Գոռ Թեւոսյան. Մեկը՝ «Հայաստանն ի՛մ հայրենիքն է» շարքի շարադրություններից

Գոռ Թեւոսյան. Մեկը՝ «Հայաստանն ի՛մ հայրենիքն է» շարքի շարադրություններից
Վաղուց բլոգումս գրառում չէի արել: Այդպես պատահում է, մեկ գործերն են շատ, մեկ՝ հավեսը քիչ: Բայց ահավոր սիրում եմ այն առիթները, որոնց շնորհիվ գրառումը կատարում եմ մե՜ծ բավականությամբ ու հաճույքով՝ անկախ ժամանակի կամ հավեսի առկայությունից: Ու էդպիսի մի առիթ էր ավագ որդուս՝ 13-ամյա Գոռի շարադրությունը «Հայաստանն ի՛մ հայրենիքն է» թեմայով: Ինչ-որ մրցույթի է մասնակցել, ինչ-որ բան է շահել, բայց իրականում դա չէ կարեւորը: Կարեւորը՝ հաստատ շահել է ծնողների հպարտությունը ու էլի մի քանի հոգու հուզմունքը կամ ժպիտը: Ժամանակ ունենաք՝ կարդացեք:)



«Երկար մտածեցի, թե ինչից, ումից, որտեղից է սկսվում իմ հայրենիքը և որտեղ ավարտվում: Քարտեզը շուռումուռ տվեցի: Բան չստացվեց: Բակից տղերքը կանչեցին. միանգամից հասկացա՝ հայրենիքս սկսվում է հենց մեր տնից, մեր բակից, մեր բակը մյուս բակին կապող փոքրիկ ասֆալտակտորից (որին «պառկած միլիցիոներ» ծիծաղելի անվանումն են տվել), հետո բոլոր բակերը՝ իմ ընկերներով, ընկերներիս ընկերներով: Ու ընդամենը քսանինը հազար քառակուսի կիլոմետր, որտեղ էլի ընդամենը երեք միլիոն ու մի քիչ սիրտ է բաբախում: Ասում եմ ընդամենը, որովհետև մի քիչ այն կողմ ահռելի Ռուսաստանն է, մի քիչ ներքև՝ Աֆրիկան... Բայց ինձ հարազատ սրտերն այսքան քառակուսի կիլոմետր տարածք ունեցող տանն են բաբախում:



Տուն, որը չի սիրում սրիկաներին ու չի հանդուրժում կեղծիքը: Տուն, որտեղ սերն է հանգրվանել ու չի հեռանում, որովհետև այստեղ տաք է, ապահով, ու ծուխն էլ չի մարելու: Մեկն իր հայրենիքը սիրում է խրամատում կանգնած, մյուսը՝ ռինգում նոկաուտ անելով, երրորդը՝ հաց թխելով կամ պարզապես գրասենյակում հրահանգներ տալով:



Նայում եմ պատուհանից: Բաց փեղկից ներս է խուժում պատուհանի տակ աճած ծառը, որն իմ հայրենիքի մի մասն է՝ հազիվ հաչող շան ու պատի տակ նստած անատամ տատիկի հետ, բակի անկյունում լուռ կանգնած սիրահար զույգի ու աշխատանքից ծանր-ծանր տոպրակներով վերադարձող Հայկուշ քույրիկի հետ:



Սա իմ հայրենիքն է, իմ Հայաստանը, ու ես հպարտ եմ, որ մեկն եմ այդ երեք միլիոնից»: :)