Իտալիայում 58-ամյա կինը երկվորյակներ է ունեցել

Իտալիայում 58-ամյա կինը երկվորյակներ է ունեցել
58-ամյա իտալուհին երեկ երկվորյակներ է ծննդաբերել Միլանի հիվանդանոցում: Երիտասարդ մայրիկն այդ իրադարձությունը «հրաշք» է անվանել, եւ շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ իրեն մայրության երջանկությունը պարգեւելու համար: Ծննդաբերությունն անցավ կեսարյան հատումով եւ առանց բարդությունների: Մայրը եւ նորածիններն իրենց լավ են զգում:



Կինը եւ նրա 65-ամյա ամուսինը փորձում էին երեխա ունենալ 33 տարի: Ի վերջո կնոջն ամուսնու սերմնահեղուկով բեղմնավորված դոնորային ձվաբջիջ են ներարկել: Այս գործողությունն արվել է արտասահմանում, քանի որ իտալական օրենքն արգելում է նման ձեւի կիրառումը: Առանց բարդությունների անցած հղիության ողջ ընթացքը կինն անցկացրել է Միլանի հիվանդանոցում: Բժիշկների կարծիքով՝ այս տարիքում երկվորյակներ ունենալը ծայրահեղ հազվադեպ երեւույթ է:



Ընդամենը մեկ շաբաթ առաջ իտալական լրատվամիջոցներում մեկ այլ տարեց զույգի մասին պատմություն հայտնվեց: Կինը 58 տարեկան էր, ամուսինը՝ 70: Դատարանի որոշմամբ՝ տարեց ծնողները զրկվեցին իրենց 18 ամսական երեխայից՝ տարիքի պատճառով: Սոցաշխատողները հաշվարկել էին, որ նրանք ի վիճակի չեն խնամել երեխային, որին սպառնում է որբանալ շատ վաղ տարիքում: Ի՞նչ է սպասվում այս միլանցի ծնողներին, հետաքրքրվում է իտալական մամուլը, որն այսօր կրկին վերհանում է ծնող լինելու իրավունքի վրա տարիքային սահմանափակում դնելու բարոյական հարցը: