հետ. վերջինս նշանակված հարսանիքից մի քանի ամիս առաջ մահացավ թոքերի բորբոքումից:



Հիմա պատերազմի վետերան կինը համեստ կենսակերպ է վարում, եւ զգեստի վաճառքից ստացված միջոցները նրա համար շատ տեղին էին: 2,1 հազար ֆունտ ստեռլինգով Բեատրիսն ուզում է մեծ էկրանով հեռուստացույց գնել, որի մասին վաղուց էր երազում. տարեց կնոջ տեսողությունն արդեն այն չէ, ինչ մի ժամանակ: