Չորրորդ հայցադիմումն ընդդեմ «Հրապարակի»

Չորրորդ հայցադիմումն ընդդեմ «Հրապարակի»
Երեկ մենք հերթական հայցադիմումն ենք ստացել, որտեղ Պարույր Հայրիկյան-կոմունիստներ դատական վեճում «Հրապարակն» էլ է ճանաչվել պատասխանող կողմ: Բանն այն է, որ մոտ երկու ամիս առաջ մեր թերթը հարթակ էր տրամադրել երկու կոմունիստների՝ Գեղամ Գալստյանին եւ Նորիկ Պետրոսյանին, ու մեկ հակակոմունիստի՝ Պարույր Հայրիկյանին: Կոմունիստներն իրենց վրդովմունքն էին հայտնել հունիսի 12-ին «Հայոց հարց» հաղորդաշարի ժամանակ Ստեփան Շահումյանի մասին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հնչեցրած գնահատականների վերաբերյալ:



Նրանց «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» վերտառությամբ հոդվածին անմիջապես հաջորդեց Պարույր Հայրիկյանի պատասխանը՝ «Հայհոյելը թուլութեան խոստովանութիւն է» հոդվածով: Կոմունիստները չընկրկեցին, եւ Հայրիկյանի պատասխանին հաջորդեց նրանց պատասխան հոդվածը՝ «Աղվեսը՝ հավերի պահապան...»:



Այս հրապարակային բանավեճը, որտեղ «Հրապարակը» հնարավորություն էր տվել կողմերին բանավիճել, արտահայտել սեփական տեսակետը, ավարտվեց Հայրիկյանի «Դատի տա՞լ, թե՞ չտալ. այս է խնդիրը» հոդվածով: Կոմունիստները սրան էլ էին պատասխան պատրաստել եւ այն էլ ինչպիսի: Սակայն մենք հրաժարվեցինք այն տպագրել՝ համարելով, որ վեճի թեման սպառված է, եւ կողմերի արտահայտվելու հավասարությունը մենք ապահովել ենք: Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դատարանից ստացված հայցից տեղեկացանք, որ ստիպված ենք կրկին ներկայանալ դատարան՝ պատասխանողի դերում:



Փաստորեն,  պարոն Հայրիկյանը գտել էր շեքսպիրյան հարցի պատասխանն ու որոշել դատի տալ իրեն «զրպարտողներին ու վիրավորողներին», այդ թվում եւ թերթին: Ըստ հայցադիմումի, «Հրապարակին» պարտավորեցնում են «հերքել Հայրիկյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող  տեղեկությունները», ինչպես նաեւ «հրապարակել սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը»: Գումարի պահանջը հայցվորը չի ներկայացրել: Հայցադիմումում մի շարք արտահայտություններ են առանձնացված, որոնք, ըստ հայցվորի ներկայացուցչի՝ փաստաբան Լեւոն Բաղդասարյանի, վիրավորում են Հայրիկյանի պատիվն ու արժանապատվությունը: Մենք հայցադիմումի մասին տեղեկացրինք հոդվածագիրներն՝ Նորիկ Պետրոսյանին եւ Գեղամ Գալստյանին: Նրանք հայտարարեցին, որ պատրաստ են դատարանում հիմնավորել հայցադիմումում առանձնացված յուրաքանչյուր արտահայտություն եւ միեւնույն ժամանակ գտնում են, որ հայցվորը շատ քիչ արտահայտություններ է առանձնացրել, քանի որ դրանք իրենց հոդվածներում ավելի շատ են:



«Այս հայցադիմումում մեր գրածների միայն մի մասն է դուրս գրված՝ տասը տոկոսը: Մեր հոդվածներից ամբողջությամբ պետք է դուրս գրվեն  համապատասխան արտահայտությունները: Հայրիկյանը պետք է դատի գա: Նա պետք է պատասխան տա իր ասածների համար»,- մեզ հետ զրույցում ասացին հեղինակները եւ հավելեցին. «Մենք պատրաստ ենք դատարանում ամբողջությամբ հիմնավորել, ապացուցել մեր գրած ամեն բառը»:



Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Պ. Հայրիկյանը միայն մեր զանգից տեղեկացավ, որ դատական գործընթաց է սկսվել, եւ շատ զարմացավ, որ «Հրապարակը» եւս ճանաչվել է պատասխանող կողմ: «Ես կարծում էի՝ այդ գործը սառել է: Ժամանակին երաշխավորագիր տվել եմ «Լեւ Գրուպի» փաստաբանին, եւ նա պետք է զբաղվեր գործով: Փաստորեն, իմ ներկայացուցիչն այնուամենայնիվ ընթացք է տվել գործին»,-ասաց Հայրիկյանը: «Բայց ձեզ հետ ես որեւէ խնդիր չունեմ: Եթե հանկարծ, Աստված ոչ անի, ձեր դեմ որեւէ բան լինի, համոզված եղեք, որ ես կգամ դատարան եւ կասեմ, որ ձեր դեմ ես ոչինչ չունեմ եւ չեմ կարող ունենալ: Դա երեւի փաստաբանական աշխատաոճ է»,-հայտարարեց ԱԻՄ նախագահը: Զանգահարեցինք նաեւ Հայրիկյանի ներկայացուցչին՝ Լեւոն Բաղդասարյանին: Հարցին, թե արդյո՞ք համաձայնեցրել է գործողություններն իր վստահորդի՝ Պարույր Հայրիկյանի հետ, նա խուսափեց պատասխանել, ապա պատճառաբանեց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս:



«Առհասարակ, ըստ օրենքի, հենց վիրավորողը պետք է պատասխան տա եւ ոչ թե լրատվամիջոցը: Մյուս կողմից՝ կա նաեւ հարցի էթիկական կողմ. եթե լրատվամիջոցը տեսնում է, որ հոդվածներում ակնհայտ վիրավորական արտահայտություններ կան, կարող է հեղինակներին առաջարկել այլ կերպ ձեւակերպել կամ որեւէ ձեւով շտկում մտցնել հոդվածի մեջ: Կոնկրետ այս դեպքում նախ պետք է պարզել՝ իրականում վիրավորանք կա՞, թե՞ չէ: Համենայնդեպս առաջին հերթին դրա համար պետք է պատասխան տա հենց հեղինակը: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ օբյեկտիվ կլիներ եւ մի կողմից, եւ մյուս կողմից այդ հոդվածագիրները պատասխանատվություն կրեին միմյանց նկատմամբ եւ օրենքի առջեւ»,- մեզ հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:



ՀԳ - Այս ամենը խոսում է այն մասին, որ «վիրավորանք» եւ «զրպարտություն» եզրույթները մեզանում հստակ ձեւակերպված չեն, եւ պարզ չէ, թե ով ինչի համար է պատասխանատու: Այսպիսի լղոզված եւ ոչ հստակ օրենքի պայմաններում լրատվական գործունեություն իրականացնող «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն կարող է, փաստորեն, պատասխանատվություն կրել նաեւ այլոց ասածների համար: Եվ դա միայն այն պատճառով,  որ ապահովում է ՀՀ Սահմանադրության պահանջը՝ հնարավորություն է տալիս, որ «յուրաքանչյուր ոք ներկայացնի իր կարծիքը, տեղեկություններ եւ գաղափարներ տարածի»: