Հերթական հաթաթան

Հերթական հաթաթան
Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է մամուլի շուրջ, դուրս է խելամտության բոլոր շրջանակներից: Մարդիկ ամոթի քողը վար են նետել ու որոշել են վերջնականապես փակել լրագրողների բերանը: Որ բոլորիս վերածեն «Հայլուրի», որն ասում է այնքան, ինչքան թույլատրված է, գրում է այն, ինչ ձեռնտու է իշխանության մեջ գտնվողներին: Թվում է՝ պետական պաշտոնյան կամ պատգամավորը պետք է զերծ մնար ԶԼՄ-ին դատի տալուց: Պետք է մտածեր, որ հասարակությունը կդատապարտի այդ արարքը, որովհետեւ այն շատ նման է պաշտոնի չարաշահման: Բայց՝ ոչ, նման խնդիր մեր պաշտոնյաները չունեն: Երեկ, օրինակ, Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն էր հաթաթա տարածել «PanArmenian. Net» կայքի հասցեին, թե՝ «ՀՀ քաղօրենսգրքի 1087 պրիմ հոդվածի համաձայն», պատրաստվում է դատի տալ: Իսկ կայքի մեղքն այն է, որ Մյասնիկյան պողոտայի վրա վնասազերծված հանցագործների թվում հիշատակվել էր Միրզոյանի որդու անունը: Թերեւս շփոթել էին ՀՔԾ պետի տեղակալի՝ Մարսել Մաթեւոսյանի որդու հետ: Այլ բարձրաստիճանների անուններ էլ էին հիշատակվում, ինչը հետագայում ոստիկանությունը հերքեց: Այսինքն՝ առնվազն լրագրողները հորինել էին այդ անունները: Հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց Մարսել Մաթեւոսյանի կամ վերաքննիչ քրեականի նախագահ Տիգրան Սահակյանի անունները: Դե, հորինել՝ հորինել էր, կարելի էր միանգամից ասել, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի որդիներն են բանդայի անդամները: Մի բան պարզ է, որ մեզանում ամեն ինչ կոծկելու մեծ ավանդույթ կա, եւ երբ մեր աչքի առաջ ակնհայտ հանցագործություններ են պարտակվում, հայտարարություններն այլեւս հավատ չեն ներշնչում: Մյուս կողմից՝ ուրիշ ինչո՞վ զբաղվի մամուլը, եթե ոչ մութ պատմությունների, կոռուպցիայի ու պրոտեկցիոնիզմի բացահայտմամբ: